- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն առաջարկել է Ուկրաինային «որոշ զիջումների գնալ ինքնիշխանության հարցում»՝ «օգնելու Պուտինին փրկել դեմքը»։ Այս մասին իտալական Rai 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի գնահատմամբ` Մակրոնի առաջարկը «կոռեկտ չէ»: Զելենսկին պնդել է, որ Ուկրաինան չի պատրաստվում «ինչ-որ մեկի համար ինչ-որ բան փրկել և դրա համար տարածքներ կորցնել»։ Թե երբ և կոնկրետ ինչ է առաջարկել Մակրոնը, Զելենսկին բառացի չի ասել։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վստահ է՝ Ռուսաստանի հետ պատերազմ չի լինի։ Ղարիբաշվիլին հիշեցրել է, որ Վրաստանը անցած տասնամյակների ընթացքում մի քանի անգամ պատերազմել է Ռուսաստանի դեմ և բախվել «կործանարար հետևանքների», «տարածքների օկուպացման, որը շարունակվում է առայսօր»։
Վրաստանի ղեկավարի խոսքով՝ եթե երկիրը չվերլուծի ամեն ինչ և շարունակի «այս անպատասխանատու հռետորաբանությունն ու անպատասխանատու գործունեությունը, ներառյալ՝ ներքին թշնամիների ավերիչ գործունեությունը», ամեն ինչ վատ կավարտվի: «Բայց, իհարկե, մեր կառավարությունը դա թույլ չի տա», - հայտարարել է Ղարիբաշվիլին:
«Մենք բնակչությանը երաշխիքներ ենք տալիս, որ երկրում երկարաժամկետ խաղաղություն կլինի, երկրորդ ճակատ, պատերազմ չի լինի։ Հակառակը՝ կլինի զարգացում, շինարարություն և խաղաղություն»,- հավաստիացրել է Իրակլի Ղարիբաշվիլին։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի աջակցում Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու նախաձեռնությանը։ Էրդողանն ակնկարկել է, որ Թուրքիան կարող է օգտագործել արևմտյան ռազմական դաշինքի անդամի իր կարգավիճակը՝ այդ երկրների անդամակցության վրա վետո դնելու համար:
Թուրք առաջնորդը Անկարայի այդ դիրքորոշումը բացատրել է Շվեդիայի և սկանդինավյան այլ երկրների կողմից քուրդ զինյալներին և մյուսներին, ում Թուրքիան համարում է ահաբեկիչներ, աջակցելու հանգամանքով:
Նա նշել է, թե չի ցանկանում կրկնել անցյալի «սխալը», երբ 1980 թվականին Անկարան համաձայնել էր Հունաստանին ընդունել ՆԱՏՕ-ի կազմում:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուս-ուկրաինական պատերազմը սկսվելուց հետո առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը և Սերգեյ Շոյգուն։
Պենտագոնի մայիսի 13-ի երեկոյան տարածած հաղորդագրությունում նշված է, որ «Օսթինը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում և ընդգծել կապեր պահպանելու կարևորությունը»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են միջազգային անվտանգության հրատապ հարցերը, ներառյալ Ուկրաինայի իրավիճակը։ Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կեսգիշերային իր ավանդական ուղերձում ասել է, որ ամեն ինչ արվում է Մարիուպոլում և Ազովստալում մնացած բոլոր մարդկանց տարհանելու համար։
Պաշարված Մարիուպոլում «Ազովստալ» հսկա գործարանի տարածքը մնացել է ուկրաինական ջոկատների վերջին հենակետը
Զելենսկին նաև ասել է, թե ոչ ոք չի կարող կանխատեսել՝ որքան կշարունակվի պատերազմը, բայց իրենք ամեն ինչ անում են՝ որքան հնարավոր է շուտ ազատագրեն իրենց տարածքները։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը այսօր հաղորդել է, որ ռուսական ուժերը Խարկովից նահանջում են դեպի հյուսիս-արևելք։ Իսկ Դոնեցկի մարզում շարունակում են հրետակոծությունները ուկրաինական ուժերի դիրքերի ամրությունները թուլացնելու, ոչնչացնելու նպատակով։
Իտալիայի Թուրին քաղաքում երեկ կայացած «Եվրատեսիլ-2022» մրցույթում հաղթեց Ուկրաինան` Kalush Orchestra-ն` իր «Stefania» երգով:
Երկրորդ տեղը զբաղեցրեց Միացյալ Թագավորությունը, երրորդն` Իսպանիան:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ քննարկել է դաշինքի պաշտպանական ներուժը, ինչպես նաև Ուկրաինային աջակցելու վերաբերյալ հարցեր։
Նրանք վերահաստատել են ուկրաինացի ժողովրդին և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու իրենց հանձնառությունը և խոսել ՆԱՏՕ-ի պաշտպանական քաղաքականության պահպանման կարևորությունը, ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են նաև հունիսի 28-30-ը Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգը: Այս փաստաթուղթն առաջնորդելու է դաշինքը հաջորդ տասնամյակի համար։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Ֆինլանդիան կիրակի օրը պաշտոնական որոշում է կայացրել՝ դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։
Որոշումն ընդունվել է նախագահի և կառավարության արտաքին և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի համատեղ նիստում։ Այն կքննարկվի խորհրդարանում երկուշաբթի օրը, իսկ քվեարկությունը սպասվում է երեքշաբթի: Դիմումը ՆԱՏՕ-ին կներկայացվի, ըստ ԶԼՄ-ների, չորեքշաբթի։
«Այսօր նախագահը և արտաքին պաշտպանական քաղաքականության կառավարական կոմիտեն որոշեցին դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Սա պատմական օր է: Բացվում է նոր դարաշրջան»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նախագահ Սաուլի Նիինիստոն:
Նրա խոսքով՝ ուկրաինական իրադարձությունները Ֆինլանդիային մղել են այս որոշմանը։ Նա ընդգծել է, որ «Ֆինլանդիայի անդամակցության մասին հայտարարությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ»։
Կիևում Հնդկաստանի դեսպանությունը, որը տարհանվել էր Լեհաստան, վաղը կվերսկսի աշխատանքը Ուկրաինայի մայրաքաղաքում։
Հնդկաստանի դիվանագիտական առաքելությունը սկզբում տեղափոխվել էր Լվով, մարտի 13-ին էլ՝ Վարշավա՝ Ուկրաինայում իրավիճակի կտրուկ վատթարացման, այդ թվում՝ երկրի արևմտյան շրջանների հրթիռակոծությունների և ռմբակոծությունների հետևանքով: