Հայաստանի ազգային հավաքականը կիրակի օրը Պորտուում Պորտուգալիայի հավաքականից կրած 1:9 հաշվով պարտությամբ ավարտեց ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական մրցաշարը:
Խաղից հետո «Ազատության» հարցին ի պատասխան հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ասաց. - «Ցավալի պարտություն էր, մենք պետք է հասկանանք, որ առայժմ պատրաստ չենք թոփ թիմերի հետ մրցակցելու։ Նոր ենք սկսել ճանապարհը, երիտասարդ թիմ ենք, այսօր երևաց դա. ֆուտբոլիստներ կան, որ այս մակարդակի խաղալու համար պատրաստվել է պետք։ Կարծում եմ՝ նման խաղերով կդառնանք ավելի ուժեղ, փորձառու մեր ապագայի համար»։
Մարզչի խոսքով՝ ավելի շատ անհատական սխալների պատճառով ձախողում էր: «Չէինք սպասում այդպիսի սխալներ, բայց դա կապում եմ հոգեբանության հետ. տղաներն այս մակարդակի պատրաստ չէին»,- ընդգծեց Մելիքյանը։
Վեց խաղում վաստակած 3 միավորով Հայաստանի ընտրանին վերջին տեղը գրավեց եվրոպական F խմբում՝ տոնելով ընդամենը մեկ հաղթանակ և պարտվելով մյուս բոլոր խաղերում:
13 միավորով խմբում առաջին տեղը գրավեց և աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց Պորտուգալիայի հավաքականը: 10 միավորով երկրորդ հորիզոնականում է Իռլանդիայի ընտրանին, որը կշարունակի պայքարը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ անցնելու համար:
Իռլանդիայի հավաքականը ընտրական մրցաշարի վերջին տուրում մրցակցի հարկի տակ համառ պայքարում 3:2 հաշվով առավելության հասավ Հունգարիայի թիմի նկատմամբ, որը 8 միավորով 3-րդ տեղը գրավեց F խմբում: