Ուկրաինան և Ֆրանսիան պաշտպանական ոլորտում համագործակցության մտադրության մասին հռչակագիր են ստորագրել, որի համաձայն Կիևը Փարիզից կգնի 100 Rafale ինքնաթիռ՝ իրենց սպառազինությամբ, նաև հակաօդային պաշտպանության համակարգեր և անօդաչուներ:
Տասը տարով կնքված փաստաթուղթը նախագահներ Վլադիմիր Զելենսկին ու Էմանյուել Մակրոնը ստորագրել են Փարիզի Վիլակուբլե ավիաբազայում՝ Rafale կործանիչի և երկու երկրների դրոշների ֆոնին: Ստորագրմանը հաջորդած ասուլիսին Զելենսկին ասել է, որ գործարքը զգալիորեն կամրապնդի Ուկրաինայի պաշտպանությունը ռուսական ագրեսիայի դեմ:
«Rafale ինքնաթիռների ծրագրի դեպքում նույնիսկ քննարկում ենք ինչ-որ պահի այդ ինքնաթիռի մասերի համատեղ արտադրության հնարավորությունը, եթե տեխնիկապես պատրաստ լինենք», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Մակրոնն էլ ասել է, որ համաձայնագրով Ֆրանսիան շարունակում է երկու երկրների պաշտպանական արդյունաբերությունների ինտեգրումը միմյանց, որպեսզի շարունակեն աջակցությունը Ուկրաինային և արդիականացնեն նրա զինուժը:
«Եվ մենք դա անում ենք երկարաժամկետ հեռանկարում՝ նաև հայտարարելով, որ ուկրաինական բանակը վերականգնելու կարողությունը կարևորագույն տարր է բոլորիս անվտանգության համար», - նշել է Ֆրանսիայի նախագահը:
Երեկ էլ Ուկրաինան Հունաստանի հետ պայմանավորվել էր ձմռան ընթացքում այս երկրից բնական գազ ներկրելու շուրջ: Մտադրությունների մասին փաստաթղթի ստորագրումից հետո Հունաստանի վարչապետի հետ ասուլիսին Զելենսկին ասել է, որ Ուկրաինան այդ նպատակով մոտ 2 միլիարդ եվրո կհատկացնի:
Նրա խոսքով՝ Հունաստանն Ուկրաինայի համար կդառնա գազի ներկրման նոր աղբյուր, որը կօգնի փոխհատուցել ուկրաինական արտադրության կորուստները, որ առաջացել են ռուսական հարվածների հետևանքով:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն, իր հերթին, ասել է, որ սա Ուկրաինային ուղիղ հասանելիություն կտա էներգակիրների դիվերսիֆիկացված և հուսալի աղբյուրների։
«Եվ անկասկած, այս ամենը կարևորագույն նշանակություն ունի ռուսական բնական գազից վերջնականապես հրաժարվելու ճանապարհին, քանի որ Եվրոպան կդադարի ռուսական գազ գնել, որն այլևս չի կարողանա մեր մայրցամաք մտնել քողարկված տեսքով», - նշել է Միցոտակիսը:
Մինչ նախագահ Զելենսկին ձմռանն ընդառաջ փորձում է էներգետիկ կայունություն ապահովել, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը հայտնել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնել են վերսկսել գերիների փոխանակման շուրջ բանակցությունները։ Ըստ Ռուստեմ Ումերովի՝ համաձայնությունը ձեռք է բերվել Ստամբուլում՝ Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ կայացած խորհրդակցությունների արդյունքում: Կիևը մտադիր է ապահովել, որ ուկրաինացի գերիները Նոր տարին և Սուրբ Ծննդյան տոները տանը նշեն, ասել է Ումերովը:
«Այս բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնել են ակտիվացնել Ստամբուլի պայմանավորվածությունները: Խոսքը վերաբերում է 1200 ուկրաինացիների ազատ արձակմանը: Տեխնիկական խորհրդակցություններ կանցկացվեն մոտ ապագայում», - հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը:
Վերջին անգամ կողմերը գերիներ փոխանակել էին հոկտեմբերի 2-ին:
Կրեմլի խոսնակը հաստատել է, որ շփումներ են ընթայում, սակայն չի մանրամասնել:
Ռազմագերիների փոխանակման վերաբերյալ շփումներ կան՝ փորձագիտական մակարդակով։ Քննարկումները շարունակվում են։ Սակայն ես հիմա ձեզ որևէ կոնկրետ մանրամասներ չեմ տա», - ասել է Դմիտրի Պեսկովը:
Իսկ ԱՄՆ-ում որոշ զարգացումներ կան Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցում: Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել սենատոր Լինդսի Գրեհեմի օրինագծին, որը պատժամիջոցներ է նախատեսում Ռուսաստանի հետ առևտուր անող երկրների նկատմամբ, որպեսզի ստիպի Մոսկվային դադարեցնել Ուկրաինայում արդեն չորրորդ տարին ընթացող արյունալի պատերազմը:
«Ինչպես գիտեք, ես եմ դա առաջարկել, որպեսզի Ռուսաստանի հետ գործարք կնքող ցանկացած երկիր շատ խիստ պատժամիջոցների ենթարկվի: Հնարավոր է, որ Իրանին ևս ավելացնենք այդ ցանկում», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը:
Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թունը հոկտեմբերին հայտարարել էր, որ պատրաստ է քվեարկության դնել Գրեհեմի օրինագիծը, սակայն «չի ցանկանում խիստ ժամկետ սահմանելու պարտավորություն ստանձնել»։ Օրինագիծը Թրամփին թույլ կտա մինչև 500 տոկոս մաքսատուրք սահմանել այն երկրներից ներմուծվող ապրանքների վրա, որոնք առևտուր են անում Ռուսաստանի հետ:
Դիվանագիտական այս զարգացումներին զուգահեռ՝ ռուսական զինուժը գիշերը հրթիռակոծել է Խարկովի մարզի Բալակլիա քաղաքը, սպանվել է երեք, վիրավորվել՝ 15 մարդ, այդ թվում՝ դեռահասներ: Վնասվել է 13 բազմաբնակարան շենք, նաև առանձնատներ: Եվս երկու զոհ կա Դնեպրոպետրովսկի շրջանի սահմանամերձ Նիկոպոլ քաղաքում:
Ռուսական անօդաչուների հարվածներից վնասվել են Օդեսայի նավահանգստի և էներգետիկ ենթակառուցվածքները: Ռուսական կողմը հայտնել է, որ ևս երեք բնակավայր է վերցրել:
Ուկրաինական զինուժն, իր հերթին, հարվածել է Ռուսաստանին, այդ թվում՝ Սամարայի մարզի Նովոկույբիշևսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին: