Մատչելիության հղումներ

«Սա քաղաքական ուղղորդում է». Սևակ Խաչատրյանը՝ նախաձեռնված քրեական վարույթի մասին


Ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ նրանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ։

Նախօրեին խուզարկություններ էին իրականացվել «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում: Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակը հայտնել էր, որ կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ։

«Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն տարածեց, որ քրեական գործ է հարուցված, 5 անձ են: Երեքը մեր ավագանու ցուցակից են, մնացածին ես չեմ ճանաչում, շփման մեջ չեմ: Ճանաչում եմ երեքին՝ Դավթյան Արմենը, Գևորգյան Տիգրանը և Գևորգյան Կարենը: Տիգրանին չեն տարել, տարել են Արմենին և Կարենին, բայց Տիգրանենց տունն էլ են խուզարկել», - մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը:

Նա հավելեց. «Ինչ-որ ընտրակաշառք առաջարկելու, ընտրության ընթացքը խախտելու ինչ-որ քրեական գործ է: Նման բան չի կարող լինել, ինչ կաշառքի մասին է ընդհանրապես խոսքը»:

Խաչատրյանը նշեց, որ ստորագրությամբ բաց են թողել դաշինքի բոլոր անդամներին, այս պահին ձերբակալված անձ չկա:

Աևակ Խաչատրյանը հայտարարեց՝ սա ուղիղ քաղաքական ուղղորդում է. «Վաղարշապատում իրենք լինելով միանձնյա իշխանության, չեն կարողանում համակերպվել, որ կան մարդիկ, կա թիմ, ով ասելիք ուներ վաղարշապատցուն ու 10 հազարից ավելի ձայն է հավաքել: Նաև վտանգ են տեսնում, որ հինգ ամիս հետո Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ այս համայնքում կան հետևյալ թիմն ունեցող, այսքան ձայն ունեցող ընդդիմադիրներ»:

ՀՅԴ և «Առաջ» աջակենտրոն կուսակցությունների կազմած «Հաղթանակ» դաշինքը մասնակցում էր Վաղարշապատի ընտրություններին: Քաղաքապետի թեկնածուն Սևակ Խաչատրյանն է:

Կուսակցությունների դաշինքը ստացել է 10 051 ձայն, առաջատարը «Քաղաքացիական պայմանագիրն» է:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG