Միացյալ Նահանգների նախագահը հորդորել է Ուկրաինայի իր պաշտոնակցին ընդունել խաղաղության ամերիկյան պլանը, որը Կիևի կողմից զգալի, այդ թվում` տարածքի ավելի քան 20 տոկոսի զիջում է ենթադրում: Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում Դոնալդ Թրամփը հիշեցրել է տարեսկզբին Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը արած իր հայտնի արտահայտությունը, թե խաղաքարտերը Ուկրաինայի ձեռքում չեն:
«Պարոն նախագահ, Զելենսկին ասել է, որ իր երկիրը երկընտրանքի առաջ է կանգնած՝ կա՛մ գործընկերոջը կորցնել, կա՛մ արժանապատվությունը», - լրագրողի այս դիտարկմանը Թրամփն արձագանքել է. - «Այսինքն նկատի ունեք, որ նա չի հավանել պլանը: Ինչ ասեմ, նա ստիպված է հավանել այն, և եթե չի հավանում, ուրեմն պիտի շարունակեն կռվել»:
«Բայց եթե ձեր առաջարկը չընդունի, ԱՄՆ-ը կհրաժարվի՞ Ուկրաինային օգնելուց», - այս հարցին էլ Միացյալ Նահանգների նախագահը պատասխանել է. - «Դե ինչ-որ մի պահի նա ինչ-որ բան կընդունի: Հիշում եք՝ Օվալաձև սենյակում ոչ շատ հեռու անցյալում ես ասացի, որ խաղաքարտերը ձեր ձեռքում չեն»:
Ըստ մի շարք լրատվամիջոցների տրամադրության տակ հայտնված 28-կետանոց ամերիկյան ծրագրի՝ Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը անցնում են Ռուսաստանին և դե ֆակտո ճանաչվում ռուսական, Խերսոնում և Զապորոժիեում շփման գիծը սառեցվում է, տարածքների մի մասը դառնում է ապառազմականացված բուֆերային գոտի՝ դե ֆակտո Ռուսաստանի վերահսկողության տակ։ Կողմերը պարտավորվում են սահմաններն ուժով չփոխել։ Ուկրաինան նաև պարտավորվում է երբևէ չմիանալ ՆԱՏՕ-ին, կրճատել զինված ուժերի թվակազմը՝ 880 հազարից հասցնելով 600 հազար: ՆԱՏՕ-ն պարտավորվում է զորք չտեղակայել Ուկրաինայում, Ռուսաստանն էլ՝ չհարձակվել Ուկրաինայի և Եվրոպայի վրա:
Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում ԱՄՆ նախագահն, այդուհանդերձ, զգույշ է արտահայտվել հնարավոր հանգուցալուծման շուրջ, շեշտել, որ Վաշինգտոնը խաղաղության հասնելու ճանապարհ է առաջարկել, բայց այն նախ պետք է հաստատի նախագահ Զելենսկին:
«Երկրորդ համաշխարհայինից ի վեր նման բան չենք տեսել: Երկու կողմից շաբաթը 6 հազարից 7 հազար զինվոր է զոհվում: Ու վերջը չի երևում: Հիմա՝ կարծում եմ, որ նրանք մոտենում են հանգուցալուծմանը, բայց կանխատեսումներ չեմ ուզում անել: Ես խաղաղության ութ գործարք եմ կնքել ու կարծում էի, որ այս մեկն էլ արագ կլինի, բայց տանգոյի համար երկու հոգի է պետք», - ընդգծել է ԱՄՆ նախագահը:
Թրամփի այս հայտարարություններից առաջ Ուկրաինայի նախագահը երեկոյան ուղերձով դիմել էր ժողովրդին՝ խոստովանելով, որ Ուկրաինայի նկատմամբ ճնշումը մեծանում է, և երկիրը կանգնած է դժվարին ընտրության առաջ:
«Այժմ մեր պատմության ամենադժվարին պահն է: Այժմ Ուկրաինայի նկատմամբ ճնշումը ամենածանրն է: Այժմ Ուկրաինան շատ դժվար ընտրության առջև է կանգնած: Կա՛մ կորցնել մեր արժանապատվությունը, կա՛մ կանգնել մեր առանցքային գործընկերոջը կորցնելու ռիսկի առաջ: Կա՛մ այս դժվարին 28 կետերը, կա՛մ չափազանց դժվար ձմեռ՝ ամենադժվարինը, գումարած հետագա ռիսկերը», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:
Այդուհանդերձ, նա խոստացել է կառուցողական լուծումներ փնտրել ամերիկացիների հետ. - «Ես կներկայացնեմ մեր փաստարկները, ես կհամոզեմ ու այլընտրանքներ առաջարկեմ, բայց մենք վստահաբար մեր թշնամուն առիթ չենք տա ասելու, որ Ուկրաինան խաղաղություն չի ուզում և խոչընդոտում է գործընթացը, կամ որ Ուկրաինան պատրաստ չէ դիվանագիտական աշխատանքի»:
Անդրադառնալով ամերիկյան խաղաղության պլանի շուրջ քննադատություններին՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ում երեք պայման է առանձնացրել՝ արյունահեղության դադարեցումը՝ պահպանելով Ուկրաինայի ինքնիշխանությունը, երկու կողմերի համար ընդունելի լինելու հանգամանքն ու պատերազմի վերսկսումը չեզոքացնելու հնարավորությունը: Վենսը քննադատներին «երևակայական աշխարհում ապրողներ» է կոչել՝ պնդելով՝ անիրատեսական է հավատալ, որ «ավելի շատ փողը, ավելի շատ զենքը կամ ավելի շատ պատժամիջոցները» հաղթանակի կհանգեցնեն:
Խաղաղության պլանն ամերիկյան վարչակազմը փոխանցել է նաև ռուսական կողմին: Երեկոյան այդ մասին Անվտանգության խորհրդի անդամների հետ հեռավար հանդիպմանը հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ըստ էության ողջունելով Վաշինգտոնի ծրագիրը:
«Կարծում եմ, որ այն կարելի է օգտագործել՝ որպես վերջնական խաղաղ կարգավորման հիմք, բայց մանրամասները դեռ մեզ հետ չեն քննարկվել: Եվ կարող եմ գուշակել, թե ինչու: Պատճառը ենթադրում եմ նույնն է. ամերիկյան վարչակազմը դեռ չի ստացել Ուկրաինայի համաձայնությունը: Ուկրաինան դեմ է սրան», - ասել է Ռուսաստանի նախագահը:
Պուտինը միաժամանակ սպառնացել է, որ եթե Կիևը չի ուզում քննարկել նախագահ Թրամփի առաջարկը, ապա «նրանք և պատերազմ հրահրող եվրոպացիները պիտի հասկանան, որ Կուպյանսկում տեղի ունեցածը կկրկնվի ռազմաճակատի մյուս կարևոր հատվածներում»: Մոսկվան պնդում է, որ գրավել է Կուպյանսկը, թեև Կիևն առայժմ չի հաստատել սա:
«Միգուցե ոչ այնքան արագ, որքան մենք կցանկանայինք, բայց Կուպյանսկի կրկնությունն անխուսափելի է: Մեզ այս իրավիճակը ձեռնտու է, քանի որ հանգեցնում է հատուկ ռազմական գործողության նպատակների իրականացմանը, բայց ինչպես ասել եմ բազմիցս, մենք նաև պատրաստ ենք խաղաղ բանակցությունների և խաղաղ լուծման: Իհարկե, դրա համար անհրաժեշտ է, որ առաջարկվող պլանը մանրակրկիտ քննարկվի: Մենք պատրաստ ենք դրան», - վստահեցրել է Վլադիմիր Պուտինը:
Իսկ ինչպե՞ս են ուկրաինացիներն արձագանքում ամերիկացիների առաջարկին: «Ազատության» ուկրաինական ծառայությունը զրուցել է Կիևի բնակիչների հետ.
«Սա խաղաղության ծրագիր չէ, այլ կապիտուլացիայի ծրագիր է։ Սա անընդունելի է»:
«Սա ամբողջությամբ անիրատեսական է։ Ընդհանուր առմամբ, այդ 28 կետերից, հավանաբար, 27-ը Ուկրաինայի նախագահին չեն վերաբերում։ Դա պետք է Ուկրաինայի ժողովուրդը որոշի, խորհրդարանը, զինված ուժերը պիտի որոշեն»։
«Սա սխալ է։ Չնայած, մեծ հաշվով, որոշ փոխզիջումներ ամեն դեպքում պետք է անել»։
«Մեր իրավունքն է, թե ինչ քանակի զինված ուժեր ունենանք, ինչի կազմում լինենք։ Ռուսաստանը չէ, որ պետք է որոշի, նույնիսկ՝ Ամերիկան։ Մենք ինքներս պետք է որոշենք»։
«Ես նույնիսկ չեմ ուզում մտածել այս մասին, քանի որ մենք չենք կարող հրաժարվել մեր հողի որևէ կտորից։ Սա ամրագրված է օրենսդրական մակարդակով։ Նրանք խախտել են բոլոր հնարավոր միջազգային նորմերը, որոնք գոյություն ունեն։ Մենք պետք է կանգնենք մինչև վերջ»։
«Իրավական առումով մենք իրավունք չունենք ճանաչելու օկուպացիան՝ ոչ մի պարագայում: Զինված ուժերը չպետք է կրճատվեն։ Նրանք մեր միակ երաշխավորն են այսօր, որն ապացուցել է իր արդյունավետությունը։ Ցանկացած թուղթ զրո է մեր ագրեսիվ հարևանի դեպքում»։
Վլադիմիր Զելենսկու գրասենյակը հայտնել է, որ Կիևը Վաշինգտոնի հետ խորհրդակցություններ է անցկացնում խաղաղության ծրագրի շուրջ, համաձայն նախագահի հրամանագրի՝ հաստատվել է ուկրաինական պատվիրակության կազմը, որը բանակցություններ կվարի ԱՄՆ-ի, այլ միջազգային գործընկերների ու Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Պատվիրակությունը կղեկավարի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը: Պատվիրակության կազմում ընդգրկված Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստամ Ումերովը Տելեգրամում հայտնել է, որ բանակցությունները կանցկացվեն Շվեյցարիայում:
Կիևի նկատմամբ սաստկացող դիվանագիտական ճնշման ֆոնին ռուսական կողմը գիշերը անօդաչուներով ու բալիստիկ հրթիռներով զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային: