Մատչելիության հղումներ

Պատարագ առանց կաթողիկոսի անվան, նրան ուղղված նամակ. Մայր Աթոռի շուրջ աղմուկը շարունակվում է


Լուսանկարը Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցված պատարագից
Լուսանկարը Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցված պատարագից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռչակած հոգևոր նորոգման գործընթացը նորանոր սրբազանների է գրավում: Կիրակի Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում պատարագի էր վարչապետը: Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը տեղում էր՝ ողջունեց վարչապետին, ավելի ուշ ողջագուրվեց Քրիստոսի հայտնության լուրով:

Պատարագի բնականոն ընթացք կարելի էր համարել, եթե չպարզվեր, որ այս անգամ էլ պարտադիր տեքստից չեզոքացվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը: Պատարագող քահանան՝ Տեր Երվանդը, ավելի ուշ բացատրեց. «Վեհափառի անունը չհիշատակելու պատվեր ինձ որևէ մեկը չի տվել, ո՛չ իշխանությունները և ո՛չ էլ իմ առաջնորդը: Ես պարզապես իմ անհամաձայնությունն եմ արտահայտել տիրող անարդարությանը, երկակի ստանդարտներին»:

Ընդդիմադիրները սոցցանցային հարթակներում գրոհի էին անցել․ Գևորգ սրբազանին «դավաճան» ու «Բրուտոս» բառերով էին նախշում, հիշեցնում, թե ինչ ջանասիրությամբ էր պաշտպանում Վեհափառին: Թիրախավորողները Մայր Աթոռից են, չի կասկածում Տեր Երվանդ քահանան, և նրա այս կարծիքը նաև տեղադրված է Մասյացոտնի թեմի պաշտոնական էջում, այսինքն՝ Գևորգ սրբազանն ինքն էլ այս կարծիքին է:

«Թիրախավորում են Մայր Աթոռ Սբ. Էջմիածնից, փորձում դավաճանի պիտակ կպցնել զուտ նրա համար, որ չեն կիսում եկեղեցի-պետություն հակամարտությանն առնչվող տեսակետները, որը սպառնալիք է Հայ Եկեղեցու և մեր պետականության համար: Եվ սա այն դեպքում, երբ եկեղեցու և որոշ եկեղեցականների հասցեին ծանրակշիռ մեղադրանքներ են հնչում, փաստեր են հրապարակվում, մինչդեռ Մայր Աթոռը լուռ է», - ասված է գրառման մեջ:

Ի՞նչ փաստերի մասին է խոսքը, արդյո՞ք Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոսի անվան հետ կապվող ինտիմ տեսանյութը նկատի ունեն Մասյացոտնի թեմում՝ հստակ չէ: Համացանցի իշխանական օգտատերերը երեկվանից կաթողիկոսին ուղղված մի նամակ են շրջանառում, որը վերագրվում է Արշակ սրբազանի հարցն ուսումնասիրող Էջմիածնական հանձնախմբին: Նամակի տակ անդամ 7 եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների անուններն են, ոմանց ստորագրությունները: Նամակով նրանք առաջարկում են, որ Վեհափառը որոշակի ժամկետով կասեցնի Արշակ արքեպիսկոպոսի զբաղեցրած բոլոր պաշտոնները, և նա ապրի Մայր Աթոռից դուրս, այլ վայրում, որտեղ կորոշի կաթողիկոսը: Արդյո՞ք սա իրական նամակ է՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը առավոտից լուռ է:

Հանձնախմբի անդամներից Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը մասամբ է հաստատում. «Մի քանի նամակներ կան, ես չգիտեմ՝ որ մեկը ինչ նամակ է և այլն, բայց հանձնախումբը ինչ-որ նամակ պատրաստել է և վեհափառ հայրապետի ուշադրությանն ուղարկել է»:

Արդյոք առաջարկել են կասեցնել Արշակ սրբազանի հոգևոր ծառայությունը՝ Հայկազուն արքեպիսկոպոսն ասաց. «Այդպիսի բան առայժմ չկա, բայց նման մտայնություն կա»:

Արքեպիսկոպոս Նաջարյանը շեշտեց՝ վերջնական որոշում ամեն դեպքում դեռ չունեն, ուսումնասիրությունը կավարտեն, կսպասեն վեհափառի արձագանքին. «Սա եկեղեցու ներքին հարցն է, եկեղեցին ինքը պետք է լուծի ինչ-որ ձևով, և եկեղեցում իշխանություն կա նշանակված, հանձնախումբ կա, որը եթե իր աշխատանքն ամբողջությամբ կատարի, և վեհափառը գոհ լինի այդ աշխատանքից, ըստ այդմ կարձագանքի այդ աշխատանքին»:

Մինչև վերջերս Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմը առաջնորդող արքեպիսկոպոսը ինչպե՞ս է վերաբերվում հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ անցկացվող բոլոր պատարագների ժամանակ քահանաներն ու թեմի արդեն երկու առաջնորդներ պատարագի տեքստը կրճատում են՝ այնտեղից հեռացնելով վեհափառի անունը, արձագանքեց. «Հայ եկեղեցու կարգի դեմ է, դա նշանակում է քայքայել Հայ եկեղեցին»:

Անհարմար վիճակ է, եկեղեցական կառույցը քայքայման են տանում, շեշտում է արքեպիսկոպոսը՝ լուծում չպատկերացնելով:

«Վեհափառը ընտրված կաթողիկոս է, նույնիսկ եթե եպիսկոպոսների մեծ մասը նման բան ասի, չեմ կարծում, որ վեհափառն ընդունի նման առաջարկ», - ասաց նա:

Իշխանությունը վերահաստատում է իր դիրքորոշումը


«Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանը վերահաստատում է իշխող թիմի տեսակետը. «Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, և այդ կարծիքին է Մայր Աթոռի մեծամասնությունը»:

«Հոգևորականների ճնշող մեծամասնությունը կիսում է օրակարգը, որն առաջ է քաշել վարչապետը, դա գերակնհայտ է, այսինքն՝ երկու թեմի առաջնորդ հիմա, մի քանի քահանա վաղը, ու այսպես ձնագնդի էֆեկտով, ակնհայտ է, որ բոլորն են խոսելու այս թեմայով», - այսօր ասաց նա:

Ալեքսանյանի պնդմամբ՝ աջակցության բազմաթիվ ազդակներ են ստանում, առայժմ՝ ոչ հրապարակային: Նա անընդունելի է համարում Փաշինյանին աջակցած հոգևորականների թիրախավորումը: Հենց սա է հակաեկեղեցական արշավը՝ ըստ Ալեքսանյանի: Երեկվանից Վայոց ձորի ու Մասյացոտնի թեմերի առաջնորդներն են իշխանականների պաշտպանության ներքո և ընդդիմադիրների թիրախում հայտնվել:

Իշխանությունը չտեսնելու է տալիս այն հոգևորականների մեղքերը, որոնք աջակցում են իրենց, «Ազատության» հետ զրույցում ասաց ներկայանալ չցանկացող նախկին հոգևորականներից մեկը: Նա հոգևոր ծառայություն է իրականացրել Գևորգ սրբազանի հետ: Վերջինս նույնպես հայտնվել է կուսակրոնության ուխտի խախտման սկանդալում: Սակայն Մայր Աթոռը այդ պատմությունը ծածկադմփոց արեց՝ ըստ «Ազատության» զրուցակցի: Նա իշխանությանն է դիմում՝ եկեղեցու մաքրության մասին եք խոսում, բայց քաղաքական շարժառիթով հերոսացնում նույն ուխտազանցներին, նրանց կմերկացնեք, երբ ձեր դեմ խոսեն: Նախկին կուսակրոն հոգևորականը, ի դեպ, խորհուրդ է տալիս Էջմիածնական միաբանների շարքերում սրբերի չփնտրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG