Արևմտյան առաջատար լրատվամիջոցները, իրենց աղբյուրներին հղումով, հաղորդում են, որ Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց և բանակի նախարար Դեն Դրիսկոլը Աբու Դաբիում ռուս պաշտոնյաների հետ քննարկում է խաղաղության ամերիկյան ծրագիրը, որը փոփոխվել է կիրակի Ժնևում Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչների հանդիպմանը:
Դրիսկոլի խոսնակն ասել է, որ ամերիկյան կողմը քննարկում է տևական խաղաղության հասնելու ուղիները, բանակցությունները լավ են ընթանում:
Ռուսաստանի արտգործնախարարը էլ հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Վաշինգտոնի հետ, սակայն, հրաժարվել է մեկնաբանել Աբու Դաբիի հանդիպումները: Մոսկվան ողջունել է խաղաղության պլանի նախնական տարբերակը և սպասում է փոփոխված տարբերակին, որը պետք է արտացոլի Ալյասկայի Անքորիջ քաղաքում նախագահներ Պուտինի և Թրամփի միջև ձեռք բերված համաձայնությունները, ասել է Սերգեյ Լավրովը:
«Մենք այն կուսումնասիրենք, ու եթե Անքորիջի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները հանված լինեն … բնականաբար, դա լիովին այլ իրավիճակ կլինի։ Բայց առայժմ, կրկնում եմ, պաշտոնապես ոչինչ չենք ստացել», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Washington Post-ն ու Bloomberg-ը հաղորդում են, որ ամերիկյան պլանի 28 կետերը Ժնևի հանդիպմանը կրճատվել են մինչև 19-ի, ընդ որում՝ դրանք ևս կարող են փոփոխվել: Ըստ Bloomberg-ի, փաստաթղթից առաջին փուլում դուրս եկած հարցերը կքննարկվեն ավելի ուշ։ Իսկ վերջին տարբերակում Ուկրաինայի վերակառուցման համար ռուսական սառեցված ակտիվների օգտագործման մասին հիշատակում չկա:
Կիևը հաստատել է, որ որոշ կետեր հանվել են, մյուսները՝ փոփոխվել, իսկ «ուկրաինական կողմի ոչ մի մեկնաբանություն անպատասխան չի մնացել»:
Ուկրաինայի նախագահը երեկոյան ուղերձում հայտնել է, որ նոր տարբերակում ներառվել են «անհրաժեշտ» կետեր: Սակայն, ըստ Վլադիմիր Զելենսկիի, դեռ զգայուն հարցեր կան, որոնք կքննարկի ԱՄՆ նախագահի հետ։
«Մեր թիմն արդեն զեկուցել է նոր նախագծի հետ կապված քայլերի մասին, և սա իսկապես ճիշտ մոտեցում է, զգայուն հարցերը, ամենանուրբ կետերը ես կքննարկեմ նախագահ Թրամփի հետ։ Ուկրաինան երբեք խոչընդոտ չի լինի խաղաղության համար», - ասել է նա։
Այսօր էլ Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ հեռախոսազրույցից հետո Զելենսկին վստահեցրել է՝ Ժնևի հանդիպումից հետո խաղաղության հասնելու «շատ հնարավորություններ» կան: «Լուրջ արդյունքներ ունենք, և առջևում՝ դեռ շատ աշխատանք»,- սոցցանցում գրել է նա։
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովն ասել է, որ Զելենսկին կարող է առաջիկա օրերին ԱՄՆ այցելել:
Նախագահների հանդիպում դեռ նախատեսված չէ. Քերոլայն Լևվիթ
Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտարարել է, որ նախագահների հանդիպում դեռ նախատեսված չէ, սակայն ամեն ինչ շատ արագ կարող է փոխվել: Ըստ Քերոլայն Լևվիթի՝ Թրամփը լավատես է, որ Ժնևի հանդիպումից հետո հնարավոր կլինի համաձայնության գալ: Ըստ նրա, հարեցրի մեծ մասի շուրջ համաձայնություն կա և մնացել է «մի քանի վիճելի հարց», որոնց վրա թիմերն աշխատում են:
«Այնպես որ, կարծում ենք՝ շատ լավ դիրքում ենք։ Իհարկե, պետք է համոզվենք, որ այս բոլոր կետերի շուրջ համաձայնություն կա։ Հետո, անշուշտ, պետք է համոզվենք, որ [...] ռուսները, նույնպես համաձայն են դրանց հետ», - նշել է Սպիտակ տան խոսնակը։
«Ծրագրի որոշ ասպեկտներ քննարկելու, բանակցելու, բարելավելու կարիք ունեն». Մակրոն
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան խաղաղություն է ուզում, բայց ոչ այնպիսին, որն Ուկրաինայի համար փաստացի կապիտուլյացիա կլինի: Ըստ Էմանյուել Մակրոնի՝ Թրամփի պլանում նշվում է, թե ինչն է ընդունելի Ռուսաստանի համար, սակայն որոշ կետեր պետք է փոխվեն, որպեսզի այն ընդունելի դառնա Ուկրաինայի և Եվրոպայի համար:
«Նախ ԱՄՆ-ի առաջարկած ծրագիրը նախաձեռնություն է, որը գնում է ճիշտ ուղղությամբ՝ խաղաղություն։ Այնուամենայնիվ, այդ ծրագրի որոշ ասպեկտներ քննարկելու, բանակցելու, բարելավելու կարիք ունեն», - ընդգծել է Մակրոնը:
«Ուկրաինայի համար խաղաղությունն անհնար է առանց Ուկրաինայի». Լեհաստանի ՊՆ
Լեհաստանի պաշտպանության նախարարն էլ հայտարարել է, որ խնդրի արդար կարգավորումը պետք է հաշվի առնի Ուկրաինայի ձգտումները՝ ունենալու ինքնիշխան, անկախ և անվտանգ պետություն։ Բանակցություններին Կիևի մասնակցությունը ևս կարևոր է, ասել է Վլադիսլավ Կոսնիակ-Կամիշը:
«Ուկրաինայի համար խաղաղությունն անհնար է առանց Ուկրաինայի, առանց ուկրաինական հասարակության և իշխանությունների ճանաչման։ Եվ խաղաղությունը ոչ մի կերպ չի կարող ավելի մեծ ռիսկեր բերել։ Դա չի կարող կապիտուլյացիա լինել», - նշել է նա։
Ըստ Reuters-ի՝ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարներն այսօր տեսակապով կքննարկեն խաղաղության նոր ծրագիրը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է, որ խաղաղության համաձայնագրի ամենակարևոր տարրերից մեկը պետք է լինեն երաշխիքները, որ Ռուսաստանն ապագայում չի հարձակվի Ուկրաինայի վրա։ Մարկ Ռուտտեն նաև ասել է, որ Ուկրաինան իրավունք ունի դիմել ՆԱՏՕ-ի անդամակցության համար, և կարող է անդամակցել, եթե հարցի շուրջ կոնսենսուս լինի դաշինքում, ինչն այս պահին, չկա և քիչ հավանական է, որ լինի մոտ ապագայում:
Ռուսական զինուժը հայտնել է՝ ևս մեկ բնակավայր է վերցրել Ուկրաինայի արևելքում
Դիվանագիտական ճակատում այս զարգացումներին զուգահեռ ռուսական զինուժը զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի վրա: Առավել ինտենսիվ հարվածել են Կիևին, որտեղ կա յոթ զոհ, 20 վիրավոր: Եվս երեքը զոհվել են Խերսոնում: Ռուսական զինուժը հայտնել է, որ ևս մեկ բնակավայր է վերցրել Ուկրաինայի արևելքում:
Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Ռուսաստանի հարավային շրջաններին, Ռոստովի մարզի Տագանրոգում սպանվել է երեք, վիրավորվել 10 մարդ: