Մատչելիության հղումներ

Հայաստանի տարբեր մարզերի անտառներում ու հանդերում լայնամասշտաբ հրդեհներ են, պատճառների մասին դեռ չեն հաղորդվում


Շուրջ 4 օր է՝ Հայաստանի տարբեր մարզերի անտառներում ու հանդերում լայնամասշտաբ հրդեհներ են: Պատճառները պաշտոնապես դեռ չեն հաղորդվում: Քննչական կոմիտեից ասում են՝ բացահայտման հետքերով կգնան, եթե հանցագործության մասին հաղորդում ստանան, իսկ այն դեռ չկա:

Փաստորեն, կրակը տեղ-տեղ շարունակում է տարածվել, բայց քրեական գործ չկա: Նոյեմբերի 21-ին հրդեհի առաջին բռնկումը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ–Թթուջուր հատվածում էր՝ միանգամից 3 օջախով: ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ հրշեջ-փրկարարներին դեռ չի հաջողվում երրորդ օջախն ամբողջությամբ մարել:

«Հրդեհի օջախներից երկուսը հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում մարվել է, իսկ մյուս օջախներում աշխատանքներն այս պահին ինտենսիվորեն շարունակվում են», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Հրդեհի առանձին օջախներ էլ Տավուշի մարզի Իջևան և Բերդ համայնքների անտառներում են: Դրանք ավելի մոտ են Բերդի կազմում գտնվող Նավուր բնակավայրին: Համայնքի ղեկավար Մհեր Նիգոյանն «Ազատությանն» ասաց՝ Բերդի համայնքապետարանի և համայնքի վարչական տարածքների շուրջ հիսուն աշխատակիցներ են միացել հրդեհաշիջման աշխատանքներին, համայնքի ղեկավարի խոսքով.- «Արդեն 3-րդն օրն է, որ մարդիկ այնտեղ գիշերում են: Ամբողջ ուժերը կենտրոնացած աշխատում են»:

Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 1830 փրկարարներ, ոստիկանության 10 ծառայող, 103 էկոպարեկ: Գործի է դրվել 17 հիմնական և 143 օժանդակ տեխնիկա։ Իսկ ՊՆ-ի ուղղաթիռը հետախուզման ու հրդեհաշիջման աշխատանք է իրականացնում, այս օրերի ընթացքում արդեն 70 թռիչք է արել: Նավուրի համայնքապետն ասում է՝ իր ոչ պրոֆեսիոնալ դիտարկամբ՝ շուրջ 10 հեկտար տարածք է այրվել: Կրակի դեմը փորձել են առնել, բայց. «Որտեղ դեմը փակել ենք, որ առաջ չշարժվի, այնտեղ հին փայտեր կան՝ փտած, դրանք վառվում են: Հիմա շատ տաք եղանակ է, ու դժվար է այդ պայմաններում հրդեհը մարելը: Բնակավայրերից մոտ 4-5 կմ ուղիղ գծով հեռու է», - ասում է Նավուրի համայնքապետը:

Հայաստանի տարբեր մարզերում հրդեհաշիջման աշխատանքները համակարգելու համար օպերատիվ շտաբ է ձևավորվել, այն ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրենը: Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն է թվարկում, թե Հայաստանում հրդեհային ինչ իրավիճակ է այս պահին. «Հրշեջ փրկարարների համակարգված ու համառ աշխատանքի շնորիվ հաջողվել է մարել մի շարք տարածքներում բռնկված հրդեհները: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու Սպիտակասարի հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Զոլաքար բնակավայրին հարակից սարում, Լոռու մարզի որոշ հատվածներում, Սյունիքի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում, տարբեր հատվածներում: Ինտենսիվ կերպով հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են նաև Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատվածում, Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայրի մոտակայքում»,- «Ազատությանը» փոխանցեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

ՆԳՆ խոսնակն ասում է՝ այս բոլոր համայնքների բնակիչներն ակտիվորեն ներգրավված են հրդեհաշիջման աշխատանքներին: Այս 4-5 օրերի ընթացքում Ներքին գործերի նախարարությունից ուղիղ տեքստով չեն ասում, թե որն է հրդեհների պատճառները, որովհետև դա Քննչական կոմիտեի աշխատանքն է, բայց հորդորում են՝ արոտավայրերն ու ցանքատարածքները մաքրելիս չոր խոտերը, բուսական չոր մնացուկներն ու տերևները չայրել, հրդեհավտանգ իրավիճակներ չառաջացնել: Հիշեցնում են՝ 50-ից մինչև մինչև 200 հազար դրամ վարչական տուգանք է սահմանված:

XS
SM
MD
LG