Արման Պետրոսյանը ոչ «Սրբազան պայքար» շարժման անդամ է, ոչ էլ ակտիվ աջակից, բայց պայքարում է, որ Լիդյա Մանթաշյանը բանտից ազատվի։ Երեկվանից Գլխավոր դատախազության դիմաց նստացույց է սկսել մի խումբ մարդկանց հետ, որ հանրային ճնշումը մեծանա ու Լիդյային կալանքից ազատեն։
«Լիդյան էլ չի արել այնպիսի բան, որ ահաբեկչության նախապատրաստման հոդվածով... այդ շինծու մեղադրանքը չպիտի լինի իր վրա», - ասաց Արման Պետրոսյանը։
Լիդյա Մանթաշյանը միակ կինն է, որ բանտարկված է Բագրատ Սրբազանի գործով։ Նրան էլ են մեղադրում ահաբեկչության փորձի ու իշխանությունը զավթելու նախապատրաստության համար։ Լիդյան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի օգնականն էր։ Հինգ ամիս է՝ բանտում է։ Դատարանը օրեր առաջ երեք ամսով նորից երկարացրեց կալանքը։
Լուսինե Գրիգորյանը ծիծաղով է արձագանքում ընկերուհու մեղադրանքին. «Չէ, Լիդյան ունակ չէ ուղղակի վատ քայլ կատարելու։ Պետք է խելառ լինես, որ այդպիսի բան մտածես, Լիդյայի դեմքին միայն նայելով, արդեն հասկանում ես, որ նա լավ արարքից բացի ուրիշ բան չի կարող անել»։
Նա համոզված է Աբովյան քրեակատարողական հիմնարկում պահելու մղումը նաև իրենց է հասցեագրված, որ իշխանության դեմ պայքարից ձեռքերը լվանան ու տուն գնան. «Այս կառավարության նպատակը այդ է, որպեսզի վախեցնեն բոլորին, բայց չի ստացվելու իրենց մոտ, որովհետև ոչ մեկ սրանցից չի վախենում և չի վախենալու»։
Իշխանությունից այսպիսի պնդումները հերքում են, վստահեցնում, թե իրավապահների ու դատական իշխանության գործերին չեն միջամտում։
«Լիդյային ուղղակի նայելով կտեսնեք, որ նա ահաբեկչություն այսպես ծրագրելու կամ ահաբեկչություն գործելու ունակ չէ պարզապես», - նշեց Լուսինե Գրիգորյանը։
Հինգերորդ ամիսն է Լիդյային հանդիպել չի կարողանում, քանի որ տեսակցությունն էլ է սահմանափակված։ Այսինքն ավելի խիստ են Լիդիայի նկատմամբ, քան շարժման առաջնորդի։ Բագրատ Սրբազանի տեսակցությունների արգելքը վերացրել են։
Փաստաբանը պահանջել է, որ արգելքը հանեն, բայց պնդում է՝ ինքնուրույն չեն կողմնորոշվել՝ Լիդյա Մանթաշյանի արգելքը վերացնեն, թե՝ ոչ. «Կարծես թե ամենաառանցքային կերպարը Բագրատ սրբազանն էր։ Եթե իր տեսակցությունները բաց են, կարո՞ղ է այս կնոջ տեսակցություններն էլ բաց լինեն ու մարդիկ պատրաստ չլինելով այդ դրան ուղղակի ունենալով հրահանգ պահելու կալանքը, ասում են՝ նույն սահմանափակումը։ Դա արդեն իսկ վկայում է, որ իրենք անկախ չեն գործում»։
Այս գործով կալանավորվածներից 11 հոգու խափանման միջոցը փոխել են՝ կա՛մ ազատության մեջ են, կա՛մ տնային կալանքի տակ, իսկ Լիդյայի դեպքում դատարանը շարունակում է ծայրահեղ միջոցը. «Չի կարող մի գործով մեծամասնությունը մեղադրյալների լինեն այլընտրանքային խափանման միջոցի ներքո, Լիդյան լինի ամենածանր խափանման միջոցի ներքո։ Այդ իրողության հիմնավորմամբ կքննարկենք, գուցե և ներկայացնենք միջնորդություն»։
Տաթևիկ Սողոյանը դատարանից մեծ ակնկալիք չունի, բայց կբողոքարկի որոշումը։ Հնարավոր է առաջիկա նիստում էլ միջնորդություն, որ Լիդյային ազատ արձակեն։
«Ազդակ է, որ հանկարծ երաշխավորված չլինեք, չզգաք ձեզ, չգիտեմ, ձեր սեռային պատկանելությամբ կամ աշխատանքով մենք կարող ենք գնալ և՛ լրագրողների հետևից, և՛ մամուլի պատասխանատուների, և՛ կանանց, այսինքն այսպիսի կարմիր գծեր կամ սահմանափակող հանգամանքներ մեր համար այլևս նշանակություն չունեն», - ասաց փաստաբանը։
Վարչապետի դեմ շարժման ակտիվիստ, ընդդիմադիր Լիդյա Մանթաշյանի խիստ պատժին արձագանքել են նաև քաղհասարակությունից։ Կնոջը թիրախավորված ու հետևողական հալածելը անընդունելի է համարում իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։ Ժաննա Ալեքսանյանին այս դեպքը հիշեցրել է խորհրդային դատախազությունում ընդունված կարգերը։
Արձագանքել է նաև մարդու իրավունքների պաշտպանը. Անահիտ Մանասյանը քրեակատարողական հիմնարկ այցելելու ժամանակ Լիդյա Մանթաշյանին էլ է տեսակցել, հետո էլ ընդհանուր բնույթի մի հայտարարություն տարածել, թե Հայաստանում կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է մտահոգիչ մնալ։
Անահիտ Մանասյանը նշել է, թե կալանքի չարաշահումը կարող է լրջորեն վնասել քրեական արդարադատության նկատմամբ վստահությանը։
«Այս ապօրինի որոշումը դատարանի կողմից, խտրական ու անարդարացի որոշումը միանշանակ բողոքարկվելու է բոլոր ատյաններով», - ընդգծեց փաստաբանը։
Արդյոք հանրային այս արձագանքը դատարանը հաշվի կառնի՞ ու կազատի՞ 39-ամյա ընդդիմադիր կնոջը, երկու օրից հայտնի կդառնա։ Բագրատ Սրբազանի գործով դատական նիստը նոյեմբերի 27-ին է։