Մատչելիության հղումներ

Ի՞նչ կրքեր են եռում Վեհարանի փակ դարպասների ներսում


Աբրահամ Սրբազանը եպիսկոպոսական ժողովի էր շտապում, մոտեցավ «Յագուար» մակնիշի մեքենային՝ սքեմը վերցնելու։ Վայոց ձորի թեմի առաջնորդը բոլոր հարցերին նույն պատասխանն ունի. «Բոլոր ձեր հարցերի պատասխանները կստանաք ժողովից հետո։ Կլինի պաշտոնական հաղորդագրություն»։

Խնդիրը, սակայն, այն է, որ Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու շարժառիթներից մեկն էլ հենց Աբրահամ Սրբազանն է, Վայոց ձորի թեմի առաջնորդը։ Խաչիկ գյուղում Փաշինյանի մասնակցությամբ պատարագի ժամանակ պատարագող քահանան՝ Տեր Հովհաննեսը, Վեհափառի անունը չհնչեցրեց, և այդ ամենը տեղի ունեցավ հենց Աբրահամ Սրբազանի ներկայությամբ։ Նույնը կրկնվեց մեկ շաբաթ անց Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանի ներկայությամբ։ Ենթադրվում է, որ այս ժողովում հենց եկեղեցական կանոնների խախտման այս դեպքերն են քննվելու, բայց Աբրահամ Սրբազանն այդպես էլ չասաց՝ ի՞նքն է հանձնարարել չտալ Վեհափառի անունը, թե՞ անակնկալի եկավ քահանայի արածից։

«Այդ ընթացքը շատ շուտով կներկայացվի նաև ժողովին։ Ժողովը որոշում կկայացնի, որից հետո դուք վստահաբար տեղյակ կլինեք, թե ինչ ընթացք է և ինչ լուծում եղավ, դա ժողովի խնդիրն է։ Ես չեմ կարող ձեզ ասել բան, որ չգիտեմ ժողովի անդրադարձը», - ասաց նա։

Խաչիկի Սուրբ Աստվածածին եկեղեցում «և ևս առավել» խոսքերից հետո պիտի հնչեր կաթողիկոսի անունը։ Այստեղ, սակայն, կարճ լռություն է, կողքից մի սաստող ձայն։ Արդյոք հենց Աբրահամ Սրբազանն էր։ «Ես չէի», - ասաց նա: «Այն եզակի պատարագներից էր, որ ես ընդամենը ամբողջ պատարագին աղոթում էի մեր երկրի և մեր ժողովրդի համար»։

Թեմի առաջնորդն այդպես էլ հստակ չձևակերպեց Վեհափառի անունը պատարագի պարտադիր տեքստից հանելը բոլոր այն դեպքերում, երբ Փաշինյանը ներկա է պատարագին, խնդի՞ր է, թե՞ ոչ։ Մայր Աթոռը մի քանի հայտարարություններով դատապարտել է այդ երևույթը, շեշտել, որ հակականոնական է նման քայլի դիմողները դուրս են եկեղեցուց։ Ինչպե՞ս կվերաբերվի Վայոց ձորի թեմի առաջնորդը, եթե իրեն կարգալույծ անելու որոշում կայացվի։ Օրինակ՝ Տեր Արամի կարգալուծության հիմքերում նաև Վեհափառի անունը շրջանցելն էր։

«Որևէ ժողովական որոշում, երբ որ ներկա է եպիսկոպոսների մեծամասնությունը, որոշում է կայացնում, ընդունելի է բոլորի համար», - հայտարարեց նա։

Իսկ կարգալույծ հռչակված քահանան կարո՞ղ է պատարագ անել։ Այս հարցին Մայր Աթոռը հստակ է արձագանքել՝ ոչ, սրբապղծություն է, իսկ Մայր Աթոռի միաբանը ընդհանուր մի բան է ասում. «Որևէ եպիսկոպոս, որևէ թեմի առաջնորդ ենթակա է Մայր Աթոռին։ Մայր Աթոռի բաժիններն են, Մայր Աթոռի ծառայողներն ենք մենք։ Եթե Մայր Աթոռը որևէ հայտարարություն է անում, ապա հայտարարություն է անում և ընդունելի է բոլորի համար, այնքան ժամանակ, քանի դեռ տվյալ հոգևորականը գտնվում է այդ իշխանության ներքո»:

Աբրահամ Եպիսկոպոսը հմուտ էր բոլոր հարցերը շրջանցելու գործում։ Նա եկեղեցու ներսում բոլորովին բաժանում չի տեսնում, թեպետ ինքը՝ Գևորգ Սրբազանը և մի քանի քահանաներ Վեհափառի անունը շրջանցելով արդեն իսկ ընդվզում են ցուցադրում, իշխող թիմից էլ պնդում են՝ այդ հոգևորականները, աջակցում են Վեհարանի ազատագրման Փաշինյանի օրակարգին։

Աբրահամ Եպիսկոպոսը այս մասին ոչինչ չի ասի. «Ես ենթադրում եմ, որ երկու կողմերի համար էլ կան ճանապարհներ և կարող են այդ ճանապարհները գտնվել։ Դրա համար, եթե ես լուծում առաջարկեմ, կլինի սխալ։ Դրա համար ժողովներ են լինում»։

Աբրահամ Եպիսկոպոս Մկրտչյանը ունևոր հոգևորականի համբավ ունի, աղքատության ուխտը խախտե՞լ է։ Սրբազանը ժպիտով արձագանքեց՝ Հիդրոէլեկտրակայան, այո, բայց այն իրենը չէ, ծրագրով է։ Բուհը իրենը չէ, հիմնադրամ է, շքեղ «Ջիպ», այո՛, ցանկացել է գնել, բայց կանգ է առել հինգ տարվա հնության «Ջիպի» վրա։

Մայր Աթոռի ներսում միաբանական շարքերը որքան ճաք են տալիս, այդքան քչախոս է դառնում հոգևոր վերնախավը։ Այսօր էջմիածնականները եպիսկոպոսական ժողովի վեհարան ելումուտ էին անում ոչ գլխավոր մուտքով՝ հարցերից խուսափելու համար։ Ենթադրվում է, որ ժողովականների քննարկման թեմա է նաև Մայր Աթոռի դիվանապետի՝ Արշակ Սրբազանի հարցը։ Նրա անվան հետ կապվող ինտիմ տեսանյութի հարցն ուսումնասիրող հանձնախումբ էր ձևավորվել, մամուլում մի աշխատանքային գրություն էր տարածվել, որում հանձնաժողովականների մեծամասնությունը կաթողիկոսին առաջարկում էր կասեցնել Արշակ Սրբազանի եկեղեցական ծառայությունը ու նրան Մայր Աթոռից դուրս՝ այլ վայրում ապրելու տեղ տալ, մինչև քրեական գործը հանգուցալուծվի։

Ի՞նչ որոշումներ կլինեն Եպիսկոպոսաց ժողովում, առայժմ որևէ տեղեկատվություն չկա։ Ժողովի ավարտին հոգևորականները նույնպես սակավախոս էին, ի՞նչ կրքեր են եռում Վեհարանի փակ դարպասների ներսում, պարզաբանումներ չկան, սակայն Փաշինյանի մասնակցությամբ պատարագները, ըստ նախասիրությունների կրճատվող աղոթքները միաբանների շարքերում անհամաձայնությունների ու պառակտումների մասին են խոսում։




XS
SM
MD
LG