Մատչելիության հղումներ

Խորհրդարանում մեկնարկել են քաղբանտարկյալների հարցով լսումներ


Խորհրդարանում մեկնարկել են քաղբանտարկյալների հարցով լսումներ, այն նախաձեռնել են ընդդիմադիր երկու խմբակցութունները:

Ընդդիմադիր պատգամավոր Էլինար Վարդանյանը ներկայացրեց շրջանառության մեջ դրված հայտարարության նախագիծը, որում նշված է՝ «Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում և դրա դրսևորումն է նաև աննախադեպ թվով քաղբանտարկյալների առկայությունը»:

«Լսումների համար հիմք են հանդիսացել Հայաստանում արձանագրվող ժողովրդավարության հետընթացը, որի բաղկացուցիչ մասն են կազմում խոսքի, խղճի, հավաքների, ազատությունների կոպիտ ոտնահարումները, ԶԼՄ-ների հանդեպ ճնշումները, շինծու քրեական գործերը, քաղաքական այլ հայացքներ ունեցող գործիչների և քաղաքացիների նկատմամբ ընտրովի դատավարությունը, որը, մենք տեսնում ենք անարդար դատավճիռներով, աննախադեպ թվով բանտարկյալների առկայությամբ: Իշխանությունը վերածվել է քաղաքական հալածանքների և հաշվեհարդարի գործիքի»,- հայտարարեց լսումները վարող «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Պատգամավորը նաև տեղեկացրեց՝ հրավիրել են գլխավոր դատախազին, միջազգային կառույցների ներկայացուցիչներին, ասաց՝ ներկա է միայն Հայաստանում ԱՄՆ դեսպանության քաղաքական ներկայացուցիչը:

Նախօրեին դատախազությունից «Ազատությանը» փոխանցել էին, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով լսումներին:

«Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը դիմեց ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ համագործակցության առաջարկով: Պատգամավորը մանրամասնեց, թե որ հարցերի շուրջ իր պատկերացմամբ պետք է համագործակցեն ընդդիմադիրները: Նախ ասաց՝ բոլոր օրինական միջոցներով պետք է ձևավորեն հակազդեցություն ճնշումների նկատմամբ, պաշտպանեն եկեղեցին և քաղբանտարկյալներին, ընդդիմադիր դաշտում բացառեն իրար դեմ հակաքարոզչությունը, համախմբվեն և վերահսկեն նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացը՝ զերծ պահելով իշխանությանը չարաշահումներից:

«Ես հայտարարում եմ, որ մենք հաջորդ շաբաթվանից Հայաստանի բոլոր ընդդիմադիր դերակատարների հետ սկսելու ենք այդ խորհրդակցություններն առնվազն այս օրակարգի շուրջ համախմբում ունենալու համար»,- տեղեկացրեց դաշնակցական պատգամավորը:

Նախագծում հղում է արվում ԵԽԽՎ 2012 թվականի բանաձևին: Ընդդիմադիրների կարծիքով՝ այս բանաձևով սահմանված չափանիշներով Հայաստանում մոտ վեց տասնյակ քաղբանտարկյալ կա:

Իշխանությունները համաձայն չեն այս գնահատականի հետ: ԱԺ հանձնաժողովի նիստին նրանք, հիմնականում միջազգային կառույցներին հղում անելով, պնդել են, որ չկա այնպիսի մի կառույցից տրված անաչառ գնահատական, որում արձանագրված է՝ Հայաստանում կան քաղբանտարկյալներ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG