Մատչելիության հղումներ

Դիլիջանը՝ ծխով պատված. քաղաքի հարակից հատվածներում հրդեհաշիջման աշխատանքներ են ընթանում


Դիլիջանի աջ ու ձախ բլուրներն այսօր ամբողջովին ծխապատ են: Այն հատվածները, որտեղ երեկ ծուխ կամ կրակ չէր երևում, այսօր ծխով են պատված: Այս պահին քաղաքի հարակից հատվածներում հրդեհի մարման ակտիվ աշխատանքներ են ընթանում:

Ներքին գործերի նախարարությունից հայտարարում են, որ Տավուշում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են մոտ 700 փրկարարական ծառայող, ավելի քան 200 էկոպարեկ ու բնակիչներ:

Պաշտպանության նախարարությանը պատկանող «Լեռնային Հայաստան» առողջարանի տարածքում տեղակայված է հրդեհաշիջման աշխատանքները համակարգող շտաբ: Այն ղեկավարում է փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը: Տեղում հրշեջ ծառայության մեքենաներ կան, երկնքում ժամանակ առ ժամանակ ուղղաթիռ է պտտվում՝ ջուր ցողելով անմատչելի տարածքների վրա:

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն «Ազատությանը» հայտնեց, որ իրավիճակը վերահսկելի են գնահատում: Նրա պնդմամբ՝ հիմնականում խոտածածկ տարածքներն են այրվում ու որ հնարավոր է եղել կանխել կրակի տարածումը դեպի խիտ անտառածածկ տարածքներ. «Անտառային հատվածներում կա հրդեհ, բայց հիմնականում այրվում է խոտածածկ հատված, կան ջերմահարված ծառեր»:

Երեկ լուրեր էին տարածվել, որ կրակը Պաշտպանության նախարարությանը պատկանող «Լեռնային Հայաստան» առողջարանին է հասել: Այն նախատեսված է զինծառայողների համար, «Ազատության» նկարահանող թիմին թույլ չտվեցին մոտենալ տարածքին:

Առողջարանի տնօրենը հրաժարվեց հարցազրույցից, բայց ասաց, որ իրենց այցելուները շարունակում են հանգիստը, պնդեց՝ հրդեհը հեռու է իրենցից առնվազն 2-3 կմ:

Պատասխանատուները պնդում են, որ ժամանակին են արձագանքել հրդեհի դեպքերին, ու տեխնիկան լիովին բավարար է. «Ահազանգը ստանալուն պես անմիջապես Փրկարար ծառայության ստորաբաժանումները րոպեների ընթացքում հասել են դեպքի վայր: Տեխնիկական միջոցները բավարար են, Պաշտպանության նախարարության ուղղաթիռը շարունակում է թռիչքները, մեր տեխնիկան ևս այստեղ է, որևէ խնդիր այս պահին չունենք»:

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ Դիլիջանի «Կազաչի» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում դեռ հինգ օր առաջ բռնկված հրդեհը գրեթե մարված են համարում:

«Ազատության» հարցին՝ հրդեհը խոտածած տարածքներն այրելո՞ւ հետևանք է, կա՞ վերջնական եզրակացություն, ՆԳՆ մամուլի խոսնակը պատասխանեց. «Պատճառների հետ կապված կարող եմ ասել, որ ոստիկանությունը զուգահեռ իրականացնում է որոշակի միջոցառումներ, կցանկանայի նշել նաև չոր կլիման, բանականաբար, դա որոշակի օգնող հանգամանք է լինում կրակի տարածման համար»:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG