Կրեմլը փաստացի չի հերքել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի ու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև գաղտնի զրույցի մասին մամուլում հրապարակած տեղեկատվությունը, պնդելով, թե արտահոսքը հավանաբար եղել է զրույցին չմասնակցած անձանց կողմից։ «Դրա հրապարակումը զրուցակիցներից որևէ մեկին պետք չէր», - ասել է Ուշակովը։
Նախօրեին ամերիկյան Bloomberg-ը հրապարակել էր ռուս և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների միջև ենթադրաբար անցած ամիս տեղի ունեցած հեռախոսազրույցի սղագրությունը, որտեղ Սպիտակ տան բանագնացը Կրեմլի ներկայացուցչին խորհուրդ է տվել գովաբանել նախագահ Թրամփի խաղաղասիրական ջանքերը, ինչպես նաև նախագահներ Թրամփի ու Պուտինի միջև հեռախոսազրույց կազմակերպել՝ նախքան Ուկրաինայի նախագահ Զելենսկու այցը Վաշինգտոն։ Գործակալությունը չի մանրամասնել՝ ինչպես է հեռախոսազրույցը հայտնվել իր տրամադրության տակ։
Ռուսաստանի նախագահի օգնականը պնդել է, թե տեղեկությունն արտահոսել է «հավանաբար բանակցությունները խոչընդոտելու համար»։