Մատչելիության հղումներ

«Եթե ուզում եք Փաշինյանը պարտվի, չպետք է մասնակցեք 2026-ի ընտրություններին». Թաթոյանի հորդորը նախկին նախագահներին


«Մի մասը մեզ ծիրանով տանում է դեպի Բելառուս, մի մասը, Նիկոլ Փաշինյանը մեզ ուզում է դարձնել Ադրբեջանի վիլայեթ». - Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, որ 2026-ի հունիսի խորհրդարանական ընտրություններում հավականում է վարչապետի պաշտոնին, կոչ է անում նախկին նախագահներին չմասնակցել հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին, եթե նրանք իսկապես ցանկանում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չվերարտադրվի:

«Պաշտոնաթող նախագահներ, եթե դուք իսկապես ուզում եք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը պարտվի, ապա դուք չպետք է մասնակցեք 2026 թվականի ընտրությունների ընտրապայքարին: Երբ ընտրությունը կամ մրցավազքը Փաշինյանի և նախագահների միջև է, ապա Փաշինյանը միշտ հաղթելու է դա», - հայտարարեց նախկին օմբուդսմենը:

Արման Թաթոյանն ընդունում է, որ պաշտոնաթող երեք նախագահների ժամանակ էլ եղել են լավ քայլեր, ձեռքբերումներ, բայց նրա խոսքով՝ 2018-ի հեղափոխությունը տեղի ունեցավ նաև այն պատճառով, որ բոլոր երեք նախագահների պաշտոնավարման ընթացքում կուտակվել էին խնդիրներ ու սխալներ: Եվ հիմա Փաշինյանը նրանց այդ սխալները շահարկելով փորձում է վերարտադրվել:

«Քանի որ մեր ժողովուրդը հստակ այս հարցին պատասխանը տվել է, որ նախկին նախագահները չեն կարող գալ իշխանության, և դա իմանալով մասնակցում են ընտրության, սա նշանակում է, որ դառնում են ուղղակի իշխանության ձեռքում գործիք: Ինձ համար, և դա նաև ժողովրդավարական հասարակության կանոն է, որ նրանք դառնում են պարզապես ռեժիմի մաս այս պարագայում, որովհետև օգնում են Նիկոլ Փաշինյանին՝ վերածվելու բռնապետի, որովհետև նա հիմնվում է, սնուցվում է միայն այս սխալներից», - ընդգծեց Թաթոյանը:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն հայտարարել է՝ մասնակցելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններին, թե ինչ ֆորմատով, հայտնի կդառնա հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին: Քոչարյանը նաև անընդունելի էր համարել ընտրություններին չմասնակցելու՝ իրեն ուղղված կոչերը:

«Ո՞վ է ո՞ւմ ձեռից բռնել, ո՞վ է ո՞ւմ խանգարում մասնակցել այս ընտրություններին», - ասել է երկրորդ նախագահը:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն առհասարակ ընտրություններին մասնակցելու մասին առ այս պահը չի հայտարարել, պնդելով, որ պետք է Փաշինյանի իշխանությանը հեռացնել ավելի շուտ՝ իմփիչմենթի միջոցով: Բայց Սարգսյանն, ի տարբերություն Քոչարյանի, հայտարարել է՝ իրեն իշխանություն պետք չէ:

«Մեզ ոչ թե իշխանություն է պետք, այլ մենք հետապնդում ենք իշխանափոխության գաղափար, էդքան մի բան», - նշել է երրորդ նախագահը:

«Մենք ուզո՞ւմ ենք, որ 2021 թվականը կրկնվի, մենք ուզո՞ւմ ենք, որ նույն Վաղարշապատը կրկնվի, մենք ուզո՞ւմ ենք, որ Նիկոլը Փաշինյանը ի վերջո նորից էլի վերարտադրվի և 2026 թվականին ինքը լինի վարչապետ: Չենք ուզում: Իսկ դրան մեր ժողովուրդն է տվել դրա պատասխանը, մեր ժողովուրդը հստակ ասել է՝ «պաշտոնաթող նախագահներ, որևէ մեկդ չեք կարող երբեք գալ իշխանության»: Հստակ ասվել է, և սա շատ հստակ է, ու Փաշինյանը դա շատ լավ հասկանում է, դրա համար Փաշինյանը նրանցից է դարձնում իրեն հակառակորդ», - ընդգծեց Թաթոյանը:

Նրա համոզմամբ՝ նաև սա է պատճառ, որ Փաշինյանը պարբերաբար նախկին նախագահներին է հրավիրում բանավեճի: Ի պատասխան՝ Թաթոյանն այսօր առաջարկեց վարչապետին բանավիճել հենց իր հետ. - «Պարոն Փաշինյան, ես եմ հիմա Ձեզ հրավիրում բանավեճի՝ ցանկացած տեղ, ընտրեք Ձեր ուզած տեղը, Ձեր ուզած հարցերը, Պետրոս Ղազարյանին էլ կարող եք կանչել, որպեսզի Ձեզ մենակ չզգաք, հունվարի 15-ին ես հրավիրում եմ բանավեճի»:

Ցույց տալու համար, թե նախկինները որքան խոցելի են, և թե ինչպես է դրանից օգտվում Փաշինյանը, Արման Թաթոյանը պատմեց, որ երբ իր հիմնադրամի համար տարածք էր փնտրում, պարզվում էր, որ թանկարժեք տարբեր շենքեր պատկանում նախկին նախարարների, նախկին պատգամավորների և պաշտոնյաների:

«Շատ ներողություն, իմ մոտ հարց է առաջանում՝ էս մի փոքր երկրից էսքան տարի դուք էս ի՞նչ եք էսքան եք տարել, որ ամեն մի ձեր նախարար ու պատգամավոր մեկ միլիոն դոլար ու ավել շենքերը գրկած նստել եք ու հետո էլ ուզում եք հիմա ապահովել, Փաշինյանը որ չօգտվի այդ ձեր սխալ, այդ հարցերի՞ց», - ընդգծեց նախկին օմբուդսմենը:

Իշխանությունից իր հասցեին հնչող քննադատություններին, թե ինքն էլ է նախկին, քանի որ Սերժ Սարգսյանի օրոք տարբեր պաշտոններ է զբաղեցրել, եղել է արդարադատության փոխանախարար, օմբուդսմեն, Թաթոյանը հակադարձեց, թե երբեք չի ենթարկվել որևէ ղեկավարի հրամանի, իսկ որպես օմբուդսմեն իրեն խորհրդարանում ընտրել է նաև այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը. - «Ես երբեք չեմ աշխատել հանրապետության ղեկավարներից որևէ մեկի հրամանով, ես երբեք չեմ եղել հանրապետության որևէ ղեկավարներից որևէ մեկի կուսակցության ներքո, սա ինձ մշտապես պահել է անկախ, ես երբեք ֆինանսական կախվածություն չեմ ունեցել, հիմա էլ չունեմ հանրապետության որևէ ղեկավարից»:

Արման Թաթոյանի այս հավաստիացումներից ժամեր անց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագրի» փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը կրկին Թաթոյանին անվանեց Սերժ Սարգսյանի թիմակից՝ գրելով. - «Սերժ Սարգսյանը վարչապետի հետ բանավեճից մեղմ ասած խուսափում է։ Բայց նրա փոխարեն նրա արդեն երկրորդ թիմակիցն է ցանկանում բանավիճել վարչապետի հետ, այս անգամ՝ Արման Թաթոյանը»։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG