Մատչելիության հղումներ

Եպիսկոպոսաց դասը «դատապարտելի է նկատել» Պատարագի ընթացքում Վեհափառի անունը շրջանցելը


Էջմիածնի Մայր Տաճարը, արխիվ
Էջմիածնի Մայր Տաճարը, արխիվ

Այն հոգևորականները, որ Պատարագի ժամանակ Կաթողիկոսի անունը միտումնավոր շրջանցել են, պիտի զղջան ու սրբագրեն իրենց, թե չէ կարգալույծ կարվեն. սա ենք հասկանում եպիսկոպոսների ու թեմակալ առաջնորդների երեկվա ժողովին հաջորդած հայտարարությունից, որ Մայր Աթոռը տարածեց այսօր:

«Եպիսկոպոսաց դասը դատապարտելի նկատեց սույն երևույթը՝ արձանագրելով, որ եկեղեցաբանական տեսանկյունից այն հակականոնական է և կարող է հանգեցնել հերձվածի։ Ընդգծվեց, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա և չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով», - ասված է հայտարարությունում:

Հերձվածողը իրեն եկեղեցուց դուրս դրած մարդն է: Էջմիածնի հայտարարությունից բխում է, որ Փաշինյանի ներկայությամբ պատարագած ու Վեհափառի անունը շրջանցած քահանաները եթե ուզում են պատժից խուսափել, պիտի ընդունեն իրենց սխալը, մեղաներով ծնկի գան, խոստովանեն ու թողություն խնդրեն: Մայր Աթոռի հայտարարությունում առանձին անդրադարձ չկա Վայոց ձորի ու Մասյացոտնի թեմերի առաջնորդներին. վերջին երկու Պատարագներում տեքստի խմբագրումը հենց Աբրահամ ու Գևորգ սրբազանների ներկայությամբ կամ հանձնարարությամբ տեղի ունեցավ: Մի ընդհանուր հորդոր կա. - «Ժողովը կարևոր նկատեց, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների և սադրանքների, պահպանեն միաբանության ոգին՝ հանուն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու անսասանության և առավել զորացման»։

Երեկ ժողովի մտնելուց առաջ Վայոց ձորի թեմի առաջնորդը այդպես էլ չպատասխանեց` Տեր Հովհաննես քահանան իր հանձնարությա՞մբ է շրջանցել Վեհափառի անվան հիշատակումը, թե՞ ինքնագործունեություն էր: Տեր Հովհաննեսն ինքն էլ ոչինչ չի ասի. - «Քանի որ ես եպիսկոպոսական ժողովների տեղյակ չեմ, էնքանով եմ տեղյակ, որքանով որ համացանցում ինչ-որ ինֆորմացիա կա կամ չկա, դրա համար ես ոչինչ չեմ կարող ասել»:

«Ազատություն»-ը քահանային ժողովից չէր հարցրել, այլ այս մասին` վրիպե՞ց, մոռացա՞վ, թե՞ հատուկ չհիշեց Վեհափառին, զղջո՞ւմ է:

«Ես մեքենա եմ վարում, կներեք», - ասաց Տեր Հովհաննեսը և անջատեց հեռախոսը:

Մասյացոտնի թեմի քահաան Տեր Երվանդն արդեն հայտարարել է, որ Վեհափառի անունը չհիշատակելով՝ ինքն իր անհամաձայնությունն է հայտնել ընդդեմ անարդարության. Մայր Աթոռից թիրախավորել են իր թեմի առաջնորդ Գևորգ սրբազանին: Տեր Երվանդը չի փոշմանում:

Աբրահամ ու Գևորգ սրբազանները հեռախոսազանգերին չեն արձագանքում, մեղաներով ծնկի գալու միտք ունե՞ն, թե՞ ոչ, հայտնի չէ:

«Ես լինեի Վեհափառ Հայրապետի տեղը, ասենք, իր պես իմաստուն չլինելով , ես հենց էսօր բոլորին կարգալույծ կանեի, հաջորդ կիրակի իրենց կրկնակի քանակի եպիսկոպոս կօծեի, կուղարկեի իրենց թեմերը: Բայց փառք Աստծու ես չեմ Վեհափառի տեղը, ես ընդամենը գյուղական քահանա եմ, Վեհափառը բոլոր հարցերում ինձանից շրջահայաց, իմաստուն ... », - «Ազատությանն» ասաց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Վրթանես Բաղալյանը:

Տեր Վրթանես կարծիքով՝ թեմերի երկու առաջնորդները միացել են իշխանության արշավին, դրանով է պայմանավորված Պատարագների տեքստի կամայական խմբագրումը. - «Իրենց դեմ կոմպրոմատներ ունեն, իրենց պարտադրում են ինչ-որ լծակներով: Իրենք եթե նույնիսկ, ասենք, խնդիր ունենային զուտ Վեհափառի հետ, թող էդ խնդրով, իրենց այդ խնդիրը բարձրացնեին և դիրքորոշումը արտահայտեին: Բայց իրենք ոչ թե բարձրացնում և դիրքորոշում են հայտնում, այլ միանում են հակաեկեղեցականներին»:

Վեհափառի անունը Պատարագի մի քանի հատվածներում պարտադիր պիտի հնչի, ընդգծում է Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը՝ Տավուշի թեմի առաջնորդական տեղապահը: Այդպես է սկսած 12-րդ դարից:

«Ոչ թե անձնավորված, այլ իրապես օրվա Կաթողիկոսին բոլոր ժամանակների հիշատակվել է և պիտի հիշատակվի նաև գալիքում», - «Ազատության» հետ զրույցում ասաց վարդապետը:

Ի դեպ, Մայր Աթոռը Փաշինյանի ներկայությամբ Կաթողիկոսի անունը չհիշատակելու երևույթին եպիսկոպոսական ժողովով հատուկ անդրադարձավ, սակայն մինչև օրս որևէ գնահատական չի տվել դիվանապետի՝ Արշակ սրբազանի անվան հետ կապվող ինտիմ սկանդալին: Միաբանական հանձնախումբ են ձևավորել, բայց կաթողիկոսական վճիռ դեռ չկա:

Իսկ իշխանականները այսօր նորից են պնդել՝ կաթողիկոսական գահը թափուր է, նրա անունը ինչո՞ւ պիտի հնչի:

Ազգային Ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պնդում է. - «Երբ որ ընտրվի նոր, ուխտը չխախտած իսկական Վեհափառ, արդեն հնարավոր կլինի հիշատակել նրա անունը: Իսկ Կտրիճ Ներսիսյանը պետք է դադարեցնի Մայր Աթոռի ասպատակությունը և լքի Վեհարանը, գնա` կյանքը նվիրի իր զավակին ու թոռներին, ինչպես պիտի անի ցանկացած լավ հայր»:

Այս կիրակի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում Պատարագ կմատուցի Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը՝ Մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Անուշավան եպիսկոպոսի հրավերով: Վազգեն սրբազանը մինչև այժմ Մայր Աթոռից տարբերվող մի քանի տեսակետներ է հայտնել, Անուշավան սրբազանի ու կառավարող թիմի միջև կապերի մասին մամուլն է գրում: Արդյո՞ք այս կիրակի Մայր եկեղեցում նույնպես չեզոքացնելու են Կաթողիկոսի անունը:

Իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մեղեդիներ ու սրտիկներ առաքել բոլորին ... դեռ չի բացահայտում՝ որտեղ է ծնկի գալու այս կիրակի. արդյո՞ք Երևանի Մայր տաճարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG