Մոսկվան, ընդհանուր առմամբ, համաձայն է, որ խաղաղության ամերիկյան պլանի կետերը կարող են հիմք դառնալ ապագա համաձայնագրի համար, սակայն այս պահին խաղաղության համաձայնագրի ոչ մի նախագիծ չկա, կան միայն քննարկման ենթակա մի շարք հարցեր, Բիշքեկում հայտարարել է Ռուսաստանի նախագահը:
Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ժնևի հանդիպումից հետո ամերիկյան պլանի 28 կետերը ԱՄՆ-ը և Եվրոպան բաժանել են չորս մասի: Այդ կետերը, ըստ նրա, դեռ պետք է շարադրվեն «դիվանագիտական լեզվով», քանզի որոշ դրույթներ ծիծաղելի են հնչում: Պուտինը նաև նշել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների կարևոր մասերից մեկը Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչումն է Ղրիմի և Դոնբասի նկատմամբ։
Կրեմլի ղեկավարը վստահեցրել է՝ Ռուսաստանը պատրաստ է երաշխավորել, որ ապագայում չի հարձակվի Եվրոպայի վրա, ապա հաստատել է, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է ամերիկյան պատվիրակության այցը Մոսկվա:
Ռուսաստանի նախագահը նաև հայտնել է, որ Մոսկվան պատասխան քայլեր է պատրաստում, եթե Արևմուտքը բռնագրավի ռուսական սառեցված ակտիվները, ապա պահանջել է, որ ուկրաինական զինուժը լքի զբաղեցրած դիրքերը. - «Մենք դեռ ստանում ենք ռազմական գործողությունների դադարեցման կոչեր: Երբ ուկրաինական զորքը դուրս կգա իր զբաղեցրած տարածքներից, այդ ժամանակ էլ կդադարեն մարտերը։ Եթե չհեռանան, ռազմական ճանապարհով կհասնենք դրան»:
Մինչ Պուտինը սպառնում է, Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարել է, որ Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցային խմբերը շուտով կհանդիպեն` քննարկելու խաղաղության ամերիկյան նոր պլանը: Անդրեյ Սիբիգան ասել է, որ Կիևը նաև հետաքրքրված է նախագահների մակարդակով հանդիպում անցկացնել, քանզի զգայուն հարցերը միայն նրանք կարող են քննարկել:
«Մենք ակնկալում ենք, որ կոնկրետ արդյունքներ լինեն […] որպեսզի առաջընթաց գրանցվի։ Մեզ համար չափազանց կարևոր է, որ հրադադար հաստատվի, և Ուկրաինան դա բազմիցս է ապացուցել», - նշել է նախարարը:
Politico-ն հայտնում է, որ Վաշինգտոնը մտադիր է նախ ապահովել խաղաղության պայմանագրի ստորագրումը և հետո միայն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ: Ըստ թերթի՝ այդ մասին եվրոպացի դիվանագետներին ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Ընդ որում, Մարկո Ռուբիոն խոստացել է՝ ԱՄՆ նախագահն այնպիսի գործարք կկնքի, որը կապահովի Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգությունը։
Հեղինակավոր The New York Times-ը,16 անանուն դիվանագետի հղումով, գրում է, որ եվրոպացի մի շարք ղեկավարներ Թրամփի պլանի մասին մամուլից են իմացել: Գերմանիայի կանցլերը, ըստ թերթի, ապշել է թե՛ ծրագրի բովանդակությունից, թե՛ փաստից, որ մամուլից է տեղեկանում այդ մասին:
Եվրոպացի ղեկավարները նախ փորձել են իրենց խողովակներով ճշտել դրա իսկությունը, ապա փորձել են կապվել Թրամփի վարչակազմի հետ: Սկզբում ԱՄՆ-ն անտեսել է Եվրոպային, բայց հետո եվրոպացի դիվանագետներին հաջողվել է շփվել ԱՄՆ պետքարտուղարի հետ, որն ասել է, որ Եվրոպային վերաբերող հարցերն առայժմ չեն քննարկվի: Ծրագիրն ավելի ուշ կայացած բանակցությունների ժամանակ է միայն փոխվել:
The New York Times-ը նաև գրում է` ԱՄՆ նախագահի բանագնաց Դեն Դրիսկոլը եվրոպացի դաշնակիցներին ասել է, որ Ռուսաստանը հրթիռներ է կուտակում, որոնք կարող են օգտագործվել թե՛ Ուկրաինայի դեմ, թե՛ հնարավոր այլ հակամարտության ժամանակ: Ըստ թերթի՝ Դրիսկոլն այս սպառնալիքն օգտագործել է որպես փաստարկ, որ պետք է արագ հասնել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը:
Ու մինչ ԱՄՆ-ը փորձում է Ուկրաինային և Եվրոպային համոզել, որ հիմա է գործարք կնքելու ամենաճիշտ պահը, The Guardian-ը իր աղբյուրին հղումով գրում է, որ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հեռախոսազրույցի արտահոսքը հավանաբար կազմակերպել է եվրոպական որևէ երկրի հետախուզական ծառայություն՝ Ուիթքոֆի ռուսամետ դիրքորոշման պատճառով:
Ըստ արտահոսքի, որը հրապարակել էր Bloomberg-ը, Ուիթքոֆը խորհուրդներ է տալիս Ուշակովին, թե ինչպես պետք է Վլադիմիր Պուտինը խոսի Դոնալդ Թրամփի հետ՝ ցույց տալու, որ Ռուսաստանը ցանկանում է խաղաղություն: Թերթը նշում է, որ Bloomberg-ը ձեռք է բերել հեռախոսազրույցի ձայնագրությունը, ոչ թե սղագրությունը, ինչը վկայում է՝ դա տրամադրած աղբյուրը կա՛մ անձամբ է մասնակցել գաղտնալսմանը, կա՛մ այնպիսի բարձր պաշտոնի է, որ կարողացել է ձեռք բերել ձայնագրությունը: Ուշակովը բացառել է, որ արտահոսքը հեռախոսազրույցի մասնակիցներն արած լինեն:
Այս ֆոնին Եվրոպան շարունակում է պնդել՝ ցանկացած պլան պետք է անվտանգության ամուր երաշխիքներ տա Ուկրաինային: Եվրամիության արտգործնախարար Կայա Կալլասն ասել է, որ Ռուսաստանը դեռ սպառնալիք է ներկայացնում, և պետք է լուծել նաև այդ հարցը:
«Եթե ուզում ենք կանխել այս պատերազմի շարունակությունը, ապա իրականում պետք է սահմանափակենք Ռուսաստանի բանակը և նրանց ռազմական բյուջեն։ Եթե ուզում ենք, որ սա այլևս չկրկնվի, չշարունակվի և ավելի չխորանա, մեզ պետք է արդար և տևական խաղաղություն», - հայտարարել է Կալլասը:
Ռուսաստանի փոխարգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն պատասխանել է, որ ոչ մի ուժ չի կարող սահմանափակել Ռուսաստանի ռազմական բյուջեն։
Գերմանիայի պաշտպանության նախարարն էլ հայտարարել է, որ խաղաղության նոր պլանով Ուկրաինային տարածքային միակողմանի զիջումներ չպետք է պարտադրվեն: Բորիս Պիստորիուսի խոսքով՝ Ուկրաինան պետք է պահպանի ինքնապաշտպանվելու կարողությունը և անվտանգության հուսալի երաշխիքներ ստանա ԱՄՆ-ից։
Ուկրաինայի նախագահն, իր հերթին, դաշնակիցներին կոչ է արել շարունակել աջակցությունը Կիևին, որպեսզի կարողանան դիմակայել ռուսական ագրեսիային:
«Խաղաղություն հաստատելու համար պետք է ճնշում գործադրել ոչ թե Ուկրաինայի, այլ Ռուսաստանի վրա, որը միակ պատճառն է, որ այս պատերազմը շարունակվում է», - շեշտել է Վլադիմիր Զելենսկին:
Շվեդիան Եվրամիությանը կոչ է արել անհապաղ սկսել պատժամիջոցների նոր՝ 20-րդ փաթեթի մշակումը՝ Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու համար: