Մատչելիության հղումներ

Վարդան Ղուկասյանին մեղսագրվող կոռուպցիայի գործով նախաքննությունն ավարտվել է, հաստատվելու դեպքում այն կուղարկվի դատարան


Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետին մեղսագրվող կոռուպցիայի գործով նախաքննությունն ավարտվել, գործն ուղարկվել է հսկող դատախազին, հաստատվելու դեպքում այն կուղարկվի դատարան:

Արդեն 1.5 ամիս բանտում գտնվող Վարդան Ղուկասյանը մեղադրվում է խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Փաստաբան Արամայիս Հայրապետյանի պնդմամբ՝ մի շարք ապօրինություններ են եղել, օրինակ, գործի նյութերին 2 օրվա ընթացքում չեն հասցրել ծանոթանալ, դատախազությունից 6 բողոքների պատասխանները չեն ստացել: Հարցնում է, թե ինչպե՞ս էր հնարավոր գործի նյութերից առանձնացնել Վարդան Ղուկասյանի դրվագն ու նախաքննությունը ավարտել:

«Ուղղակի անհասկանալի է՝ ինչպես էր հնարավոր մեղադրանքը, որի մեջ կա նկարագիր ենթադրյալ գործողություններ վերագրվող երեք անձի, ընդ որում՝ բոլոր գործողությունները փոխկապակցված են, մեկ նկարագրված վարքագիծ հանեք՝ մեղադրանքը վերջանում է, չկա էլ մեղադրյալ, ինչպե՞ս է հնարավոր, որ երկուսի դեպքում ասեն՝ ապացույցները բավարար չեն, ընդ որում, ես համաձայն եմ, որ ապացույցները բավարար չեն, բայց բուն Վարդան Ղուկասյանի դեպքում համարեն, որ ապացույցները բավարար են.... Մի ողջամիտ ենթադրություն կա սրա հետ կապված, որ Վարդան Ղուկասյանի դեպքում ամեն ապօրինություն էլ բավարար է գործը դատարան ուղարկելու համար», - ասաց Հայրապետյանը:

Կոռուպցիոն այս գործը Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցում շուրջ 3000 քառակուսի մետր ապօրինի կառուցված շինության օրինականացման շուրջ է: Ըստ նախաքննական մարմնի՝ գործարարին չի հաջողվել օրինականացնել շինությունը և գործարքի է գնացել:

Վարդան Ղուկասյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Արամայիս Հայրապետյանը պնդում է, որ Ղուկասյանի մասով առանձնացված գործը դատարան ուղարկելով խախտվում է նրա արդար դատաքննության իրավունքը, որը կվիճարկեն նաև Եվրադատարանում, եթե արդյունքի չհասնեն:

«Գործ է քննվում, որով քննարկվում են նրա և պարոն Գասպարյանի ու պարոն Գոմցյանի մասնակցությամբ հանցավոր արարքներ, մի հատ զուգահեռ նախաքննություն է իրականացվում Գասպարյանի ու Գոմցյանի մասով ու մի հատ էլ զուգահեռ էդ նախաքննության նյութերն ուղարկում են դատարան: Նշանակում է՝ պարոն Ղուկասյանը երկու առանձին վարույթներով դատարանի առջև է կանգնել, որից կարող է մասնակցել ընդամենը մեկին: Ի սկզբանե Եվրոպական դատարանն արգելում է նման իրավիճակները: Պատկերացրեք՝ պարոն Ղուկասյանի այս գործով դատաքննություն է իրականացվում ու այն անջատված գործով ապացույցներ են ի հայտ գալիս, որոնք ակնհայտորեն վկայում են պարոն Ղուկասյանի անմեղության մասին, և այդ ապացույցները պարոն Ղուկասյանին հասանելի չեն, սա անկախ ամեն ինչից, մենակ կասկածի առկայությունը բավարար էլ է փաստելու համար, որ պարոն Ղուկասյանի նկատմամբ արդար դատաքննություն չի կարող լինել», - ասաց փաստաբանը:

Ապրիլից մինչև հոկտեմբեր ձայնագրվել է Ղուկասյանի խոսակցությունները կոնկրետ վայրում՝ աշխատասենյակում: Պաշտպանական կողմը նաև պնդում է, որ գործի ծավալը բավականին մեծ է, բայց իրենց չնչին մասն են տրամադրել. «Ապրիլից եթե ձայնագրել են մինչև հոկտեմբերը ներառյալ, պատկերացնում եք, չէ՞, ինչ ծավալի են այդ ձայնագրությունները, բայց դրա 1/10-րդ մասն են մեզ տրամադրել, մյուս մասն ո՞ւր է»:

Վարդան Ղուկասյանին ձերբակալելու օրը Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն հրապարակեց: Փաստաբանը պնդում է՝ այն, ինչ հասցրել է տրամադրած նյութերում լսել, հրապարակվածը մոնտաժված է. «Դրա մեջ կա խոսակցություն, որը մայիսից է վերցված, կա խոսակցություն, որ հուլիսից է վերցված, և հավանաբար կա խոսակցություն, որ դրանից հետոյից է վերցված, դրանից հետոյին դեռ չեմ ծանոթացել ու ստացվում է, որ նախաքննական մարմին տարբեր օրերի խոսակցությունը վերցրել ու կապել է իրար»:

Հաշվի առնելով գործի նյութերի ծավալը՝ արդյոք 1.5 ամսում հնարավոր էր նախաքննությունն ավարտել ու գործը դատարան ուղարկել:

«Անկեղծ ասած, այո, որովհետև ինչքան երկարեր նախաքննությունը, այնքան ձեռք բերված ապացույցները պետք է վկայեին ոչ թե պարոն Ղուկասյանի մեղավորության, այլ անմեղության մասին, բայց քանի հիմա հանրային ֆոն էր ստեղծված, քանի տաք էր, փորձեցին շատ արագ ուղարկել դատարան՝ մեծ մտավախությամբ նաև, որ այս ֆոնով կկաշկանդեն նաև դատարաններին ու ինչքան հնարավոր է շուտ թեկուզ անօրինական դատավճիռ ունենան», - ասաց փաստաբանը:

Սա Վարդան Ղուկասյանի արդեն թվով 4-րդ մեղադրանքն է, մեկը պաշտոնավարման նախորդ շրջանին է վերաբերում, ևս երկուսն էլ՝ մեկը խուլիգանության, մյուսն էլ իշխանության զավթման կոչի հոդվածներով առաջադրվեցին մեկ ամսվա ընթացքում կոռուպցիոն մեղադրանքից հետո:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG