Հայ առաքելական եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ նոր հայտարարություն են տարածել, որով կոչ են անում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին կամովին հանգստյան գնալ:
«Մենք ակնկալում ենք, որ Գարեգին Բ Կաթողիկոսը, ի սեր մեր եկեղեցու և մեր ժողովրդի, սթափ կգնահատի ստեղծված իրավիճակը, չի տանի մեր ազգն ու մեր Եկեղեցին ավելորդ ցնցումների, կամովին հանգստյան կկոչվի և այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպելու», - նշված է հայտարարությունում, որը հրապարակվել է վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ում:
Այս հայտարարությունը տարածող 10 եպիսկոպոսներից 8-ին օրերս ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրանք իշխանամերձ լրատվամիջոցներին հայտարարություն էին տրամադրել, ըստ որի՝ եպիսկոպոսները փաստել էին, որ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, իսկ Ամենայն Հայոց կաթողիկոսն «ամեն գնով փորձում է կոծկել Արշակի սրբապիղծ արարքը»։
Այսօր նրանք ևս մեկ հայտարարություն էին տարածել՝ նշելով. «Մենք չենք մաքրվի, եթե շարունակենք կոծկել, արդարացնել ու գովերգել մեղքը»:
«Ոմանց կողմից մեղքի ամբարտավան և ցինիկ գովերգումը խլացնել է ջանում անխուսափելի մաքրագործման անբեկանելի պահանջը», - նշված է կայքերում հրապարակված հայտարարության մեջ։