Մատչելիության հղումներ

Ակնարկներ եղել են որոշակի գործողությունների. Արշակ սրբազանը հաստատեց, որ ԱԱԾ-ականների հետ հանդիպել է


Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այսօր ասուլիսին հաստատեց, որ մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել ԱԱԾ տարբեր պաշտոնյաների հետ, որոնց անունները չնշեց:

«Ես չեմ կանչվել, ըստ էության ծանուցագրեր չեն ուղարկել, պարզապես եղել է հրավեր հանդիպումների, և մենք հանդիպել ենք: Իհարկե, հանդիպումների ընթացքում իրենք հնարավորություն են ունեցել իրենց դիրքորոշումն արտահայտելու, ես իմ դիրքորոշումն եմ արտահայտել», - ի պատասխան «Ազատության» հարցին՝ ասաց Արշակ սրբազանը:

Նա, սակայն, չմանրամասնեց, թե ինչ ժամանակահատվածում կայացած հանդիպումների մասին է խոսքը: Միայն ասաց, որ երկու նման հանդիպում է կայացել: Արքեպիսկոպոսին ԱԱԾ հրավիրելու մասին լուրեր տարածվել էին 2024-ի գարնանը:

«Ակնարկներ եղել են որոշակի գործողություններ իրականացնել, բայց շատ որոշապես հասկանալի դարձել է, որ ես այն անձը չեմ, որի նկատմամբ սպառնալիքներով, վախի ներշնչմամբ, ահաբեկչության հնարավոր է հասնել այնպիսի գործողությունների, որոնք չեն բխում իմ համոզմունքներից», - այսօր հավելեց նա:

Մայր Աթոռի դիվանապետը նշեց, որ ներկայումս էլ մնում է այդ դիրքորոշմանը: Արքեպիսկոպոսը հերքեց իրենց առնչվող վերագրումները՝ տեսանյութը կեղծիք որակելով:

«Ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար ամաչեմ», - նշեց նա:

Համացանցում անձնական բնույթի տեսագրություններ էին տարածվել ենթադրաբար Արշակ արքեպիսկոպոսի մասնակցությամբ: ՔԿ-ն հաստատել էր, որ տեսագրությունում պատկերվածն Արշակ արքեպիսկոպոսն է, վերջինս, սակայն, հերքեց, որ տեսանյութում պատկերվածն ինքն է, ինչպես նաև որ իր ընտանիքի անդամը՝ իր քեռու կինն է այնտեղ: Ազգականը, նրա խոսքով, ևս հարցաքննվել է ՔԿ-ում:

«Քննչականին ասել եմ, որ այս գործը, եթե հարուցում եք, պետք է հարուցեք ոչ թե իմ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հիմքով, այլ իմ նկատմամբ թշնամանք և ատելություն սերմանելու հիմքով, քանի որ իմ անձնական կյանքի գաղտնիությունը խախտված չէ։ <> Իհարկե, ես չեմ: Իմ ընտանիքի բոլոր անդամներն էլ շատ տհաճ, անախորժ իրավիճակի մեջ են հայտնվել մեր համերաշխություն քարոզող իշխանությունների թեթև ձեռքով, բայց իրենք էլ միանշանակ հերքում են», - պնդեց սրբազանը:

Հոգևոր ծառայությունը դադարեցնելու անհրաժեշտություն Մայր Աթոռի դիվանապետն այս պահին չի տեսնում:

Համացանցում շրջանառվում էր կաթողիկոսին ուղղված մի նամակ, որը վերագրվում է Արշակ արքեպիսկոպոսի հարցն ուսումնասիրող Էջմիածնական հանձնախմբին: Նամակով նրանք առաջարկում են, որ վեհափառը որոշակի ժամկետով կասեցնի Արշակ արքեպիսկոպոսի զբաղեցրած բոլոր պաշտոնները, և նա ապրի Մայր Աթոռից դուրս, այլ վայրում, որտեղ կորոշի կաթողիկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG