Ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները Ֆլորիդայում մոտ հինգ ժամ բանակցել են խաղաղության ամերիկյան ծրագրի շուրջ, որն անցած շաբաթ փոփոխվել էր Ժնևի հանդիպմանը: ԱՄՆ պետքարտուղարը բանակցությունները «շատ արդյունավետ» է որակել՝ նշելով, որ Վաշինգտոնի նպատակն է ոչ միայն վերջ դնել պատերազմին, այլև օգնել Ուկրաինային, որ մշտապես անվտանգ լինի ու բարգավաճի:
Մարկո Ռուբիոն, այդուհանդերձ, շեշտել է՝ դեռ շատ աշխատանք կա անելու, քանզի սա «նուրբ և բարդ» հարց է՝ բազմաթիվ բաղադրիչներով։
«Այնպես որ, դեռ շատ աշխատանք կա անելու, բայց այսօր շատ արդյունավետ և օգտակար հանդիպում էր, որի ժամանակ, կարծում եմ, լրացուցիչ առաջընթաց է գրանցվել։ Եվ մենք շարունակում ենք իրատես լինել, թե որքան դժվար հարց է սա, բայց նաև լավատես ենք՝ հաշվի առնելով, որ առաջընթաց ենք գրանցել», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:
Ուկրաինական պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովն, իր հերթին, բանակցություններն «արդյունավետ և հաջողված» է անվանել՝ նշելով, որ քննարկել են Ուկրաինայի ապագան, բոլոր հարցերը, որոնք կարևոր են Ուկրաինայի, ուկրաինացի ժողովրդի համար։
«Մենք արդեն հաջող հանդիպում էին ունեցել Ժնևում և այսօր շարունակեցինք նույն հաջողությամբ։ Այնպես որ, այս հանդիպումն արդյունավետ էր և հաջողված», - ասել է Ումերովը:
Ամերիկյան Axios-ը հայտնում է, որ բանակցությունները մոտ մեկ ժամ ընթացել են ընդլայնված, ապա՝ նեղ կազմով: Ռուստեմ Ումերովը հանդիպման ժամանակ զանգահարել է Զելենսկիին և զեկուցել ընթացքի մասին: Ուկրաինացի անանուն պաշտոնյաներին հղումով Axios-ը հայտնում է, որ գլխավոր հարցը եղել է այն, թե որտեղով է անցնելու Ռուսաստանի հետ սահմանը խաղաղություն հաստատելուց հետո:
Լրատվամիջոցը նշում է՝ Պուտինը հասկացրել է, որ չի դադարեցնի մարտերը, մինչև ամբողջությամբ չգրավի Դոնբասը, և հիմա ԱՄՆ-ը ցանկանում է հասնել նրան, որ Ուկրաինան հանձնի այդ տարածքները, որպեսզի կարողանան համոզել Պուտինին դադարեցնել պատերազմը: Սակայն դա «ցավոտ և քաղաքականապես պայթյունավտանգ զիջում» կլինի Ուկրաինայի կողմից, ասել է աղբյուրը։
«Հանդիպումը հագեցած էր, բայց ոչ բացասական [...] Մեր դիրքորոշումն այն է, որ պետք է անենք հնարավոր ամեն ինչ՝ օգնելու ԱՄՆ-ին հաջողության հասնել՝ միաժամանակ չկորցնելով մեր երկիրը և կանխելով հետագա ագրեսիան», - ասել է Axios-ի աղբյուրը:
CNN-ի աղբյուրն ասել է, որ բանակցությունները եղել են «դժվար, բայց շատ կառուցողական» և «շատ առարկայական», մանրամասն քննարկվել են ամենախնդրահարույց հարցերը, այդ թվում՝ սցենար, ըստ որի՝ Ուկրաինային չեն արգելի միանալ ՆԱՏՕ-ին, այդ հարցը կբանակցեն անդամ պետություններն ու Մոսկվան։
France-Presse-ն էլ գրում է, որ բանակցությունները «դժվար» են եղել, քանզի կողմերը դեռ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ «լուծումների և ձևակերպումների» հարցում: Գործակալության աղբյուրն ասել է, որ «ամերիկացիները շատ են ցանկանում համաձայնության հասնել վերջնական կետերի շուրջ, որպեսզի կարողանան մեկնել Մոսկվա»։
Ամերիկյան The Wall Street Journal-ն էլ ԱՄՆ վարչակազմում իր աղբյուրին հղումով հայտնում է, որ ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև տարածքների փոխանակման և Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու հարցերը: Ըստ թերթի՝ հաջորդ շաբաթ կրկին Կիև կայցելի Թրամփի հատուկ դեսպանորդ Դեն Դրիսկոլը։
ԱՄՆ նախագահն իր հերթին է հայտարարել բանակցություններում առաջընթացի մասին` նշելով, որ գործարք կնքելու լավ հնարավորություն կա:
«Այո, խոսել եմ նրանց հետ, ամեն ինչ լավ է։ Ուկրաինան որոշ փոքր խնդիրներ ունի ... Բայց կարծում եմ՝ Ռուսաստանը կցանկանար, որ պատերազմն ավարտվի։ Գիտեմ, որ Ուկրաինան կցանկանար, որ պատերազմն ավարտվի», - ասել է Դոնալդ Թրամփը:
Միացյալ Նահանգների նախագահը պարզաբանել է, որ խնդիրներ ասելով՝ նկատի ունի Ուկրաինայի էներգետիկ ոլորտի կոռուպցիոն սկանդալը, որը չի նպաստում պատերազմը դադարեցնելուն: «Բայց կարծում եմ՝ համաձայնության հասնելու լավ հնարավորություն կա», - նշել է նա։
Ուկրաինայի նախագահը, որն այսօր Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահի հետ՝ քննարկելու «արդար և տևական խաղաղության համար անհրաժեշտ պայմանները», հայտնել է, որ Ֆլորիդայի հանդիպումը կառուցողական է եղել: Չլուծված հարցեր, այդուհանդերձ, կան: «Կան մի քանի դժվար հարցեր, որոնք դեռ պետք է լուծվեն», - սոցանցում գրել է նա:
Էմանյուել Մակրոնի հետ հանդիպումից հետո էլ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ քննարկմանը կենտրոնացել են հրադադարի շուրջ բանակցությունների ու անվտանգության երաշխիքների վրա։
Այս ֆոնին նախատեսվում է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի այցը Մոսկվա, որտեղ նա բանակցելու է Ռուսաստանի նախագահի հետ: Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ նա Մոսկվա կժամանի այսօր: Կրեմլի խոսնակը հայտնել է, որ Ուիթքոֆի հետ Վլադիմիր Պուտինի հանդիպումը նախատեսված է վաղը՝ օրվա երկրորդ կեսին:
Մինչ այդ, Եվրամիության արտգործնախարարը դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ Ռուսաստանը խաղաղություն չի ուզում, ուստի պետք է Ուկրաինային հնարավորինս ուժեղացնել, որ կարողանա ինքնապաշտպանվել։
«Սա կարող է վճռորոշ շաբաթ լինել դիվանագիտության համար»,- ասել Կայա Կալլասը։
Այս զարգացումներին զուգահեռ՝ ռուսական զինուժն այսօր հրթիռակոծել է Դնեպրը, սպանվել է չորս, վիրավորվել՝ 40 մարդ, որից 11-ի վիճակը ծանր է: