Մատչելիության հղումներ

Մենք Ուկրաինայում խաղաղությանը մոտ չենք. Կրեմլը՝ ռուս-ամերիկյան 5 ժամ տևած բանակցությունների մասին


Ուկրաինայում խաղաղության հարցով Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները չեն հասել փոխզիջման, և խաղաղությունը ո՛չ մոտ է, ո՛չ էլ հեռու, այս մասին երեկ տեղի ունեցած ռուս-ամերիկյան բանակցություններից հետո ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Նա նշել է, որ կողմերը չեն կարողացել փոխզիջման գալ ամենաբարդ հարցերից մեկի՝ տարածքային վեճերի շուրջ։

Այս հայտարարությունները հնչել են, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ։

Ուշակովը քննարկումները որակել է կառուցողական և բովանդակալից, սակայն ընդունել է, որ Ուկրաինայի հարցում տարաձայնությունները մնում են։

«Կողմերը քննարկել են խաղաղության ծրագրի մի քանի տարբերակներ, այդ թվում՝ տարածքների հարցը և համաձայնել են շարունակել շփումները: Ուկրաինայի համար դեռևս փոխզիջումային ծրագիր չկա. որոշ ամերիկյան առաջարկներ ընդունելի են Ռուսաստանի համար, իսկ մյուսները՝ ոչ», - ասել է ՌԴ նախագահի օգնականը:

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, երեկ Կրեմլում նախագահ Պուտինի հետ մոտ հինգ ժամ բանակցություններ են անցկացրել՝ Ուկրաինայում արդեն չորրորդ տարին ընթացող արյունալի պատերազմը դադարեցնելու ամերիկյան պլանի շուրջ:

Նախքան բանակցությունների ավարտը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դուբլինում ելույթ ունենալով հայտարարել է, որ ամեն ինչ կախված կլինի Մոսկվայում կայանալիք բանակցություններից, բայցև վախենում է, որ Միացյալ Նահանգները կարող է կորցնել հետաքրքրությունը խաղաղության գործընթացի նկատմամբ։

«Հեշտ լուծումներ չեն լինի... Կարևոր է, որ ամեն ինչ արդար և բաց լինի, որպեսզի Ուկրաինայի մեջքի հետևում խաղեր չլինեն», - հայտարարել է Զելենսկին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG