Ադրբեջանական Գաբալա քաղաքում նոյեմբերի 28-ին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 12-րդ հանդիպումը, հայտնում է ԱԳՆ-ն:
Փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ հանդիպմանը կողմերը քննարկել են սահմանազատման միջոցառումների հետ կապված կազմակերպչական և տեխնիկական հարցեր:
Նրանք, ըստ հաղորդագրության, նշել են նախորդ՝ հունվարի 16-ին կայացած հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունը պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանն Իրանի Հանրապետության հետ սկսելու վերաբերյալ:
Քննարկվել են նաև սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը:
Գրիգորյանը և Մուստաֆաևն առանձին մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը Հայաստանի քաղաքներից մեկում: