Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն ու Ուկրաինան հայտարարել են՝ «զգալի առաջընթաց» են գրանցել խաղաղության նոր պլանի շուրջ


ԱՄՆ-ն ու Ուկրաինան հայտարարել են, որ երեկ Ժնևում բանակցությունների ժամանակ «զգալի առաջընթաց» են գրանցել խաղաղության նոր պլանի շուրջ: Համատեղ հայտարարությունում ասվում է, որ փոփոխություններ են արվել նախնական տարբերակում ու «թարմացված և հստակեցված» շրջանակային փաստաթուղթ են պատրաստել, որը, ըստ Վաշինգտոնի, «լիովին կապահովի» Ուկրաինայի ինքնիշխանությունը և կնպաստի արդար խաղաղությանը։

Թե ինչ փոփոխություններ են արվել Վաշինգտոնի առաջարկած 28 կետանոց պլանում, որն Ուկրաինայի դաշնակիցները քննադատել են՝ չափազանց ռուսամետ լինելու համար, չի նշվում: Նաև պարզ չէ, թե ինչպես է այն լուծելու, թերևս, ամենակարևոր՝ տարածքների և անվտանգության երաշխիքների հարցերը:

Հայտարարությունում ասվում է. «Քննարկումների արդյունքում գրանցվել է նշանակալի առաջընթաց՝ դիրքորոշումները մերձեցնելու և հստակ հաջորդ քայլեր սահմանելու հարցում։ Եվ կողմերը վերահաստատեցին՝ ցանկացած ապագա համաձայնություն պետք է լիովին ապահովի Ուկրաինայի ինքնիշխանությունը և հանգեցնի կայուն ու արդար խաղաղության»:

«Չլուծված հարցերն անհաղթահարելի չեն». Ռուբիո

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը Ժնևում ղեկավարել է ամերիկյան պատվիրակությունը, ասել է, որ սա ուկրաինական կողմի հետ մինչ այժմ անցկացված, թերևս, ամենաարդյունավետ հանդիպումն էր:

«Սա շատ, շատ... գուցե ամենաարդյունավետ օրն էր մեզ համար այս հարցում, գուցե մեր ողջ փոխգործակցության ընթացքում ... Բայց դեռ շատ աշխատանք կա անելու», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Ռուբիոն նաև ասել է, որ չլուծված հարցերն անհաղթահարելի չեն, դրանց շուրջ հնարավոր է համաձայնության գալ, պարզապես ավելի շատ ժամանակ է հարկավոր: Թեև նա չի բացառել, որ չկարողանան մինչև Թրամփի նշած ժամկետը՝ նոյեմբերի 27-ը վերջնական արդյունքի հասնել:

Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք եվրոպական երկրներն այլընտրանքային առաջարկներ ներկայացրե՞լ են, ինչպես հաղորդվել էր: Ռուբիոն պատասխանել է, որ նման ծրագիր չի տեսել։

Reuters-ը հրապարակել է եվրոպական առաջարկները, որոնք հիմնված է ամերիկյան տարբերակի վրա, սակայն որոշ էական տարբերություններ են պարունակում: Ըստ այդմ՝ առաջարկվում է ուկրաինական բանակը կրճատել ոչ թե մինչև 600,000, այլ՝ 800,000, վիճելի տարածքների շուրջ բանակցություններն սկսել ներկայիս շփման գծից, այլ ոչ թե բաժանել միայն Խերսոնի և Զապորոժիեի մարզերը, իսկ Ղրիմը, Լուգանսկը և Դոնեցկը ճանաչվեն ռուսական։ Նաև Ուկրաինային չի արգելվի անդամակցել ՆԱՏՕ-ին, առաջարկվում է որոշումը կայացնել դաշինքում կոնսենսուսի հասնելուց հետո։

Ու մինչ Ժնևում բանակցություններ էին ընթանում, ԱՄՆ նախագահը քննադատել է Ուկրաինային և եվրոպական երկրներին՝ նշելով, որ Եվրոպան շարունակում է նավթ գնել Ռուսաստանից, իսկ Ուկրաինան զրո երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ի ջանքերի համար, թեև նախագահ Զելենսկին բազմիցս է հրապարակավ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին:

Այսօր էլ Թրամփը սոցցանցում հարցադրում է արել՝ հնարավո՞ր է, որ բանակցություններում իսկապես մեծ առաջընթաց է արձանագրվել, և ինքն էլ պատասխանել հարցին. «Չհավատա՛ք, քանի դեռ անձամբ չեք տեսել դա: Սակայն հնարավոր է, որ լավ զարգացումներ լինեն»։

«Շատ վճռորոշ պահ է». Զելենսկի

Նախագահ Զելենսկին երեկոյան ուղերձում հայտարարել է, որ չափազանց կարևոր է ԱՄՆ-ի հետ աշխատանքը, և «կան ազդակներ», որ «Թրամփի թիմը լսում է» Ուկրաինային։ Ըստ նրա՝ կան հարցեր, որոնք առաջնահերթ են Ուկրաինայի համար:

«Գլխավոր առաջնահերթությունը հուսալի խաղաղությունն է, երաշխավորված անվտանգությունը և մեր ժողովրդի նկատմամբ հարգանքը, հարգանքը բոլոր նրանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել Ուկրաինան ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար», - իր ուղերձում ասել է Զելենսկին:

Այսօր էլ Զելենսկին հայտնել է, որ շարունակում են աշխատանքները՝ փոխզիջումների հասնելու համար, որոնք ոչ թե պետք է թուլացնեն, այլ ուժեղացնեն Ուկրաինան: «Հիմա շատ վճռորոշ պահ է»,- ասել է նա:

Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ եվրոպացի առաջնորդներին ներկայացրել է Ժնևի հանդիպման արդյունքները։

Գերագույն Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկն էլ հայտարարել է, որ բանակցություններում Կիևի համար «կարմիր գծեր» են Ռուսաստանի օկուպացրած տարածքների ճանաչումը այլ երկրների կողմից, պաշտպանության ոլորտում և այլ դաշինքներին միանալու սահմանափակումները:

Մոսկվան դեռ չեն ստացել խաղաղության պլանի նոր տարբերակը, իսկ ռուս-ամերիկյան պատվիրակությունների հանդիպում այս շաբաթ նախատեսված չէ, հայտնել է Կրեմլի խոսնակը։

Իր հերթին Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ամերիկյան առաջարկները Մոսկվայի կողմից վերանայված տարբերակով, համապատասխանում են Ալյասկայի քննարկումներին և սկզբունքորեն կարող են խաղաղ կարգավորման համար հիմք դառնալ:

ԵՄ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային. Անտոնիու Կոշտա

Եվրոպական խորհրդի նախագահը ողջունել է Ժնևում գրանցված առաջընթացը՝ նշելով, որ որոշ հարցեր դեռ պետք է լուծվեն: Անտոնիու Կոշտան շեշտել է՝ ԵՄ-ին ուղիղ առնչվող հարցերը, ինչպիսիք են պատժամիջոցները, դաշինքի ընդլայնումը, ռուսական սառեցված ակտիվների հարցը, պետք է քննարկվեն ԵՄ մասնակցությամբ: Դաշինքը նաև կշարունակի աջակցել Ուկրաինային, վստահեցրել է նա:

«Եվրամիությունը հանձնառու է շարունակել նախագահ Զելենսկիին տրամադրել անհրաժեշտ ողջ աջակցությունը՝ դիվանագիտական, ռազմական, տնտեսական», - ասել է Անտոնիու Կոշտան:

Եվրահանձնաժողովի նախագահն էլ հայտարարել է, որ չնայած դեռ շատ անելիք կա, Ժնևում ամուր հիմքեր են ստեղծվել հիմա առաջ շարժվելու համար։ Այդուհանդերձ, ինքնիշխանության և տարածքների հարցերը քննարկելի չեն:

«Ուկրաինայի տարածքն ու ինքնիշխանությունը պետք է հարգվեն։ Միայն Ուկրաինան՝ որպես ինքնիշխան երկիր, կարող է որոշումներ կայացնել իր զինված ուժերի վերաբերյալ։ Նրանց ճակատագրի ընտրությունը հենց նրանց ձեռքում է», - նշել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Եվրոպացի պաշտոնյան նաև հայտնել է, որ Ուկրաինայի դաշնակիցների կոալիցիան վաղը տեսակապով կքննարկի նոր առաջարկները:

Լեհաստանի վարչապետն էլ, ում երկրի տարածքը ռուսական անօդաչուները վերջերս բազմիցս են խախտել, հայտարարել է՝ նոր ծրագիրը չպետք է խաթարի Եվրոպայի անվտանգությունը, իսկ որոշ կետեր անընդունելի են Լեհաստանի համար:

«Հատկապես կարևոր է Լեհաստանի տեսանկյունից, և սա նաև իմ կարծիքն է, որ ոչ մի համաձայնագիր […] որևէ կերպ չի կարող խաթարել Լեհաստանի և Եվրոպայի անվտանգությունը», - ընդգծել է Դոնալդ Տուսկը։

Այս ընթացքում կողմերը շարունակել են հարվածները

Խարկովին գիշերը ռուսական զինուժի հարվածից սպանվել է չորս, վիրավորվել առնվազն 17 մարդ: Եվս երկու վիրավոր կա Չեռնիգովում:

Ուկրաինական կողմն իր հերթին հարվածել է ռուսական մի քանի շրջանների: Վորոնեժում անօդաչուների բեկորներից տներ են վնասվել։ Մոսկվայի քաղաքապետը հայտնել է, որ այսօր մայրաքաղաքի ուղղությամբ թռչող ևս երեք անօդաչու է խոցվել:


XS
SM
MD
LG