Մատչելիության հղումներ

«Անպայման հետևիցս պիտի գայի՞ր». Գյումրիի քաղաքապետն ու որդին այսօր Հակակոռուպցիոն դատարան բերվեցին


Գյումրիի քաղաքապետն ու որդին այսօր Հակակոռուպցիոն դատարան բերվեցին երկու տարբեր՝ Կենտրոն և Արմավիր քրեակատարողական հիմնարկներից: Ավագ Ղուկասյանը նիստի սկզբում հայրաբար նախատեց կրտսերին. «Անպայման հետևիցս պիտի գայիր»: Որդին՝ Սպարտակ Ղուկասյանն արձագանքեց. «Չեմ եկել բերել են»:

Այս գործով դատական նախորդ նիստը թանկ նստեց հայր ու որդի Ղուկասյանների վրա՝ երկուսին էլ մի նոր մեղադրանք առաջադրվեց խուլիգանության հոդվածով: Իսկ նոր մեղադրանքի հիմքում դրվեց դատական նիստի ավարտին հոր ու որդու վիրավորական կոպիտ արտահայտությունները իրենց կաշառքի մեջ մեղադրողների հասցեին: Այսօր Վարդան Ղուկասյանն ավելի զգուշավոր էր. «Էն օրը կրակը գցեցիք»:

Ղուկասյանը կալանավորվեց կոռուպցիայի մեղադրանքով, դրանից հետո ավելացան իշխանության զավթման կոչն ու խուլիգանությունը:

Վարդան Ղուկասյանը բացառեց, որ իշխանությունների հետ գործարքի կգնա իր ազատության դիմաց. «Իմ արյունը, իմ կաթը թույլ չի տալիս նմանատիպ ապրելակերպ: Երբ բացեք իմ կենսագրականը՝ հորս, պապերիս, գրած է՝ մաքուր, ճիշտ, հայրենասեր տղա, ես էլ նույնն եմ ու տենց կմնամ», - ասաց Գյումրիի քաղաքապետը:

Հասցրեց նաև Աստավածաշնչից մեջբերում անել. «Մի դատեք, որ չդատվեք: Սպասեք, կգա ժամանակ, ամեն մեկն իր արածի համար պատասխան կտա»:

Հակակոռուպցիոն դատարանում արդեն մի քանի տարի է քննվում է այս գործը: Մեղադրյալի աթոռին Ղուկասյանից բացի որդին ու եղբայրն են: Գյումրիի քաղաքապետը մեղադրվում է իր նախորդ պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական դիրքի չարաշահման, կեղծիքի ու փողերի լվացման համար, իսկ Սպարտակ Ղուկասյանն, ըստ իրավապահների, աջակցել է հորը: Այսօր դատարանում որպես վկա հարացաքննվեցին քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի աշխատակիցն ու Կադաստրի կոմիտեի մասնագետը: Շուրջ 40 դրվագով հարուցված այս վարույթը հիմնականում հողային օրենսգրքի խախտումներով հողատարածքների օտարումների մասին է: Ղուկասյանը պնդեց, որ խախտում թույլ չի տվել:
Նրա փաստաբանը դատարանին տեղեկացրեց, որ այս վարույթի շրջանակում Ղուկասյանին գործի նյութեր տրամադրելու հարցում խոչընդոտ կա և դատարանին այն վերացնելու մասին հայտնեց:

«Քրեակատարողական հիմնարկում արգելվում է մեզ՝ պաշտպաններիս, կոնկրետ այն վարույթով, որով պարոն Ղուկասյանը կալանքի տակ է, այդ վարույթից բացի որևէ այլ վարույթին վերաբերող նյութ փոխանցել պարոն Ղուկասյանին: Այս վարույթով անհրաժեշտություն է եղել մի շարք նյութեր փոխանցել պարոն Ղուկասյանին, որպեսզի վերջինս ուսումնասիրի, և մենք կարողանանք քննարկում կազմակերպել, սակայն, քրեակատարողական հիմնարկն արգելել է: Սա ուղղակի հայտարարության կարգով, որ պարոն Ղուկասյանի կալանքի տակ գտնվելը խոչընդոտում է այս վարույթով նրա պաշտպանությունը պատշաճ իրականացնելու համար», - ասաց փաստաբան Արամայիս Հայրապետյանը:

Հոկտեմբերից կալանավորված Ղուկասյանի փաստաբանները բարձրաձայնում են ոչ պատշաճ բժշկական օգնության, խցի վատ պայմանների մասին: Չնայած իրավապահների պնդումներին, թե բավարար ապացույցներ ունեն, Ղուկասյանը հերքում է իրեն առաջադրված բոլոր, այդ թվում՝ կաշառք վերցնելու մեղադրանքը և բանտից դատի է տվել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին: Պահանջում է հերքել իրեն զրպարտող տեղեկությունները, ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտման փաստը և կես միլիոն դրամի փոխհատուցում վճարել: Դատական տեղեկատվական համակարգում նշված չէ թե ՔՊ-ական Ռուբինյանի որ արտահայտությունն է Ղուկասյանը զրպարտություն համարել: Ավելի վաղ Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում Գյումրիի քաղաքապետի լուսանկարն էր հրապարակել ու գրել «6 ամիս և 1 օր: Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ ուղիղ այսքան պահանջվեց, որպեսզի սա վերադառնա կաշառակերության իր սիրած գործին ու բռնվի», - ասված է հրապարակման մեջ:

XS
SM
MD
LG