Երևանում նորահայտ հուշարձանի կարգավիճակ ունեցող Կոմիտասի շուկայի շենքի հետ կապված շրջադարձային իրադարձություններ կարող են տեղի ունենալ սեփականատիրոջ կողմից դատարան ներկայացրած երկու հայցերի ու դատական որոշումների պատճառով։
Շենքը պատկանում է «Ջի թի բի թաուեր» ընկերությանը, որի սեփականատերը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր փեսան է՝ Գրիգոր Տեր-Ղազարյանը, սակայն իրավաբանական անձանց ռեգիստրում «Ջի թի բի թաուեր»-ի սեփականատեր հանդես է գալիս նրա կինը՝ Նոնո Սարգսյանը։
Նրանք վարչական վերաքննիչ դատարանում ԿԳՄՍ նախարարության դեմ հայցով հասել են մի որոշման, ըստ որի շուկայի շենքը չունի հուշարձան դառնալու հիմքեր, իսկ մյուսով որպես հայցի ապահովման միջոց, դատարանը ԿԳՄՍՆ-ին արգելել է շենքը հուշարձանների պետական ցուցակում ներառել ու ներկայացնել կառավարության հաստատմանը։ Այս գործողությունները կասկածներ են առաջացնում, որ կառուցապատողը շենքի հետնամասում բարձրահարկ կառուցելուց զատ նպատակ ունի նաև հուշարձանի տեսքի հետ կապված փոփոխություններ կատարել, այդ նպատակով է սկսել դատական գործընթացները։
Ավելի վաղ ընկերությունը հերքել էր շենքի արտաքին տեսքի որևէ փոփոխության մասին խոսակցությունները։
Մինչև 2022-ի սեպտեմբերը Կոմիտասի շուկայի ու դրա հետնամասի հողամասի սեփականատերերն էին ՀՅԴ-ականներ Հակոբ Մաթիյանը, Սիմոն Սիմոնյանը, Քևորք Խարչաֆջյանը։ Այնուհետև շենքը գնեց Նոնո Սարգսյանը՝ Արմեն Սարգսյանի դուստրը, ընկերության անունը փոխվեց՝ «Յունիոն-Սերվիս»-ից դառնալով «Ջի թի բի թաուեր»։ Ընկերությունը շուկայի հետևի հատվածում 4400 քառակուսի մետրի վրա մտադիր է կառուցել 25 հարկանի բնակելի համալիր, որը կներառի նաև լողավազան, մարզասրահ, պենտհաուսներ։ Կայքում ներկայացված նախագծում շուկայի շենքի արտաքին տեսքի փոփոխություններ չկան։
«Ջի թի բի թաուեր»-ը անհիմն է համարում անցած դարի 50-ականներին կառուցված շուկայի շենքին հուշարձանի կարգավիճակ տալը:
Կոմիտասի շուկայի շենքը Մշակույթի նախարարության (կրթության, գիտության նախարարություններն ու մշակույթի նախարարությունն այդ ժամանակ դեռ չէին միավորվել) փորձագիտական հանձնաժողովի կողմից նորահայտ հուշարձան է ճանաչվել 2019-ի մայիսին՝ համապատասխան արձանագրությամբ։ 2023-ից սկսած դատական գործընթացներում «Ջի թի բի թաուեր»-ը փորձել և հասել է նրան, որ դատարանը որոշել է՝ շուկայի շենքը հուշարձան դարձնելու իրավական հիմքեր չկան։ Վարչական դատարանն այս մարտին ընկերության հայցը մերժել է, սակայն հոկտեմբերի 2-ին վարչական վերաքննիչը բավարարել է «Ջի թի բի թաուեր»-ի հայցն ամբողջությամբ։
Դատական գործի ուսումնասիրությունից տեղեկանում ենք, որ «Ջի թի բի թաուեր»-ը իր հայցի հիմքում դրել է այն, որ Մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովը Կոմիտասի շուկայի շենքը նորահայտ հուշարձան է ճանաչել համապատասխան նիստի արձանագրությամբ, այնինչ նիստի արձանագրությունը չի կարող համարվել վարչական ակտ, այլ միայն փորձագիտական եզրակացությունը։ Հայցով «Ջի թի բի թաուեր»-ը նաև շեշտել է, որ շուկայի շենքին հուշարձանի կարգավիճակ տալու հիմնավորումները արտահայտել են նիստի մասնակիցների սուբյեկտիվ կարծիքները։ Ըստ ընկերության՝ շուկայի շենքը նորահայտ հուշարձան ճանաչելու արդյունքում իրենք չեն կարողանում լիարժեք տնօրինել իրենց գույքը, կառուցել բնակելի շենք կամ բիզնես կենտրոն, ստանալ շահույթ, հուշարձանի դեպքում կիրառվելիք սահմանափակումներն էլ նվազեցնում են գույքի գրավչությունը։ ԿԳՄՍՆ-ն վարչական վերաքննիչի այս որոշումը մտադիր է բողոքարկել վճռաբեկում։
Այս հայցին զուգահեռ «Ջի թի բի թաուեր»-ը վարչական դատարան է դիմել մեկ այլ գործով, որով խնդրել է վերացնել շուկայի շենքի նորահայտ հուշարձանի կարգավիճակը, արգելել ԿԳՄՍՆ-ին շենքը ներառել հուշարձանների պետական ցուցակում։ Պահանջի առաջին մասը՝ շենքի՝ հուշարձանի կարգավիճակը վերացնելու մասով, մերժվել է, սակայն երկրորդ մասը՝ ԿԳՄՍՆ-ին որոշ գործողություններ արգելելու մասով բավարարվել է։ Նախարարությունից «Ազատությանը» հայտնել են, որ դատարանի այս որոշումը չեն բողոքարկելու։
ԿԳՄՍՆ-ն պահպանական գոտի չի սահմանել, շուկայի շենքը նորահայտ հուշարձանների ցուցակում չի ներառել
Չնայած Կոմիտասի շուկայի շենքը 2019-ին է ճանաչվել նորահայտ հուշարձան, սակայն տարիներ շարունակ ԿԳՄՍ նախարարությունը որևէ գործողություն չի ձեռնարկել հուշարձանի պահպանական գոտին սահմանելու, այն հուշարձանների պետական ցուցակում ներառելու համար։ «Ջի թի բի թաուեր»-ն իր հայցերում նաև այս հանգամանքներն է առանձնացրել։
«Ազատության» հետ գրավոր հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍՆ-ն հայտնել է՝ «նորահայտ հուշարձանը մինչ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը պահպանվում է օրենքով սահմանված կարգով ու շենքի սեփականատերը պարտավոր է ապահովել դրա անվթարությունը»։
Հուշարձանի պահպանական գոտի չսահմանելու հետ կապված՝ նախարարությունից պարզաբանել են, որ դրանով զբաղվում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ յուրաքանչյուր տարվա համար սահմանած նախագծերի քանակով և ըստ հրատապության։ Այդ պատասխանից կարելի է ենթադրել, որ շուկայի պահպանական գոտին կազմելը հրատապ չի եղել։
Հարցին, թե ի՞նչ գործողություններ կարող է ձեռնարկել ԿԳՄՍՆ-ն «Ջի թի բի թաուեր»-ի հայցերի բավարարումից հետո հուշարձանը պաշտպանելու համար, նախարարությունից պատասխանել են՝ շենքը նորահայտ հուշարձան է ու պահպանվելու է նույն կարգով, ինչ պետական ցուցակում ներառված հուշարձանները, բացի այդ, ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է վարչական վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել վճռաբեկում։
Մինչ դատական զարգացումները, դեռ 2021-ի դեկտեմբերին ԿԳՄՍ գիտամեթոդական խորհուրդը համաձայնել էր բուն շուկայի տարածքի ամրակայմանն ու վերականգնմանը, իսկ շուկայի հետնամասում համալիր կառուցելու հարցը՝ հասցեագրել քաղաքապետարանին։ Գիտամեթոդական խորհրդի այդ նիստի արձանագրությունից պարզ է դառնում, որ դրա անդամներից ճարտարապետ Արտակ Ղուլյանը շեշտել է՝ «հուշարձանի բաղկացուցիչ մասը դրա տարածքն է, ու շուկայից 30 մետր հեռավորությամբ համալիրի կառուցումը փոխում է Երևանի անցած դարի տեսքը»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ նորակառույցը 8 հարկը չպետք է գերազանցի։
«Ջի թի բի թաուեր»-ը թեպետ արդեն շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել ՇՄԱԳ հաշվետվություն, ինչպես նաև ունի նախագծման թույլտվություն Երևանի քաղաքապետարանից, սակայն դեռ չի դիմել շինթույլտվության համար։ «Ջի թի բի թաուեր»-ը չի արձագանքել «Ազատության» գրավոր հարցերին, իսկ Գրիգոր Տեր-Ղազարյանի հեռախոսին պատասխանած անձն ասաց, թե նա երկրում չէ, չի կարող հարցերի պատասխանել։ Նրանց ուղղված հիմնական հարցն էր, թե ինչո՞ւ են դատարան դիմում նման հայցերով, եթե ցանկություն չունեն շենքի արտաքին տեսքը փոխելու։
1957 թվականին կառուցված շուկայում ներկայում առևտրականներ չկան, կառուցապատողի պահանջով նրանք լքել են շենքը։ Դրա ներսում այժմ բնակություն են հաստատել մի քանի հնդիկներ։
Գրիգոր Տեր-Ղազարյանի բիզնես ակտիվությունը Հայաստանում աճեց հեղափոխությունից հետո՝ 2021 թվականից. նա «Ջի թի բի սթիլ» մետաղաձուլարանի համասեփականատերն է։ Ընկերությունը Երասխում էր կառուցել գործարանը, սակայն ադրբեջանական կողմի կրակոցների ու մետաղաձուլարանը չաշխատեցնելու պահանջից հետո այն ապամոնտաժվեց և տեղափոխվեց Արարատ համայնք, պետությունն էլ վարկի տեսքով փոխհատուցեց որոշ ծախսեր։
Գրիգոր-Տեր-Ղազարյանը համասեփականատեր է նաև «Ջի թի բի դիվելոփմենթ» ընկերությունում, որը ԱՄՆ-ում գրանցված այլ ընկերությունների հետ կոնսորցիումով հաղթել է Կասկադի անավարտ մասի վերակառուցման մրցույթը և ընկերությանն է օտարվելու ավելի քան 7 հեկտար հող՝ այնտեղ բնակելի և հասարակական, մշակութային շինություններ կառուցելու համար։ Ընկերությունը պարտավորվել է ավելի քան 20 միլիարդ դրամի ներդրումներ կատարել։
«ԼուրջCast» հաղորդման շրջանակում Տեր-Ղազարյանը խոսելով իր ներդրած գումարների ծագման մասին, ասել է, որ ՀՀ-ում երբևէ 100 դրամ չի աշխատել, միշտ կարողացել է ներգրավել ներդրումներ: «Արաբական Էմիրություններ, Լիբանանում, որոշ մեծ մասով ԱՄՆ-ում եմ բիզնեսներ ստեղծել, մեծացրել»,-հայտարարել է նա՝ առանց մանրամասնելու, թե ինչ ընկերություններ ունի արտերկրում, ինչով են դրանք զբաղվում, ինչ շրջանառություն ունեն։
Անդրադառնալով իր քաղաքական փոխկապակցվածությանը Երևանի քաղաքապետարանում ՔՊ-ի գործընկեր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ՝ Տեր-Ղազարյանը վստահեցրել էր, որ Արամ Սարգսյանին տարվա ընթացքում հանդիպում է 3-5 անգամ․ գործնական, քաղաքական խնդիրներ փորձում են չքննարկել։
Հեղինակ՝ Մկրտիչ Կարապետյան