Մատչելիության հղումներ

«Ազատության» տրամադրության տակ է հայտնվել Ուկրաինայում խաղաղության ամերիկյան նոր ծրագիրը. ինչ է այն ենթադրում


Նախագահ Զելենսկին առաջիկայում Դոնալդ Թրամփի հետ կքննարկի ամերիկյան խաղաղության պլանը, հայտնում է Կիևը:

Նախագծով, որը հայտնվել է «Ազատության» տրամադրության տակ, ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տալիս Ուկրաինային, բայց որոշ պայմաններով, թե ինչ՝ չի նշվում։ Ուկրաինան պարտավորվում է չդառնալ միջուկային պետություն:

Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը անցնում են Ռուսաստանին և դե ֆակտո ճանաչվում ռուսական, Խերսոնում և Զապորոժիեում շփման գիծը սառեցվում է, տարածքների մի մասը դառնում է ապառազմականացված բուֆերային գոտի՝ դե ֆակտո Ռուսաստանի վերահսկողության տակ։ Կողմերը պարտավորվում են սահմաններն ուժով չփոխել։

Ուկրաինան նաև պարտավորվում է չմիանալ ՆԱՏՕ-ին, կրճատել զինված ուժերի թիվը: ՆԱՏՕ-ն պարտավորվում է զորք չտեղակայել Ուկրաինայում, Ռուսաստանն էլ՝ չհարձակվել Ուկրաինայի և Եվրոպայի վրա: ԱՄՆ-ն և Եվրոպան Ուկրաինայի վերակառուցման խոշոր ներդրումային փաթեթ կպատրաստեն, որին ռուսական սառեցված ակտիվներից 100 միլիարդ դոլար կհատկացվի, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն աստիճանաբար կվերացվեն:

Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլի հետ քննարկել է խաղաղության նոր ծրագրի շուրջ Վաշինգտոնի հետ համագործակցելու ուղիները։ Երեկոյան ուղերձում էլ բավական զուսպ է արտահայտվել նոր պլանի մասին, հայտնել է, որ ամերիկյան կողմին բացատրել է, թե ինչն է սկզբունքորեն կարևոր Ուկրաինայի համար, ապա նշել՝ պատրաստ են աշխատել նոր պլանի վրա:

«Ուկրաինային խաղաղություն է անհրաժեշտ, իրական խաղաղություն, որը չի խախտվի երրորդ ներխուժմամբ, արժանապատիվ խաղաղություն՝ այնպիսի պայմաններով, որոնք հարգում են մեր անկախությունը, ինքնիշխանությունը և ուկրաինացիների արժանապատվությունը։ Եվ հենց այս պայմաններն են, որ պետք է ապահովենք», - հայտարարել է Ուկրաիանայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Կան հստակ կարմիր գծեր, որոնք չպետք է հատվեն. ՄԱԿ-ում Ուկրաինայի փոխդեսպան

Ի տարբերություն Զելենսկու՝ ՄԱԿ-ում Ուկրաինայի փոխդեսպանը Անվտանգության խորհրդում կոշտ է արտահայտվել ծրագրի մասին խոսելիս: Ուկրաինան պատրաստ է իմաստալից բանակցությունների, սակայն կան հստակ կարմիր գծեր, որոնք չպետք է հատվեն, զգուշացրել է Խրիստինա Հայովիշը և հավելել՝ Կիևը երբեք չի ճանաչի Ռուսաստանի օկուպացրած ուկրաինական տարածքները՝ դրանք չեն վաճառվում:

«Ուկրաինան չի ընդունի ինքնապաշտպանվելու իր իրավունքի կամ մեր զինված ուժերի թվի և կարողությունների որևէ սահմանափակում, նաև չի հանդուրժի մեր ինքնիշխանության որևէ խախտում, այդ թվում՝ մեր ինքնիշխան իրավունքի՝ ընտրելու այն դաշինքները, որոնց ցանկանում ենք միանալ», - շեշտել է ՄԱԿ-ում Ուկրաինայի փոխդեսպանը:

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը հերքել է, թե համաձայնել է նոր պլանին: Ռուստեմ Ումերովն ասել է՝ հիմա ուսումնասիրում են այն, և շեշտել՝ ինքնիշխանությունը, անվտանգությունն ու արդար խաղաղությունն անփոփոխ սկզբունքներ են Ուկրաինայի համար, որն ակնկալում է, որ մյուս կողմերը կհարգեն իր դիրքորոշումը:

Reuters-ը երկու աղբյուրի հղումով հայտնում է, որ ԱՄՆ-ը սպառնում է դադարեցնել հետախուզական տվյալների տրամադրումն ու զենքի մատակարարումն Ուկրաինային, եթե այն չհամաձայնի նոր պլանին մինչև հաջորդ հինգշաբթի:

Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները խոսել են Զելենսկիի հետ և վստահեցրել՝ կշարունակեն աջակցությունը Ուկրաինային, որը պետք է լիովին ընդգրկված լինի խաղաղության գործընթացում, իսկ ուկրաինական զինուժը պետք է կարողանա պաշտպանել երկրի ինքնիշխանությունը: Զելենսկին էլ հայտարարել է՝ դաշնակիցների հետ աշխատում են՝ ապահովելու, որ Ուկրաինայի պետական շահերը հաշվի առնվեն:

ԵՄ արտգործնախարարը հայտարարել է, որ ԵՄ-ն աջակցում է խաղաղության ցանկացած ծրագրի, որը տևական և արդար խաղաղություն կբերի, ընդգծել է. «Մենք միշտ ասել ենք, որ խաղաղության ցանկացած ծրագիր պետք է իրականացվի Ուկրաինայի և եվրոպացիների մասնակցությամբ»:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ հայտարարել է՝ Ուկրաինային կաջակցեն որքան անհրաժեշտ լինի:

«Ուկրաինան կարող է հույս դնել մեզ վրա, քանզի սա ագրեսիա է ոչ միայն Ուկրաինայի, այլև ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների դեմ։ Այն տեղի է ունենում եվրոպական հողի վրա», - ասել է ֆոն դեր Լայենը:

Գերմանիայի արտգործնախարարի խոսքով էլ՝ սա վերջնական պլան չէ, այլ՝ առաջարկների ցանկ, որը պետք է քննարկվի:

«Մենք ցանկանում ենք ապահովել, որ Ուկրաինան կարողանա այս կետերը քննարկել ուժի դիրքերից։ Եվ հենց Ուկրաինան պետք է որոշի, թե ինչ փոխզիջումների գնալ, ինչպես որ Ռուսաստանը պետք է իր մասով նման որոշումներ կայացնի», - ասել է Յոհան Վադեֆուլը:

Մոսկվան պաշտոնապես որևէ առաջարկ չի ստացել Վաշինգտոնից, ինչ-որ բաների մամուլից են տեղեկանում, ասել է Կրեմլի խոսնակը, հավելելով՝ պատրաստ են բանակցել:

«Ամերիկյան կողմից կան որոշակի գաղափարներ, բայց ներկայումս որևէ էական բան չի քննարկվում։ Մենք լիովին բաց ենք և շարունակում ենք բաց լինել խաղաղ բանակցությունների համար», - հայտարարել է Դմիտրի Պեսկովը:

Այս ֆոնին Ռուսաստանը հայտարարել է, որ գրավել է Խարկովի Կուպյանսկ քաղաքը, նաև չորս գյուղ Դոնեցկում: Ուկրաինան հերքել է՝ ասելով, որ Կուպյանսկի համար մարտերը շարունակվում են:

XS
SM
MD
LG