Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Շողակաթ» հեռուստաընկերությունը հանրային հեռարձակողներից դուրս թողնելու նախագիծը:
Նախագծին կողմ քվեարկեց 63 պատգամավոր, դեմ՝ 31-ը:
Գործող օրենքով՝ պետական միջոցների հաշվին հեռարձակվում են Հանրային հեռուստաընկերությունը, լրատվական ալիքն ու «Շողակաթը»: Իշխանական պատգամավորները, որ այս նախագծի հեղինակներն են, հիմնավորում են, թե երեքի դեպքում միջոցները արդյունավետ չեն ծախսվում, դիտումները ցածր են, որակը՝ նույնպես: Օրենքը փոխելու ու միջոցները արդյունավետ ծախսելու դեպքում նրանք դրական ակնկալիքներ ունեն:
Ընդդիմությունը, լրագրողական կազմակերպություններն այստեղ քաղաքական հնչերանգ են տեսնում:
«Շողակաթի» թեման խորհրդարանում սկսեց եռալ անցած տարվանից, երբ Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Աջապահյանը Տավուշից Երևան էր գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու: ՔՊ-ական Արսեն Թորոսյանը դեռ այն ժամանակ հանրային հեռարձակողի խորհրդի ղեկավարին ուղիղ առաջարկեց հեռուստաընկերությանը հատկացվող գումարը տալ Հանրայինին, ու այս թեման փակեն:
Լրագրողական կազմակերպությունները պնդում են՝ իրականում նախաձեռնության հիմքում ոչ թե վկայակոչված ֆինանսական, կառավարչական, որակական կամ գործառնական խնդիրներն են, «այլ ակնհայտորեն քաղաքական կոնտեքստն է՝ հետզհետե սրվող առճակատումը իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու միջև»: