Մատչելիության հղումներ

«Բայրամովը սխալ է ասում». իշխանականները հակադարձում են Ադրբեջանի ԱԳ նախարարին


ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյան, արխիվ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները հակադարձում են Ադրբեջանի արտգործնախարարին՝ պնդելով, թե Ջեյհուն Բայրամովը ճիշտ չի ասում, երբ հայտարարում է, որ Հայաստանն է հրաժարվել բանակցային գործընթացից և սադրիչ գործողություններով ի վերջո պատերազմ հրահրել:

«Ես համաձայն չեմ նրանց վկայակոչած փաստերի հետ, որովհետև այդ փաստերը ճիշտ չեն», - հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Համաձայն չեմ, որովհետև Հայաստանը ելքեր էր փնտրում հակամարտությունը խաղաղ կարգավորելու համար», - իր հերթին, ասաց Արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն օրերս ծավալուն հարցազրույցում պնդել էր՝ Հայաստանի վարչապետը տապալել է բանակցային գործընթացը՝ առաջարկելով Բաքվին բանակցել Արցախի հետ: Բայրամովը նաև մատնանշել էր, իր բնորոշմամբ, այն «սադրիչ» քայլերը, որոնք հանգեցրին պատերազմի. պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի «նոր պատերազմ՝ նոր տարածքներ», Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունները, 2020-ի հուլիսյան մարտերից հետո զինծառայողների ցուցադրական պարգևատումը և այլն:

«Անմիջապես այդ մարտերից հետո Փաշինյանը ցուցադրաբար պարգևատրեց այդ սադրանքներին մասնակցած զինծառայողներին, այդ թվում նրանց, ովքեր մասնակից էին եղել գեներալ Փոլադ Հաշիմովի սպանությանը», - ասել էր Բայրամովը:

Օրերս իրենց հարցազրույցներում Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները նույնպես հայտարարել էին, որ 44-օրյա պատերազմի պատճառներից մեկը Փաշինյանի կողմից բանակցություններից հրաժարվելն էր: Սարգսյանի և Քոչարյանի համոզմամբ՝ Փաշինյանն իր անհեռատես գործողություններով պատերազմ է հրահրել:

Նաև այս հանգամանքը հաշվի առնելով` խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն այսօր հատուկ հակադարձում էր ոչ միայն Ջեյհուն Բայրամովին, այլև Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, չմոռանալով նաև առաջին նախագահին:

«Առաջինն, իհարկե, բանակցային գործընթացից խուսափելն էր և ընդհանրապես հրաժարվելը: Մենք տեսանք՝ Տավուշում իրադարձությունները ինչի բերեցին, և պատճառներից մեկն էլ դա էր՝ արդարացուցիչ պատճառներից մեկը դա էր, Ադրբեջանի համար նկատի ունեմ», - մասնավորապես ասել էր Սերժ Սարգսյանը:

«Առաջին հերթին դա բանակցային գործընթացի ձախողումն էր, և այդ ձախողումը եղավ Հայաստանի նախաձեռնությամբ, Հայաստանը հրաժարվեց բանակցել», - ասել էր Ռոբերտ Քոչարյանը:

«Ադրբեջանի արտգործնախարարը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ են ասում, Հայաստանը պատերազմ չի հրահրել, Հայաստանը պատերազմ չի սկսել, Հայաստանը չի դադարեցրել բանակցային գործընթացը: Ես համաձայն չեմ Ջեյհուն Բայրամովի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ», - այսօր հակադարձեց Ռուբեն Ռուբինյանը:

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը, որը Բաքուն սադրիչ էր որակել, ապա Ռուբինյանը հիշեցնում է՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ ժամանակին նման հայտարարություն է արել:

«Ռոբերտ Քոչարյանը ասել է՝ Արցախը, Ղարաբաղը 88 թվականից մինչ օրս Հայաստանի մաս է, ըստ Ռոբերտ Քոչարյանի և իր գործընկերների տրամաբանության՝ ինքը պատերա՞զմ է հրահրել», - նշեց խորհրդարանի փոխխոսնակը:

Ազգային ժողովի փոխնախագահը 44-օրյա պատերազմի պատճառների իր բացատրությունն ուներ՝ նախկին նախագահների պաշտոնավարման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսն այնքան էր խախտվել, որ Բաքվին զսպող որևէ հանգամանք այլևս չկար:

«Պետք էր այ էդ տարիները օգտագործել Հայաստանի ռազմական բյուջեն մեծացնելու համար, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան բյուջեն մեծացնելու համար կամ Սերժ Սարգսյանի ընտանեկան բյուջեն մեծացնելու համար, և էսպես շարունակ: Այ դա է պատճառը եղել 44-օրյա պատերազմի. Ադրբեջանում աճել է ռազմական բյուջեն, մեր երկրում աճել է երկրի ղեկավարների ընտանեկան բյուջեները: Այ դա է նպաստել պատերազմի սկզբին», - հայտարարեց Ռուբինյանը:

Պաշտոնական Երևանը ոչ վարչապետի և ոչ էլ Արտգործնախարարության մակարդակով առայժմ չի արձագանքել բանակցային գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մեղադրանքներին:

«Հայաստանը համանախագահների ոչ մի առաջարկ չի մերժել»

Առայժմ ՔՊ-ական պատգամավորների մակարդակով է իշխանությունը հերքում հնչող քննադատությունները, այդ թվում՝ որ Հայաստանը հրաժարվել է 2019-ի ամռանը համանախագահների ներկայացրած կարգավորման առաջարկներից:

«Ամբողջ բանակցային գործընթացի պատմության մեջ առաջին անգամ կոնֆլիկտի կողմերից մեկը հրաժարվել է ընդհանրապես քննարկել ներկայացված փաստաթուղթը: Դա ներկայացվել էր ամռանը 19 թվականին: Ինչ էր ասում այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը՝ սկսելու ենք զրոյական կետից, և թող բանակցեն Ղարաբաղի հետ», - հարցազրույցում ասել էր Հայաստանի երկրորդ նախագահը՝ հավելելով. - «Երբ չկան բանակցություններ, ուրեմն՝ կողմերից մեկը, որը դժգոհ է ներկա իրավիճակից, պետք է սկսի պատրաստվել պատերազմի»:

«Ներողություն, 2019 թվականին ինչ-որ առաջարկ է եղել, որին Ադրբեջանը համաձայնվել է, իսկ Հայաստանը չի համաձայնվե՞լ: 2019 թվականին չի եղել առաջարկ, որին Ադրբեջանը համաձայնվել է, և Հայաստանը չի համաձայնվել: Հայաստանը որևէ առաջարկ չի մերժել», - այսօր պնդեց Ռուբեն Ռուբինյանը:

Այն, որ 2019-ին համանախագահները կարգավորման առաջարկ են ներկայացրել Հայաստանի վարչապետին, Նիկոլ Փաշինյանը խոստովանեց այս տարվա փետրվարին խորհրդարանում, թեև 2019-ի դեկտեմբերին հակառակն էր պնդում:

«Նախ ասեմ, որ քննարկվող փաստաթուղթ սեղանի վրա չկա», - այն ժամանակ հայտարարել էր Փաշինյանը:

Մինչդեռ տարիներ անց նա հայտարարեց. - «Բանակցությունների սեղանին միշտ թուղթ ա եղել, տենց բան չի էղել, տենց մի օր չի էղել, որ բանակցությունների սեղանը առանց թղթի լինի, միշտ ինչ-որ թուղթ դրած ա էղել»:

«Այն, որ Հայաստանի կառավարիչներին համանախագահները նոր առաջարկ են տվել, նոր փաստաթուղթ են տվել, հանրությունից թաքցվում էր», - պնդում է Հայաստանի երրորդ նախագահը:

Չնայած ընդդիմության պարբերական կոչերին՝ հրապարակել 2019 թվականի հունիսին բանակցային սեղանին դրված, ինչպես նաև հակամարտության կարգավորմանը վերաբերող մյուս բոլոր պաշտոնական առաջարկները, Փաշինյանը շարունակ պնդում էր, թե դրանք ցաքուցրիվ են և դեռ պետք է ի մի բերվեն:

«Կարողացանք կորզել խոստում». Սերժ Սարգսյան

Միայն օրերս, արձագանքելով Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանը խոստացավ մինչև տարվերջ հրապարակել 2019-ի բանակցային փաստաթղթերը՝ ասելով, որ այժմ դրանք սքանավորման փուլում են:

Սերժ Սարգսյանն այսօր իր գործով դատական նիստից առաջ կարևոր համարեց հանրությունից թաքցրած 2019-ի կարգավորման առաջարկները վերջապես հրապարակելու Փաշինյանի խոստումը:

«Կարևորը էն ա, որ կարողացանք կորզել գոնե խոստում՝ բանակցային փաստաթղթերը հրապարակելու: Տեսնենք», - հայտարարեց նախկին նախագահը:

Իշխանության այն քննադատությանը, թե Ադրբեջանի արտգործնախարարն ու Հայաստանի նախկին նախագահները նույնաբովանդակ մեղադրանքներ են հնչեցնում վարչապետի հասցեին, Սարգսյանը կարճ արձագանքեց. - «Պետք չէ սեփական անճարակությունը ուրիշներին վերագրել»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG