Արդյո՞ք հաջորդ շաբաթ կայանալիք եպիսկոպոսած ժողովին կդադարեցվի վեհափառի հրաժարականը պահանջած 10 եպիսկոպոսների պաշտոնավարումը։ Մայր Աթոռն առայժմ չի շտապում ժողովի օրակարգային հարցերը գաղտնազերծել։ Հայտնի չէ նաև՝ արդյո՞ք Փաշինյանի արշավին միացած և վեհափառին կամովին հանգստյան գնալու կոչ արած բարձրաստիճան հոգևորականները առհասարակ կհրավիրվեն դեկտեմբերի 10-ից 12-ը կայանալիք եպիսկոպոսած ժողովին։
Ամեն դեպքում, եթե 57 եպիսկոպոսներից 10-ն էլ չմասնակցեն այդ ժողովին, ապա դա դժվար թե քվորումի հետ կապված խնդիրներ առաջ բերի, այդ մասին «Ազատության» հետ զրույցում նշեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Հարցին, թե այդ ժողովի ընթացքում դրվելո՞ւ է նրանց պատասխանատվության ենթարկելու, իրենց կոչումներից զրկելու հարցը, այդպիսի հորդորով հանդես էին եկել նաև Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները, Տեր Եսային պատասխանեց. «Օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ կրկին մենք առանձին դրան կանդրադառնանք ու ըստ անհրաժեշտության դրանք կներկայացնենք»։
Մայր աթոռի դիվանապետ Արշակ սրբազանն այսօր թեև չցանկացավ խոսել եպիսկոպոսաց ժողովի օրակարգի մասին, բայց երեկ լրագրողների հետ հանդիպմանը հստակ հայտարարեց՝ 10 եպիսկոպոսների «դավաճանական քայլը» չի կարող անպատասխան մնալ, և համարժեք քայլեր լինելու են։
Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն «արգելել է զեղչել Գարեգին Երկրորդի անունը»
Փաշինյանի հետ կառավարությունում հանդիպած, ապա դրանից հետո վեհափառի հրաժարականը պահանջած եպիսկոպոսները առհասարակ խուսափում են լրագրողների հետ շփումից։ Նրանք կամ զանգերին չեն պատասխանում, կամ տեղեկանալով, որ զանգահարողը լրագրող է, անջատում են հեռախոսը։ Այսօր, երբ զանգահարեցինք Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին, նա անգամ չցանկացավ լսել մեր հարցը, օրհնեց և անմիջապես անջատեց հեռախոսը։ Ի դեպ, կաթողիկոսի հրաժարականի պահանջին միացած եպիսկոպոս առաքել Քարամյանը արքեպիսկոպոսի կոչումը 2014-ին ստացել է հենց Գարեգին Երկրորդի հայրապետական կոնդակով:
Մամուլը բազմիցս է գրել, որ կուսակրոն Առաքել Քարամյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած՝ նախկին ԱԱԾ տնօրեն, նախկին Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հայրն է:
Ի դեպ, թեև Առաքել արքեպիսկոպոսը միացել է վեհափառի հրաժարականը պահանջող եպիսկոպոսներին, սակայն նա Կոտայքի թեմի քահանաներին արգելել է պատարագների ժամանակ զեղչել Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը։
Այս կիրակի Կեչառիսում տեղի ունեցած պատարագին, որին մասնակցել են ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և այլ պաշտոնյաներ, վեհափառի անունը հնչել է: «Ազատության» հետ զրույցում սա հաստատեց Կեչառիսի հոգևոր հովիվ Տեր Սահակ Սահակյանը՝ նշելով, որ «այդ ամենը եղել է առաջնորդ հոր՝ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի հրահանգով:
«Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն է ասել, որ ոնց արվում է, այդպես պետք է արվի, որ չենք զեղչում վեհափառի անունը: Այն, որ ասվում է, թե իբրև մեզ ասել է՝ զեղչենք, և մենք էլ ընդդիմացել ենք, դա սուտ է, կեղծիք է», - ասաց նա:
«Ազատություն». -Բայց եթե Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը պահանջում է կաթողիկոսի հրաժարականը, ինչպե՞ս է նա հրահանգել ձեզ չզեղչել Գարեգին Երկրորդի անունը պատարագի ժամանակ:
Տեր Սահակ Սահակյան- Կարող եք իր հետ խոսել հասկանալու համար, թե ինչու է այդպես: Մեզ բազմիցս ասվել է, որ վեհափառ հայրապետի դեմ չեն իրենց գործողությունները:
«Ազատություն». - Բա ո՞ւմ դեմ է, եթե վեհափառի դեմ չէ, ինչո՞ւ է նրա հրաժարականը ուզում:
Տեր Սահակ Սահակյան -Չեմ կարող ասել, չեմ հասկանում ես էլ շատ բաներ:
«Ազատություն». - Իսկ որպես հոգևոր սպասավոր, իբրև քահանա՝ ինչպե՞ս եք վերաբերվում վեհափառի դեմ արշավին:
Տեր Սահակ Սահակյան - Բացասական եմ վերաբերվում վեհափառ հոր նկատմամբ այս գործողություններին:
«Ազատություն». - Եվ սխա՞լ եք համարում նրա անունը զեղչելու որոշ թեմերի որոշումը:
Տեր Սահակ Սահակյան - Միանշանակ
Ի դեպ, Փաշինյանի մասնակցությամբ անցկացվող պատարագներում սովորաբար զեղչվում է կաթողիկոսի անունը։ Այդպես եղավ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում, նաև Վայոց Ձորի և Մասիացոտնի թեմերում։
Այն, որ վեհափառի դեմ վարչապետ Փաշինյանի արշավում Գարեգին Երկրորդը միայնակ չի մնացել, և 10 եպիսկոպոսների դավաճանական քայլը որևէ կերպ չի ազդելու վեհափառի որոշումների վրա, երեկ վերահաստատեց Մայր Աթոռի դիվանապետը՝ պնդելով՝ Փաշինյանին չի հաջողվելու հասնել իր ուզածին, այն է՝ «թշնամիների պահանջներին ենթարկվելով և իր իշխանությունը երկարաձգելու նպատակով իրեն ենթարկեցնել նաև Հայ Առաքելական եկեղեցին»։
«Ցանկություն կա ունենալ կառավարելի, ձեռնասուն եկեղեցականներ, որոնք պետք է սպասարկեն հոգևոր ոլորտում իր հետաքրքրությունները և իր շահերը։ Քանի ես այս ասպարեզում կամ, քանի դեռ կաթողիկոսը Գարեգին Երկրորդն է, այդպիսի մոտեցում չի լինելու», - ասել էր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։