Մատչելիության հղումներ

«Ձեզ հետևում են». համացանցի մեկնաբանություններն իրավապահների խոշորացույցի տակ


Իրավապահները չեն հերքում, որ զբաղված են համացանցը տնտղելով. նրանց սուր աչքը չի դադարում սոցցանցերում փնտրել ու գտնել իշխանությունների մասին օգտատերերի մեկնաբանությունները, դրանցում Քրեական օրենսգրքի խախտումներ տեսնել, ուղարկել Քննչական: Թե քանի՞ քաղաքացի է հայտնվել նրանց ուշադրության կենտրոնում, ի՞նչ ընթացք ունեն դրանք, իրավապահները չեն մանրամասնում. «Ազատությունը» գրավոր հարցում է ուղարկել Քննչական:

Խորհրդային տարիների այլախոհ, քաղբանտարկյալ, այժմ իրավապաշտպան Վարդան Հարությունյանն իրավապահների այս գործելաոճը համեմատում է խորհրդային ժամանակաշրջանի հետ:

«Խորհրդային միությունն անցավ անցյալի գիրկը, մոռացության մատնվեց, բայց պարզվում է խորհրդային մտածողությունը, դաստիարակությունը շարունակում է ապրել մեր մեջ, մեր մարդու մեջ, մեր իշխանավորի մեջ: Պակաս չեն հետևել մեզ, մեր քաղաքացուն, մեր քաղաքացու գործին՝ Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք և հիմա էլ Նիկոլ Փաշինյանի օրոք, որովհետև նրանք իրարից բացարձակապես տարբեր լինելով, իրար նկատմամբ թշնամություն ունենալով, նույնիսկ իրար ատելով շատ նման են իրար», - ասաց Հարությունյանը:

Ըստ նրա, վրդովված մարդկանց գրառումներ են ընդամենը, որոնք փոխարինում են խորհրդային խոհանոցներին. «Մարդիկ իրենց խոհանոցում զրուցում են: Լինում էր էն ժամանակ էլ, որ զրուցողներից մեկը կարող էր մատնագրեր գրել և այդ մարդուն այդ կարգի գրառումների կամ այդ կարգի խոսքերի համար հրավիրեին հատուկ ծառայություններ»:

Վարչապետի, ԱԺ նախագահի կամ այլ իշխանավորի տեսանյութերի տակ հարյուրավոր, նույնիսկ հազարավոր մեկնաբանություններն անհետևանք չեն մնում, եթե դրանք քննադատում, վիրավորում են նրանց: Այնպես, ինչպես խորհրդային շրջանում էր, ինչպես հիմա Ռուսաստանում է, նկատում է նախկին այլախոհը:

«Եթե նրանք իշխանավոր են, ապա որևէ մեկը իրավունք չունի իրենց մասին որևէ վատ բան ասի: Եթե ասում են, ապա իմ ոստիկանությունը, ոչ թե պետության ոստիկանությունը, այլ՝ իմ ոստիկանությունը, իմ հատուկ ծառայությունը, իմ ազգային անվտանգությունը կգնա նրա հետևից, կբերի նրան, և նա ստիպված պետք է կլինի կա՛մ ներողություն խնդրել, կա՛մ դատապարտվել, կա՛մ անցնել դատական կամ նախաքննական քաշքշուկներով», - ասաց Հարությունյանը:

«Ոստիկանական մահակը շարունակում է մնալ իշխանավորի ձեռքին»

«Առավոտ» կայքի ձեռքի տակ են հայտնվել մի շարք մեկնաբանություններ, որոնք, ըստ լրատվամիջոցի, դարձել են քննության առարկա վարչապետին ուղղված սպառնալիքի, նրա նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի հոդվածներով: «Ազատությունը» փորձել է կապ հաստատել իրավապահների թիրախում հայտնված այդ քաղաքացիների հետ, դեռ արձագանք չկա:

Մինչ Քննչականը կպատասխանի «Ազատության» հարցմանը, Վարդան Հարությունյանը նկատում է՝ իրավապահ համակարգը, փաստորեն, ունի կադրեր, որոնք տնտղում են համացանցը նույնիսկ ժամերով, որ հազարավոր մեկնաբանություններից առանձնացնեն, իրենց գնահատմամբ, կասկածելի քաղաքացիներին ու փորձեն նրանց պատժել իրենց խոսքի, կարծիքի համար:

«Ոստիկանական մահակը շարունակում է մնալ, նույն կույր մահակն իշխանավորի ձեռքին, իսկ դա արդեն ոստիկանություն չի, սովետական միլիցիա է, որի անունը փոխել են, բայց ոստիկանություն չի», - նշեց նա:

«Դու քեզ շատ ես համեմատում Քրիստոսի հետ, արի ազգովի քեզ խաչենք, բալքիմ այդպես պրծնենք քեզնից», - Գլենդելում բնակվող Դիանա Խեչոյանի այս մեկնաբանությունը իրավապահները դիտարկել ու համարել են վարչապետին ուղղված սպառնալիքի կոչ:

Մեկ այլ օրինակ էլ՝ «քո հիվանդ օրենքներով սատկի պրծնենք…». այս մեկնաբանության հեղինակը ևս կասկածվում է Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչի համար:

Քիչ չեն նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների օրինակները: Դատախազներին, քննիչներին Ֆեյսբուքում վիժվածքներ անվանած փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը մեղադրյալի աթոռին է: Ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանն էլ դատվում է դատավորների հասցեին արատավոր տեղեկություններ տարածելու մեղադրանքով: «Իմնեմնիմի» հաղորդավարները բանտում են ԱԺ նախագահի հասցեին հնչեցրած հայհոյախառն արտահայտությունների համար, մինչդեռ նույն Ալեն Սիմոնյանը պատասխանատվության չենթարկվեց հաղորդավարներին շան լակոտներ անվանելու, տարիներ առաջ էլ իրեն դավաճան անվանած քաղաքացու դեմքին թքելու համար:

Իրավապահները հրաժարվում են ըստ էության քննել ու պատասխանատվության ենթարկել նաև մյուս իշխանավորներին, որոնք պարբերաբար վիզը, ականջը կտրելու կոչեր են հնչեցնում ընդդիմադիրների հասցեին, КГБ-ի գործակալ անվանում բարձրաստիճան հոգևորականներին: Օրինակ, վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Լևոնյանի պնդումը, թե Բագրատ Արքեպիսկոպոսը КГБ-ի գործակալ է և Կրեմլից է ֆինանսավորվել, դատարանը համարել էր որպես դատողական գնահատական: Ընդդիմադիրները սա համարում են խտրական արդարադատություն:





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG