Մատչելիության հղումներ

«Իմ եզրակացությունն արել եմ». Սամվել Շահրամանյանը հանդիպել է Արցախի թեմի առաջնորդի հետ


Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը հանդիպել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ: Շահրամյանը նրանից հետաքրքրվել է վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման նպատակի մասին:

«Հաջորդ օրն եմ հանդիպել իր հետ, ստացել եմ հիմնավորումները: Ինձ մեկ հարց էր հետաքրքրում՝ արդյոք այդ հանդիպումը համաձայնեցվա՞ծ էր վեհափառի հետ ու ստացել եմ բացասական պատասխան, և իմ եզրակացությունն արել եմ», - այսօր լրագրողներին ասաց Շահրամանյանը:

Թե ինչպես է եպիսկոպոսը բացատրել իր այցի նպատակը Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչած Նիկոլ Փաշինյանի կաբինետ, Շահրամանյանը չմանրամասնեց, ասաց՝ սպասում է համապատասխան որոշմանը:

«Ամենացավալին այն է, որ մենք ականատես ենք գործող իշխանության ու եկեղեցու հակադրությանը: Իմ կարծիքով՝ դա չպետք է հանրայնացվեր ու պետք է իրականացվեր փակ դռների հետևում պատշաճ ու առանց լայն հասարակությանը ներգրավելու», - հավելեց նա:

Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումից հետո թեմական խորհրդի անդամները հորդորել էին, որ հոգևոր առաջնորդը հայտարարություն անի ու ներողություն խնդրի իր բռնագաղթյալ ժողովրդից։ Հայտարարությունն արել էր, բայց ներողություն չէր խնդրել: Վրթանես սրբազանը պարզաբանել էր, թե Փաշինյանին հանդիպել է՝ որպես Մայր Աթոռի եպիսկոպոսաց հանձնախմբի անդամ, և այդ հանդիպումն առնչություն չունի Արցախի խնդրի ու արցախցիներին հուզող հարցերի հետ։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG