Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազությունը ևս մերժել է փոխել Գյումրիի քաղաքապետի կալանքը


Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանից հետո նաև Գլխավոր դատախազությունն է մերժել փոխել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը:

Փաստաբանների այս բողոքի հիմքում քննիչի 2 տարբեր որոշումներն էին, որոնցից մեկով կալանք էր նախատեսված, մյուսով այլընտրանաքային խափանման միջոց ու պաշտոնի կասեցում: Փաստաբանների պնդմամբ՝ դատախազը պետք է վերացներ կալանքը և կիրառեր այլընտրանքային միջոցը: Փաստաբան Արամայիս Հայրապետյանն ասաց՝ դատախազության մերժումը կբողոքարկեն դատական ճանապարհով:

«Դատախազությունից երկու բողոքներից մեկի պատասխանն ունենք, որով մերժվել է մեր բողոքը ազատ արձակման, իսկ անգործության դեմ էլ էինք բողոք տարել, որպեսզի իրավունքի խախտման փաստն արձանագրվի, դրանով դեռ պատասխան չունենք: Բողոքի մերժման մասին որոշումը շուտով կվիճարկենք դատական կարգով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետի փաստաբանը:

Մինչ այդ կոռուպցիայի կասկածով կալանավորված Վարդան Ղուկասյանին 1.5 ամսվա ընթացքում արդեն երրորդ մեղադրանքն է ներկայացվել՝ վերջինը խուլիգանության, նախավերջինը՝ իշխանության զավթման կոչի հոդվածներով: Խուլիգանության գործով նաև կալանավորվեց նրա որդին, որը մինչ այդ տնային կալանքի տակ էր:

Իսկ Գյումրիի ավագանիում Ղուկասյանի բացակայությանը զուգահեռ վերադասավորումները շարունակվում են: Ղուկասյանի ղեկավարած Կոմկուս խմբակցությունից արդեն 4-րդ ավագանին է մանդատից հրաժարվում: Նրանցից 2-ը զանգվածային անկարագություններին մասնակցելու մեղադրանքով կանալավորված են, մեկն էլ Արթիկի բանտից օրերս ազատ արձակվեց:

Տիգրան Ավագյանի մանդատը օրերս ստացավ Արտյոմ Մկրտչյանը, սակայն վերջինս մանդատի հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում Գյումրիի քաղաքապետարանում՝ կոմունալ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է. կա՛մ պետք է մանդատը վերցնի, կա՛մ պաշտոնից հրաժարվի:

Ընտրատարածքային հանձնաժողովից «Ազատությանը» փոխանցեցին, որ Մկրտչյանը մանդատից հրաժարվել է և համայնքապետի արձանագրությունն արդեն իրենց մոտ է:

Առաջիկա նիստում հանձնաժողովը մանդատը կփոխանցի ցուցակի հաջորդ համարին Սիրանուշ Մելիքյանին:

Գյումրիի ավագանին 31 մանդատ ունի՝ այս պահին 17/14 հարաբերկացությամբ՝ հօգուտ ընդդիմադիր ուժերի:17-ը քվորումի ապահովման համար անհրաժեշտ մինիմում թիվն է, բայց մեկ հոգու բացակայությունն էլ կարող է նիստի ձախողման պատճառ դառնալ, ինչպես եղավ վերջին նիստում, երբ ՔՊ-ն բոյկոտում էր նիստը:

Նիստերի չկայացմամբ ավագանին լուծարելու սցենարն այս պահին Գյումրիում հնարավոր չէ իրականացնել, ինչպես եղավ նախորդ տարի:

Ավագանին կլուծարվի, եթե մեկ նստաշրջանում 3 ամիս նիստ չգումարի, իսկ այս նստաշրջանում հոկտեմբերին մեկ նիստ արդեն իսկ գումարվել է: Փետրվարից մեկնարկող ու մինչև մայիս տևող նստաշրջանին եթե նիստ չգումարվի, ապա ավագանին կլուծարվի ու արտահերթ ընտրություններ կնշանակվեն: Վերջին նիստը տապալելուց հետո ՔՊ-ն հաջորդը բոյկոտելու մասին դեռ չի հայտարարել: Խմբակցության ղեկավարից այսօր չհաջողվեց ճշտել, դա մեկանգամյա բոյկոտ էր, թե այն կշարունակվի: Սարիկ Մինասյանը մեր հեռախոսազանգերին չի պատասխանում: Իսկ ավագանին դեռ արտահերթ նիստ էլ չի հրավիրել, որ հերթական նիստի օր որոշի:


XS
SM
MD
LG