Մատչելիության հղումներ

Հաջիզադե. Ադրբեջանական չորս անկլավների վերադարձը գտնվում է մեր մշտական ուշադրության կենտրոնում


Ադրբեջանական չորս անկլավների վերադարձը գտնվում է մեր մշտական ուշադրության կենտրոնում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ APA գործակալությանը տված հարցազրույցում։

«Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քարքի գյուղի վերադարձը Ադրբեջանին միշտ էլ գերակա խնդիր է», ասել է նա, հավելելով՝ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում։

Պաշտոնական Բաքվի ներկայացուցիչը միաժամանակ «մեծ դիվանագիտական հաջողություն» է որակել Ղազախի շրջանի Բաղանիս Այրիմ, Աշագի Ասկիպարա, Խեյրիմլի և Գիզիլհաջիլի գյուղերի՝ անցած տարվա վերադարձը Ադրբեջանին։

Չորս գյուղերի վերադարձից ու Տավուշ-Ղազախ հատվածում անացծ տարի տեղի ունեցած մոտ 12 կմ-ի սահմանազատումից հետո՝ մինչ օրս գործընթացն առաջ չի շարժվել։

2024-ի գարնանը Տավուշի հատվածում մոտ 12 կմ սահմանազատելուց ու ադրբեջանին չորս գյուղ վերադարձնելուց հետո այս տարեսկզբին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե սահմանազատումը կշարունակեն հյուսիսից՝ այսինքն Տավուշից: Մինչ այս պահը, սակայն, այս ուղղությամբ որևէ գործնական աշխատանք չի կատարվել: Նախորդ շաբաթ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հայտարարեց՝ Տավուշի մարզում սահմանազատման հետ կապված այս պահին որևէ գործընթաց չկա:

Սահմանազատման հանձնաժողովների ղեկավարները՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը սեպտեմբերին էին հանդիպել:

Փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից «Ազատությանն» ասել էին, թե Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասերում է հանդիպումը եղել: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ սահմանազատման գործընթացը վերսկսվելու է ոչ թե Տավուշից, ինչպես նախապես հայտարարել են, այլ Սյունիքից: Այս հարցին ուղիղ չեն արձագանքել, ասել են, թե քննարկումներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG