Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչները նախաձեռնությունն անվանել են «Խաղաղության կամուրջ»


Ադրբեջան - Բաքվի համայնապատկեր, արխիվ
Ադրբեջան - Բաքվի համայնապատկեր, արխիվ

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ նոյեմբերի 21-22-ը Բաքու այցելության ժամանակ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ որոշում է կայացվել նախաձեռնությունն անվանել «Խաղաղության կամուրջ»: Այս մասին APA լրատվական գործակալությանը հայտնել է նախաձեռնության անդամ, Ադրբեջանի Ազգային ֆորումի վարչության նախագահ Ռամիլ Իսկանդերլին:

«Հաշվի առնելով, որ տվյալ գործընթացը սկսվել է անցած ամիս Երևանում, Բաքվի հանդիպման ժամանակ որոշում ընդունվեց, որ հետայսու նախաձեռնությունը գործելու է սեփական անվանումով: Այն կոչվելու է «Խաղաղության կամուրջ», - ասել է Իսկանդերլին:

Նրա փոխանցմամբ՝ Բաքվի հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման և խաղաղ գործընթացի հարցերով, քննարկվել է ներկայիս իրավիճակը, քաղաքացիական հասարակության դերը երկխոսության վերականգնման գործում ու նախատեսվող համատեղ գործողությունները:

Նախաձեռնության անդամների և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ քննարկվել են խաղաղության օրակարգի ամրապնդման քայլերը, որ ձեռնարկել են երկու երկրները Վաշինգտոնի հանդիպումից հետո, պաշտոնյան պատասխանել է հարցերին, փոխանցել է Իսկանդերլին:

Ըստ նրա՝ ծրագրի ոչ պաշտոնական, մշակութային մասում Հայաստանից հյուրերը զբոսնել են Բաքվում, այցելել քաղաքի պատմական ու տեսարժան վայրերը, եղել են նաև Հեյդար Ալիևի կենտրոնում, ինչը «նրանց մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել»:

Իսկանդերլին թվարկել է նախաձեռնության հայկական և ադրբեջանական կողմերի մասնակիցներին, Ադրբեջանի քաղհասարակության հինգ ներկայացուցիչների՝ նրա թվարկած անունների թվում չի եղել Դիլարա Էֆենդիևան: Վերջինիս Երևան այցը աղմուկ էր բարձրացրել, քանի որ պարզվել էր, որ նա 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքը փակած ու արցախահայության շրջափակմանը սկիզբ դրած «էկոակտիվիստներից» էր:

Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները խոստանում են «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Բաքու այցելության մանրամասները ներկայացնել վաղը Երևանում հրավիրած ասուլիսի ժամանակ:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG