Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Ղազախստանը համագործակցությունը կբարձրացնեն ռազմավարական գործընկերության մակարդակի


«Այսօր մենք կստորագրենք պատմական փաստաթղթեր, որպեսզի բարձրացնենք մեր հարաբերությունները երկու երկրների միջև և դարձնենք ռազմավարական հարաբերություններ», - այս մասին Աստանայում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Առաջին անգամ պաշտոնական այցող Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները նոր հնարավորություններ են բացում տնտեսական հարաբերությունների հետագա խորացման համար, բացվում են նոր տրանսպորտային հնարավորություններ, որոնք պետք է լրջորեն ուսումնասիրե»լ:

Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը: «Այդ առումով, երկրների առաջնորդները կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական: Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևոր են համարել TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի կյանքի կոչումը», - ասված է կառավարության տարածած հաղորդագրությունում:

Ղազախստանի նախագահն ընդգծել է նաև, որ իր երկիրը հետևողականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը:

Հաղորդվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Երևան-Աստանա ուղիղ ավիաչվերթերի գործարկման շուրջ:

Տոկաևը Փաշինյանին պարգևատրել է Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով:

«Ղազախստանում Ձեզ ճանաչում և հարգում են՝ որպես Հայաստանի համազգային առաջնորդ, ով կարողացել է նոր էներգիա ներարկել իր երկրի զարգացմանը և հզոր խթան հաղորդել պետականաշինության բոլոր ոլորտներում բարեփոխումներին։ Դուք ունեք ամուր հեղինակություն՝ որպես Հայաստանի ազգային շահերն առաջ մղելու գործում ռազմավարական տեսլականով և անսասան կամքով օժտված ականավոր պետական գործիչ։

Ես այսօր արդեն նշեցի, որ դուք «Իրական Հայաստան» հայեցակարգի հեղինակն ու հիմնադիրն եք։ Ես կարծում եմ, որ սա չափազանց կարևոր է այսօրվա պայմաններում», - Կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ հայտարարել է Ղազախստանի նախագահը:

«Բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում Դուք դրսևորել եք ոչ ավանդական, վճռական որոշումներ կայացնելու արժեքավոր կարողություն, որոնք անկասկած օգուտ կբերեն ամբողջ հայ ժողովրդին։

Սա անկասկած ցույց է տալիս, որ բարեկամական, եղբայրական Հայաստանը ընտրել է խաղաղ, կայուն զարգացման ուղին, և սա է Ձեր պատմական ներդրումը։ Հատկապես կցանկանայի ընդգծել Ձեր նշանակալի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացման և Վաշինգտոնում համապատասխան եզրափակիչ փաստաթղթի ստորագրման գործում», - նաև ասել է Տոկաևը:

Փաշինյանը մասնավորապես հայտարարել է. - «Ղազախստանը մեզ համար ունի շատ կարևոր, ոչ միայն գործնական, այլև խորհրդանշական նշանակություն արտաքին և տարածաշրջանային քաղաքականության առումով, քանի որ մեր արտաքին և տարածաշրջանային հարաբերություններում մենք հենվում ենք Ալմա-Աթայի հռչակագրի վրա՝ որպես մեր արտաքին հարաբերությունների գաղափարախոսության հիմք։ Եվ, ի դեպ, Ալմա-Աթայի հռչակագիրը նույնպես շատ կարևոր է Իրական Հայաստանի գաղափարախոսության համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG