17:27
«Այսօր որոշումով պետք է այստեղից դուրս գանք», - հայտարարեց հանձնաժողովի նախագահը։ Այսինքն՝ նիստն ամենայն հավանականությամբ կշարունակվի մինչ ուշ երեկո, հետո հանձնաժողովը որոշում կկայացնի ՀԷՑ-ին լիցենցիայից զրկելու հարցով։
17:08
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը նիստի ընթացքում հիմնականում լուռ է, նա քիչ առաջ խախտեց լռությունն արձագանքելով «Տաշիր կապիտալի» ներկայացուցիչների հաշվիչների շուրջ պնդումներին, նրանք ընդգծում են, թե գործողություն է արվել առանց համապատասխան ստորագրությունների։ Ռոմանոս Պետրոսյանն ասաց, թե սա պետք է քննության առարկա դառնա ՀԷՑ-ում: Մյուս կողմն արձագանքեց՝ դա պետք է տեղի ունենա ընկերության օրինական տնօրինության ներքո, այսինքն, եթե վարույթը կարճվի, Պետրոսյանի լիազորություններն էլ դադարեցվեն։
16:47
Հանձնաժողովի անդամին բացարկի միջնորդությունը միաձայն մերժվեց:
16:22
Փաստաբան Արամ Օրբելյանը հետաքրքվեց՝ արդյոք հանձնաժողովի անդամներից մեկը նախագիծը մշակած աշխատակիցներից մեկի հարազատն է։ Դրական պատասխան ստանալուց հետո Օրբելյանը բացարկի անհրաժեշտության մասին հայտարարեց և կարճատև ընդմիջում խնդրեց միջնորդությունը նախապատրաստելու համար։
15:07
ՀԷՑ-ի տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հարցրեց՝ ի՞նչ գործ ունեն ոստիկանները նիստերի դահլիճում։
Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հստակ պատասխան չտվեց, ասաց՝ նիստը դռնբաց է, կարող են ներկա լինել։
ՀԾԿՀ նախագահը պնդեց, թե երեկ կարգ են խախտել, իրենց կամքով որոշել են որտեղ նստել։
Մթնոլորտը լարվեց, ի վերջո հանձնաժողովի նախագահը ոստիկաններին դուրս հրավիրեց։
13:58
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) քննարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը լիցենզիայից զրկելու հարցը:
Հանձնաժողովի անդամները պատասխանում են ընկերության սեփականատեր «Տաշիր կապիտալի» ներկայացուցիչների հարցերին։
Փաստաբան Արամ Օրբելյանը հետաքրքրվեց՝ վարույթի շրջանակում հանձնաժողովը մոնիթորինգից զատ, սեփական ուսումնասիրություններ իրականացրե՞լ է: Ի պատասխան կոնկրետ օրինակներ չհնչեցին:
Նիստը մեկնարկել էր երեկ. հանձնաժողովի նախագծով առաջարկվել է դադարեցնել ՀԷՑ-ի լիցենզիան: Հանձնաժողովի աշխատակազմը երեկ ներկայացրեց ծավալուն մի փաստաթուղթ, որով ըստ իրենց՝ կան բոլոր հիմնավոր պատճառները և խախտումները, որպեսզի ընկերության լիցենզիան դադարեցվի։