Մատչելիության հղումներ

Ի՞նչ է նախատեսում ՀՀ-ԵՄ գործընկերության նոր փաստաթուղթը. մանրամասներ Բրյուսելից


Բրյուսելում Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի վեցերորդ հանդիպմանն այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը համագործակցության նոր՝ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթ ստորագրեցին։

Ավելի քան 70 էջանոց փաստաթղթի հիմնական բաղադրիչներից մեկը Հայաստան-Եվրամիություն անվտանգային ու պաշտպանական գործակցությունն է:

Բրյուսելը պատրաստվում է աջակցություն տրամադրել Երևանին դիմակայության բարձրացման համար: Փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո «Ազատություն»-ը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչից հետաքրքրվեց, թե կոնկրետ ինչ կարիքներ է ներկայացրել Հայաստանը պաշտպանության և անվտանգության ոլորտում, և ինչ տեսակի համագործակցություն և ֆինանսավորում է դա ենթադրում, արդյոք այդ գործակցությունը ներառում է նաև սպառազինության ոլորտում հնարավոր աջակցություն։ Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը հստակ պատասխան չտվեց։

«Մենք քննարկել ենք սահմանային կառավարման հարցում օգնություն տրամադրելը, ինչպես նաև նախկին հակամարտությունների և անվտանգության հետ կապված ականազերծման գործողությունների, ականազերծման հետ կապված վարժանքների, ինչպես նաև ականազերծման հետ կապված սարքավորումների տրամադրման հարցերը, և մենք քննարկել ենք նաև գործիքներ, որոնք վերաբերում են ընթացիկ և ինտենսիվացող ապատեղեկատվական արշավներին հակազդելուն։ Սա նաև այն գործիքակազմն է, որ մենք ունեցել ենք Մոլդովայում, և որով Հայաստանը ևս հետաքրքրված է», - ասաց նա։

«Ռուսաստանը և նրա պրոքսիները արդեն իսկ ակտիվացնում են ապատեղեկատվական արշավները Հայաստանում»

Բրյուսելը Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ պատրաստվում է 12 միլիոն եվրո աջակցություն տրամադրել օտարերկրյա տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության դեմ պայքարի կիբերանվտանգության համար։ Ըստ Եվրոպայի ընդլայնման հարցերով հանձնակատարի՝ սա կօգնի Հայաստանին ընտրություններից ընդառաջ հակահարված տալու կամ ավելի դիմացկուն լինելու ռուսական ապատեղեկատվության դեմ։

«Այս գումարով կֆինանսավորվեն մի շարք նախաձեռնություններ, այդ թվում՝ ականազերծման հետ կապված վարժանքներ և սարքավորումներ, ինչպես նաև տարածաշրջանային վստահության ամրապնդման միջոցառումներ։ Զուգահեռաբար Հայաստանը, իհարկե, բախվում է այլ մարտահրավերների։ Ռուսաստանը և նրա պրոքսիները արդեն իսկ ակտիվացնում են ապատեղեկատվական արշավները Հայաստանում հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք տեսել էինք գործի դրված Մոլդովայում, այսինքն՝ ձեռագիրը նույնն է։ Եվրոպական միության ֆինանսավորումը կներառի նաև օտարերկրյա միջամտությունների հայտնաբերումը, վերլուծությունը և դրանց արձագանքը», - հավելեց նա:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր հերթին հայտարարեց, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը մտնում է նոր փուլ։ Երկկողմ հարաբերությունները բարձրացվում են ռազմավարական մակարդակի. «Մեր հարաբերությունների զարգացման բնական տեմպը և մեր կողմից ձեռք բերված նոր նվաճումները երբեմն գերազանցում են մեր կարողությունները դրանք ֆորմալացնելու և մեր ավելի լայն օրակարգում ներառելու համար։ Այս գործընթացի ողջ ընթացքում մենք բարձր ենք գնահատել Եվրոպական միության պատրաստակամությունը՝ խորացնելու մեր գործընկերությունը, իր գործիքակազմում ներառելով որոշակի կետեր, այդ թվում՝ որոշ կետեր, որ նախատեսված են Եվրոպական միության թեկնածու պետությունների համար։

Սա արտացոլում է փոխադարձ քաղաքական հանձնառությունն ու հետաքրքրությունը, ինչպես նաև Հայաստանի հավակնությունները և ձգտումները»։

Անվտանգությունից ու պաշտպանական հարցերից զատ, կողմերը ընդլայնելու են համագործակցությունն այլ ոլորտներում ևս, մասնավորապես՝ տնտեսական։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը հայտարարեց, որ ՀՀ-ԵՄ նոր գործընկերության օրակարգը նաև բարեփոխումներ է նախատեսում, ներառյալ օրենքի գերակայության ամրապնդում, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացում և արդիականացում, նաև վիզային ռեժիմի ազատականացում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG