Գյումրիից Երևան հասած Ղուկասյանի աջակիցների մասնակցությունն ապահովելու համար այսօր դատական նիստն ավելի մեծ դահիճում էր անցկացվում: Հորն ու որդուն ոստիկանական ուղեկցությամբ են դահլիճ բերում:
Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում անգամ օծանելիքի փոքր սրվակ հանեց ծոցագրպանից ու սկսեց վրան ցողել, հետո որդուն փոխանցեց ինչը նկատեց դատավորը:
Դատարանում այսօր որպես վկա հարցաքննվեց Ղուկասյանի եղբորորդին՝ Կոլյա Ղուկասյանը, ով ժամանակին ավագանու անդամ է եղել: Շուրջ 40 դրվագով առաջադրված մեղադրանքը հիմնականում համայնքային հողատարածքների օտարումներին է վերաբերում: Մեկ վկայի հարցաքննությամբ էլ նիստը հետաձգվեց, բայց մինչ այդ Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը միջնորդեց դատարանին ապահովել իր վստահորդների՝ հայր ու որդի Ղուկասյանների անվտանգությունը հենց դատարանում: Հիշեցրեց, որ երկու նիստ առաջ նրանց նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել՝ երկու ոստիկանի ցուցմունքով:
«Դատարանի դահլիճում տեղի է ունեցել բռնություն, մասնավորապես՝ իմ պաշտպանյալի և իմ վստահորդների նկատմամբ, դա եղել է դիտավորյալ, դա եղել է սուտ մատնությամբ», - հայտարարեց փաստաբան Զարուհի Փոստանջյանը:
Ղուկասյանների նոր մեղադրանքի հիմքում դրվել են դատարանում ընթացող դատավարության ավարտին հոր ու որդու վիրավորական կոպիտ արտահայտություններն իրենց կաշառքի մեջ մեղադրողների հասցեին: Դատարանը մերժեց միջնորդությունը: Նիստի ավարտին էլ Վարդան Ղուկասյանը հասցրեց արձագանքել կոռուպցիայի մեջ իր մեղադրանքին, պնդելով, որ այն սարքված է իշխանության կողմից:
«Էս պատվերն իրենց կողմից է, մենք մաքուր ենք, ժողովուրդը թող գիտենա, որ իմ ձեռքերը մաքուր են», - ասաց Գյումրիի քաղաքապետը: