Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ Փաշինյանը հանդիպեց հազարավոր պետծառայողներին. նոր Սահմանադրությունը, աէրոդինամիկան և պետության լեգիտիմությունը


Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

«Կարևոր է՝ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն տեղի ունենա 2026-ի խորհրդարանական ընտրություններից հետո»

«Լեգիտիմություն պետք է լինի մեր հարաբերությունների մեկնակետը: Սա, ընդ որում, վերաբերվում է թե՛ արտաքին, թե՛ ներքին հարաբերություններին, քաղաքականություններին ու որոշումներին», - այսօր հազարավոր պետական ծառայողների առջև ունեցած ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի ներքին լեգիտիմությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է ունենալ նոր Սահմանադրություն, իսկ նոր Սահմանադրության հանրաքվեն պետք է տեղի ունենա 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո, ասաց վարչապետը:

«Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտիմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ», - հայտարարեց Փաշինյանը:

Մոտ մեկ ժամանոց ելույթի մեծ մասը նվիրելով արտաքին ու ներքին լեգիտիմության կարևորությանը՝ վարչապետը կրկին պնդեց, որ Հայաստանի քաղաքացիները օտարություն են զգում գործող Սահմանադրության և օրենքների նկատմամբ, քանի որ 1995 թվականից և դրանից հետո քաղաքացին չի ունեցել զգացողություն, որ Սահմանադրությունը բխում է իր կամքից: Սահմանադրական հանրաքվեների կասկածելի ինելու համոզմունքը, ըստ Փաշինյանի, ավելի ուժեղ է եղել, քան վստահությունը հանրաքվեի պաշտոնական արդյունքների նկատմամբ:

Այդ իսկ պատճառով նա կարևոր համարեց, որ սահմանադրական նոր հանրաքվեն լինի ժողովրդավարական իրական գործընթաց, որտեղ պայքար է գնալու ամեն քաղաքացու աջակցության համար, ամեն ձայնի համար մղվող իրական քարոզարշավը քաղաքացիներին իմացություն է հաղորդելու Սահմանադրության նախագծի մասին:

Փաշինյանն, ի դեպ, իր ելույթում չանդրադարձավ նոր Սահմանադրության նախագծից Անկախության հռչակագիրը և դրանում ամրագրված Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումը հանելու մտադրության մասին, այլ խոսեց պետության հարատևության համար անհրաժեշտ աէրոդինամիկայից:

Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելու պահանջը խաղաղության պայմանագիրը ստորագրելու Բաքվի նախապայմանն է:

«Ինչո՞ւ նոր Սահմանադրություն և ոչ թե սահմանադրական փոփոխություններ: Որովհետև սա Հայաստանի համար նոր քաղաքական բովանդակություն է, գիտակցություն, նոր քաղաքական և պետական վարդապետություն, և ինչպես Նոր Կտակարանում է ասվում՝ նոր գինին՝ նոր տիկերի մեջ: Նոր Սահմանադրությունը պետք է լուծի նաև մեկ այլ, թույլ տվեք ասել՝ ինժեներական խնդիր՝ պայմանականորեն, Սահմանադրությունը պետք է ապահովի պետության երկարաժամկետ ընթացքի համար անհրաժեշտ աէրոդինամիկա՝ էլի պայմանական, և աէրոդինամիկան կարող է տուժել, եթե պատկերացումը հստակ և միասնական չլինի, թե ինչ ենք մենք ուզում ունենալ արդյունքում՝ ավտոմեքենա՞, ինքնաթի՞ռ, թե՞ տիեզերանավ», - ասաց վարչապետը:

Փաշինյանը կարևորեց, որ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն տեղի ունենա հենց 2026-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո, որպեսզի այդ ընտրությունները մասնակից ուժերի համար դառնան հնարավորություն՝ նոր Սահմանադրության շուրջ քննարկումներ ծավալելու համար. - «Հենց սրա համար է կարևոր, որ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն տեղի ունենա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո: Դա հնարավորություն է, որ բոլոր ուժերը Սահմանադրության օրակարգի հետ կապված իրենց ասելիքը ու մոտեցումները նախ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում կիսեն ժողովրդի հետ, իսկ արդեն ընտրությունների արդյունքում ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական մեծամասնության դիրքորոշումը վճռական կլինի Սահմանադրության վերջնական նախագծի ձևավորման գործում»:

Ներքին լեգիտիմությունն ամրապնդելու նպատակով նոր Սահմանադրության ընդունման կարևորումից բացի, հազարավոր պետական ծառայողների առջև ելույթում Փաշինյանը խոսեց նաև արտաքին հարաբերությունների լեգիտմության մասին, պնդելով, որ դա բխում է ՄԱԿ-ի Կանոնադրությունից և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրից:

Լեգիտիմությունը չի երաշխավորում անվտանգությունը, բայց անվտանգության ավելի բարձր մակարդակ է ապահովում

Ընդունելով, որ լեգիտիմությունը չի լուծում բոլոր խնդիրները, չի երաշխավորում անվտանգությունը, Փաշինյանը պնդեց, որ այն անվտանգության ավելի բարձր, իսկ խոցելիության ավելի ցածր մակարդակ է ապահովում: Ցույց տալու համար, թե ինչպես է լեգիտիմությունը լուծում արտաքին անվտանգության հետ կապված խնդիրը, Փաշինյանը օրինակ բերեց զենքի գնման հետ կապված խնդիրները, որոնք, սակայն, այսօր իր իշխանությանը հաջողվել է հաղթահարել, թերևս ակնարկելով Ղարաբաղի հարցում իր որդեգրած դիրքորոշումը. Փաշինյանը 2022-ին Պրահայում ճանաչեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում:

«Երկար տարիներ, օրինակ, մենք էական սահմանափակումներ ենք ունեցել ռազմատեխնիկական ոլորտում տարբեր երկրների հետ մեր հարաբերություններում: Բազմաթիվ երկրներ պարզապես հրաժարվել են մեզ սպառազինություն և տեխնիկա վաճառել, և նման դիրքորոշման անկյունաքարային պատճառը եղել է այդ երկրների համոզմունքը, որ մենք ձեռք բերած սպառազինությունը և տեխնիկան կարող ենք օգտագործել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս:
Հիմա մենք չունենք հիմա նման սահմանափակումներ, և սրա պատճառն այն է, որ մենք բոլոր արտաքին հարաբերությունների հիմքում դնում ենք 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանության լեգիտիմ խնդիրը», - ընդգծեց վարչապետը:

Շարունակելով թեման՝ Փաշինյանը պնդեց, որ հենց լեգիտիմությունն է փոքրացնում պատերազմական վիճակում հայտնվելու հավանականությունը և, մյուս կողմից, հնարավորություն է տալիս էականորեն մեծացնել պաշտպանական կարողությունները. - «Որովհետև երբեք և ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել սեփական միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը պաշտպանելու որևէ պետության իրավունք: Եվ այս ըմբռնումը սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման հնարավորությունները, պաշտպանական տեխնոլոգիաների հասանելիությունը ավելացնում է անգամներով»:

Մարզահամերգայինը լեփ-լեցուն էր

Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովին, որն, ի դեպ, փակ էր լրագրողների համար, մասնակցում էին տարբեր նախարարությունների և պետական հիմնարկների աշխատակիցներ: Միջոցառմանը ներկա էին երկրի բարձրաստիճան գրեթե բոլոր պաշտոնյաները՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետերը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը և այլք:

Տարածված կադրերից երևում է, որ Մարզահամերգային համալիրը լեփ-լեցուն էր: «Ազատությանը» Մարզահամերգային համալիրի տնօրենը տեղեկացրեց, որ այսօրվա միջոցառումը նախատեսված էր 7.5 հազար մասնակցի համար:

Դիմելով պետական հիմնարկների աշխատակիցներին՝ Փաշինյանը շեշտեց, որ նրանք մի ընդհանուր գործ են անում, իսկ այդ գործի արդյունավետության համար մի կարևոր նախապայման կա՝ պետության մասին ռազմավարական ընդհանուր պատկերացումն ու գաղափարաբանությունը:

Ապա վարչապետը սահմանեց պետական ծառայողների մակրոնպատակը, այն է՝ ապահովել Հայաստանի հարատևությունը. - «Մեր նպատակն է, որ մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, որպես այդպիսին շարունակաբար գոյություն ունենա 50 տարի, 100 տարի, 150 տարի, 500 տարի, 1000 տարի և դրանից անդին»:

Կեսօրից մեկնարկած համաժողովին շտապող մասնակիցներից շատերն անկեղծորեն խոստովանում էին, որ տեղյակ չեն, թե ինչի համար են կանչվել Մարզահամերգային համալիր:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG