Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հեռախոսազրույցի արտահոսքը, հավանաբար, կազմակերպել է եվրոպական որևէ երկրի հետախուզական ծառայություն՝ ուկրաինական խնդրի հարցում Ուիթքոֆի ռուսամետ դիրքորոշման պատճառով, հայտնում է բրիտանական Guardian-ը՝ իր աղբյուրի հղումով:
Ըստ արտահոսքի, որը հրապարակել էր Bloomberg-ը, Ուիթքոֆը խորհուրդներ է տալիս Ուշակովին, թե ինչպես պետք է Վլադիմիր Պուտինը խոսի Դոնալդ Թրամփի հետ՝ ցույց տալու, որ Ռուսաստանը ցանկանում է խաղաղություն:
Թերթը նշում է, որ Bloomberg-ը ձեռք է բերել հեռախոսազրույցի ձայնագրությունը, ոչ թե սղագրությունը, ինչը վկայում է՝ դա տրամադրած աղբյուրը կա՛մ անձամբ մասնակցել է գաղտնալսմանը, կա՛մ այնպիսի բարձր պաշտոնի է, որ կարողացել է ձեռք բերել ձայնագրությունը:
Արտահոսքը Կիևում և Եվրոպայում մտահոգություններ է առաջացրել
Ուշակովը «Կոմերսանտ»-ին ասել է, որ զրույցների ժամանակ օգտվել է նաև WhatsApp հավելվածից, որտեղից էլ կարող էր գաղտնալսումն արված լինել: Նա բացառել է, որ արտահոսքը հեռախոսազրույցի մասնակիցներն արած լինեն:
«Երբեմն շփումները լինում են WhatsApp-ով, որոնք, ընդհանուր առմամբ, ինչ-որ մեկը կարող է, ենթադրաբար, լսել։ Անհավանական է, որ զրույցի մասնակիցները նման արտահոսք անեին», - ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
Արտահոսքը Կիևում և Եվրոպայում մտահոգություններ է առաջացրել, որ Ուիթքոֆը չափազանց ռուսամետ դիրքորոշում ունի, ինչը կարող է թուլացնել վստահությունը Վաշինգտոնի՝ որպես չեզոք միջնորդի նկատմամբ և ազդել բանակցությունների վրա: ԱՄՆ նախագահը, սակայն, ասել է, որ որևէ խնդիր չի տեսնում, դա բանակցային ստանդարտ գործընթաց է:
Politico-ն հայտնում է, որ Վաշինգտոնը մտադիր է նախ ապահովել խաղաղության պայմանագրի ստորագրումը և դրանից հետո միայն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ: Ըստ թերթի՝ այդ մասին եվրոպացի մի քանի դիվանագետների ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Ընդորում, Մարկո Ռուբիոն խոստացել է, որ ԱՄՆ նախագահն այնպիսի գործարք կկնքի, որը կապահովի Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգությունը։
New York Times-ն իր հերթին գրում է, որ ԱՄՆ նախագահի բանագնաց Դեն Դրիսկոլը եվրոպացի դաշնակիցներին ասել է, որ Ռուսաստանը հրթիռներ է կուտակում, որոնք կարող են օգտագործվել ինչպես Ուկրաինայի դեմ, այնպես էլ Ուկրաինայից դուրս հնարավոր հակամարտության ժամանակ: Ըստ թերթի՝ Դրիսկոլն այս սպառնալիքն օգտագործել է որպես փաստարկ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման համար։
Այս ֆոնին Եվրոպան շարունակում է պնդել, որ գործարքը պետք է անվտանգության ամուր երաշխիքներ տրամադրի Ուկրաինային: ԵՄ արտգործնախարարը հայտարարել է, որ ԵՄ-ի ներդրումն այս հարցում կլինի աջակցություն ուկրաինական պաշտպանական արդյունաբերությանը: Ռուսաստանը դեռ սպառնալիք է և պետք է քայլեր ձեռնարկել դրա դեմ, ասել է Կայա Կալասը:
«Եթե ուզում ենք կանխել այս պատերազմի շարունակությունը, ապա իրականում պետք է սահմանափակենք Ռուսաստանի բանակը և նրանց ռազմական բյուջեն։ Եթե ուզում ենք, որ սա այլևս չկրկնվի, չշարունակվի և ավելի չխորանա, մեզ պետք է արդար և տևական խաղաղություն», - հայտարարել է ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասը:
Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ խաղաղության նոր պլանով Ուկրաինային տարածքային միակողմանի զիջումներ չպետք է պարտադրվեն: Բորիս Պիստորիուսի խոսքով՝ Ուկրաինան պետք է պահպանի ինքնապաշտպանության իր կարողությունը, և դրա համար անհրաժեշտ են ուժեղ զինված ուժեր և անվտանգության հուսալի երաշխիքներ, կոնկրետ՝ ԱՄՆ-ի կողմից։ «Ուկրաինան չպետք է ստանա կեղծ խաղաղություն, որը հավասարազոր է կապիտուլյացիայի»,- հայտարարել է նա։
Նախագահ Զելենսկին իր հերթին երեկոյան ուղերձում դաշնակիցներին կոչ է արել շարունակել ֆինանսական ու ռազմական աջակցությունն Ուկրաինային, որպեսզի կարողանա դիմադրել ռուսական ագրեսիային: Զելենսկիի խոսքով. - «Խաղաղություն հաստատելու համար պետք է ճնշում գործադրել ոչ թե Ուկրաինայի, այլ Ռուսաստանի վրա, որը միակ պատճառն է, որ այս պատերազմը շարունակվում է»:
Շվեդիան Եվրամիությանը կոչ է արել անհապաղ սկսել պատժամիջոցների 20-րդ փաթեթի մշակումը՝ Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու համար: Արտգործնախարար Մարիա Մալմեր Ստեներգարդն ասել է, որ դրանք պետք է թիրախավորեն ինչպես էներգետիկ ոլորոտը, այնպես էլ ստվերային նավատորմը:
«Պատժամիջոցների 20-րդ փաթեթը պետք է ավելի ուժեղ հարվածի Ռուսաստանի էներգետիկ ոլորտի եկամուտներին, քանզի դրանք պատերազմի ֆինանսավորման հիմնական աղբյուրն են», - ասել է Շվեդիայի արտգործնախարարը: