Մատչելիության հղումներ

Կառավարությունից 3 մլրդ՝ Երևանի քաղաքապետարանին. ըստ ընդդիմադիր գործչի՝ տրանսպորտային բարեփոխումը տապալվել է


Երևանի քաղաքային ավտոբուսներ, արխիվ
Երևանի քաղաքային ավտոբուսներ, արխիվ

Կառավարությունն ավելի քան 3 միլիարդ դրամ կտրամադրի Երևանի քաղաքապետարանին՝ տրանսպորտի ուղեվարձի թերհավաքագրման պատճառով առաջացած բյուջետային ճեղքը փակելու և նոր տրոլեյբուսներ գնելու համար։ Գործադիրի այսօրվա նիստում որոշումն ընդունվեց առանց քննարկման, այն ներառված էր չզեկուցվող հարցերի շարքում:

«Ոնց որ Նիկոլ Փաշինյանը փակեց ԱՆԻՖ-ում Տիգրան Ավինյանի կառավարման խայտառակ ու ամոթալի հետևանքները, նույն տրամաբանությամբ էլ քաղաքապետարանում նրա կառավարման խայտառակ և ամոթալի հետևանքներն է ինքը փակում», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար
Մանուկ Սուքիասյանը:

Քաղաքապետարանը այս տարվա համար տրանսպորտի ուղեվարձից գոյացող 21.3 մլրդ դրամի եկամուտ էր ծրագրել ստանալ, սակայն այս գումարից 5.5 միլիարդի չափով թերհավաքագրում են կանխատեսում: Նոյեմբերի դրությամբ տրանսպորտից հավաքված գումարը կազմում է ավելի քանի 12 մլրդ դրամ: Հենց այս պակասն է, որ, ըստ քաղաքապետարանի, ֆինանսական դժվարություններ է առաջացնելու: Կառավարության որոշման մեջ նշված է՝ Երևանի քաղաքապետարանին դոտացիա է տրամադրվում այն ծախսերի համար, որոնք պետք է իրականացվեին տրանսպորտի ուղեվարձի եկամտից ստացված միջոցներով:

Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարի գնահատմամբ՝ այսպիսով արձանագրվում է, որ քաղաքային իշխանությունը տապալեց տրանսպորտային բարեփոխումների իր խոստումը:

«Նորմալ երկրներում, հաշվետու հասարակություններում նման կարգի ձախողման պարագայում քաղաքային իշխանությունը ներողություն է խնդրում, հրաժարական է տալիս ու գնում է իրենց տուն, իսկի չի էլ համարձակվում մյուս ընտրություններին մասնակցի: Իսկ էս մարդիկ ասում են՝ «հա ի՞նչ է եղել որ, ոչինչ, որ մեր մոտ ձախողվեց, կարևորը, որ Կառավարությունում պահուստային ֆոնդ կա, կարելի է էս ֆոնդի հաշվին ինչ-որ մարդկանց սխալ կամ հանցավոր կառավարման հետքերը փակել ու շարունակել շարժվել առաջ, կարծես ոչինչ չի եղել», - ընդգծեց Սուքիասյանը:

Տարեսկզբին միասնական տոմսային համակարգի ներդրումից մոտ երեք ամիս անց՝ մայիսին, քաղաքապետ Տիգրան Ավինյանը բարձրաձայնել էր տրանսպորտի ոլորտում միլիարդավոր դրամների թերհավաքագրումների մասին և զգուշացրել, որ այդ պատճառով ընթացիկ տարում չեն կարողանալու գնել պլանավորած 45 տրոլեյբուսներից առնվազն 30-ը։ Խնդրին փորձեցին լուծում տալ օրենսդրական փոփոխություններով. Ազգային ժողովն ընդունեց օրենք, որով հանրային տրանսպորտից օգտվելու դիմաց չվճարողների նկատմամբ վարչական տուգանքներ պետք է կիրառվեին: Հենց այդ օրերին Ավինյանը պնդում էր, թե հանրային տրանսպորտով անվճար երթևեկության ժամանակն ավարտվում է: Ամիսներ անց, սակայն, պարզվեց՝ քաղաքային իշխանության հաշվարկները արդյունք չտվեցին:

«Ակնհայտ է, որ նաև նախընտրական տարր է, իրենք գնում են հետքերը թաքցնելու և Կառավարության բյուջեից սեփական թիմակից կառավարիչների ապիկարությունը կոծկելու ճանապարհով՝ էլի քաղաքացու գրպանը մտնելով», - պնդեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարը:

Ինչո՞ւ չի հաջողվում քաղաքային իշխանությանը ապահովել ծրագրած ֆինանսական մուտքերը, և ի՞նչ են պատրաստվում անել առաջիկայում այս ուղղությամբ, այս հարցերի պատասխանները «Ազատություն»-ը փորձեց ստանալ Երևանի ավագանու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանից, բայց նա զանգերին չպատասխանեց:

Տրանսպորտում հսկողություն իրականացնելու և մարդկանց տուգանելու լիազորությունները վերապահված են Երևանի հասարակական կարգի պահպանության ծառայությանը: Մոտ վեց տասնյակ աշխատակից ունեցող ծառայության աշխատակիցներն օգոստոսից մինչ օրս 1180 քաղաքացու են տուգանել չվճարելու համար:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG