Մատչելիության հղումներ

Կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսաց ժողով է հրավիրում


Էջմիածնի Մայր Տաճարը, արխիվ
Էջմիածնի Մայր Տաճարը, արխիվ

Ամենայն Հայոց կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսաց ժողով է հրավիրում:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն՝ Գարեգին Երկրորդի տնօրինությամբ, «ի հետևումն նոյեմբերի 4-7-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում տեղի ունեցած քննարկումների, դեկտեմբերի 10-12-ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր»։

Նոյեմբերի 4-7-ը կայացած ժողովի արդյունքներով Մայր Աթոռի տարածած հաղորդագրության համաձայն՝ Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտել է «Եկեղեցու և եկեղեցականների իրավունքների նկատմամբ իրականացվող բացահայտ ապօրինի ոտնձգություններն ու ճնշումները»:

Նոյեմբերի 27-ին վարչապետի հետ հանդիպած ութ եպիսկոպոսներից և արքեպիսկոպոսներից մի քանիսի բացակայության պատճառով հաջորդ օրը տապալվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը այնուհետև հայտարարեց՝ դատապարտում են այդ կեցվածքը, բայցև կոչ անում եկեղեցականներին վերադառնալ կանոնական դաշտ, իրենց մտահոգություններն արծարծել եկեղեցու ներսում, չխաթարել եկեղեցու միաբանությունը:

Նույն օրերին արտահոսած հայտարարության մեջ 13 բարձրաստիճան հոգևորականներից ինը Ամենայն Հայոց կաթողիկոսին անվանել են «սրբապղծության հովանավոր»՝ կոչ անելով մյուս եպիսկոպոսներին միանալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «սրբապիղծ հոգևորականներից» և նրա մեղքը կիսողներից մաքրելու գործին։ Բարձրաստիճան հոգևորականները Գարեգին Երկրորդի վարքագիծը որակել են անհամատեղելի Հայ եկեղեցու կանոնների հետ։ Այդ մեղադրանքները Մայր Աթոռն անհիմն է որակել:

Հայտարարության հիմքում Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող անպարկեշտ տեսանյութն էր, որում, ըստ Քննչական կոմիտեի, փորձաքննությամբ հաստատվել է, որ արքեպիսկոպոսն է, սակայն բարձրաստիճան հոգևորականը դա հերքում է:

Նոյեմբերի 29-ին 10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ, նրանց թվում՝ վարչապետի հետ հանդիպմանը մասնակցածները, նոր հայտարարություն տարածեցին՝ կոչ անելով Գարեգին Երկրորդին կամովին հանգստյան գնալ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG