Երեկ Փարիզում հանդիպել են Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահները, Էմանյուել Մակրոնը և Վլադիմիր Զելենսկին նաև հեռախոսազրույց են ունեցել Կիևի դաշնակիցների հետ՝ քննարկելու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու ԱՄՆ ջանքերը:
Հեռախոսազրույցին մասնակցել են, մասնավորապես, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ինչպես նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և խաղաղության բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը:
Զելենսկու փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է նախօրեին Ֆլորիդայում կայացած ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների բովանդակությունը:
Մակրոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Զելենսկին հայտարարել է, որ բանակցություններում Կիևի առաջնահերթություններն են ինքնիշխանության պահպանումը և անվտանգության հուսալի երաշխիքների ապահովումը:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ տարածքային վեճերն ամենաբարդն են, և այդ հարցը ամերիկյան պատվիրակության հետ քննարկվել է վեց ժամից ավելի: Այդուհանդերձ, նրա խոսքով, Ֆլորիդայի հանդիպման արդյունքում խաղաղության ամերիկյան պլանն «ավելի լավ տեսք ունի»:
Զելենսկին հույս է հայտնել, որ կհանդիպի Միացյալ Նահանգների նախագաի Դոնալդ Թրամփի հետ Ուիթքոֆի Ռուսաստան այցից հետո. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հանդիպումը Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ այսօր է նախատեսված:
Ֆրանսիայի նախագահն ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ միայն Ուկրաինան կարող է որոշում կայացնել իր տարածքների վերաբերյալ Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններում: