Եվս քանի՞ տարի պետք կգա Մարտի 1-ի գործով մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա ենթակաների դատը ավարտին հասցնելու համար: Այն մեկնարկել է 7 տարի առաջ: Դատավոր Սարգիս Պետրոսյանն այսօր հերթական նիստում հայտարարեց՝ արհեստական բանականության միջոցով է ճշտել՝ ամեն շաբաթ պարտադիր նիստ նշանակելու դեպքում առնվազն երկուսուկես տարի կպահանջվի 112 տուժողներին ու 876 վկաներին քննելու և դատն ավարտելու համար:
«Այնուամենայնիվ, 876 վկա կհարցաքննվի, 112 տուժող կհարցաքննվի, և վերջնարդյունքում դատարանը կամ արդարացման, կամ մեղադրական վերդիկտ կկայացնի, բոլոր դեպքերում դատարանը պետք է դատական նիստերը կազմակերպի այնպես, որ ողջամիտ ժամկետում քրեական գործը քննենք և ավարտենք», - ասաց դատավորը:
2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով Ռոբերտ Քոչարյանն ու նրա երեք բարձրաստիճան ենթակաները չորս տարի առաջ արդարացվեցին: Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով երեք տարի դատվում էին նախկին նախագահը, այդ թվականի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն ու անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը:
Այդ հիմքով դատական առաջին ատյանն արդարացրեց բոլոր չորս մեղադրյալներին, մինչդեռ վերին՝ վճռաբեկ դատարանը բեկանեց և գործն ուղարկեց նոր քննության: Ու արդեն մեկ տարի առաջ հանրային մեղադրողը քրեական օրենսգրքի այլ հոդվածով դատավարությունը շարունակելու միջնորդություն է ներկայացրել: Եթե նախկինում Ռոբերտ Քոչարյանն ու նրա ենթակաները մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով, ապա այժմ իշխանական լիազորություններն անցնելու հոդվածով է դատախազությունն առաջարկում մեղադրել Ռոբերտ Քոչարյանին ու նրա երեք նախկին ենթականերին։
Մեկ տարի է անցել մեղադրանքի հոդվածը փոխելու դատախազության առաջարկից, բայց դատարանը դեռևս չի հաստատել կամ մերժել այս նոր մեղադրանքը: Այսօր դատավոր Սարգիս Պետրոսյանը թվարկեց այն պատճառները, որոնց հիմքով նիստերը ձգձգվում են, ու մեկ տարի անց դատարանը դեռ չի հասել դատաքննության փուլին՝ կա՛մ պաշտպանական կողմի պատճառով այն չի կայացել, կա՛մ դատախազին հարմար չի եղել, կա՛մ էլ մեղադրյալներից որևէ մեկը արտերկրում է եղել:
«Այսինքն՝ 19 դատական նիստից արդյունավետ դատալսումներ անցկացրել ենք 13 նիստով», - փաստեց նա:
Չնայած դեռ դատախազի ներկայացրած մեղադրանքը չի էլ հաստատվել, բայց այսօր դատավորն առաջարկեց՝ հունվարից առնվազն շաբաթական մեկ անգամ դատական նիստ նշանակել, որպեսզի գործը ողջամիտ ժամկետում ավարտվի: Սա կրքեր բորբոքեց պաշտպանական կողմի մոտ: Երկրորդ նախագահը հայտարարեց, որ դատավորները նույն կերպ ողջամիտ ժամկետներից չէին խոսում, երբ ինքը բանտում էր:
«Ես կալանքի տակ էի, դատավորը որոշեց, որ պլաստիկ ինչ-որ բաներ պիտի անի։ Ոչ մեկին դա չէր մտահոգում։ Երբ որ ես բանտում էի, երբ որ մի դատավորից մյուսին էին փոխանցում երկու, երկուսուկես, ոչ մեկին դա չէր մտահոգում: Իմ կաշվի վրա ես այս ամենը զգացել եմ», - ասաց նա։
Պաշտպաններն էլ հայտարարեցին, թե գործը դատաքննության փուլ չպետք է հասնի, քանի որ ըստ նրանց՝ մեղադրանքն ապօրինի է ու գործը պետք է կարճվեր դեռ 4 տարի առաջ:
Դատավորին մեղադրեցին ոչ օբյեկտիվ լինելու, իշխանությունների ազդեցությանը ենթարկվելու մեջ, ինչը Պետրոսյանը հերքեց: Նա նախկին դատական նիստերից մեկում հաստատել է, որ կարճ ժամանակով անդամակցել է «Քաղաքացիական պայմանագրին», բայց քաղաքական պաշտոններ չի զբաղեցրել:
Ի սկզբանե դատավարության բոլոր կողմերին պարզ է՝ այս նոր հոդվածով անցել են վաղեմության ժամկետները. դա նշանակում է, որ եթե անգամ դատարանը մեղավոր ճանաչի նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին, նրանք միևնույնն է՝ չեն ազատազրկվի: Դատարանը դեռ չի պարզել՝ Ռոբերտ Քոչարյանն ու նրա նախկին ենթակաները կհամաձայնեն վաղեմության ժամկետն անցնելու հիմքով դատական գործը կարճելուն, թե ոչ, բայց մեղադրյալներից որևէ մեկը չի ընդունում մեղքը: