Ութ բարձրաստիճան հոգևորականների ու վարչապետի երեկվա հանդիպումից հետո Էջմիածնում այսօր Գերագույն հոգևոր խորհրդի ժողով է գումարվում, «Ազատությանը» հայտնել են Մայր Աթոռից:
Մայր Աթոռը Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն մարմնի ժողովի մասին նախօրոք հայտարարություն չի արել, իսկ տեղեկատվական համակարգի տնօրենը ժամեր շարունակ չի պատասխանում մեր զանգերին: Չի հանրայնացվել նաև ժողովի օրակարգը, ենթադրվում է, որ ավարտին Մայր Աթոռը հայտարարություն կտարածի:
«Ազատության» աղբյուրն ասաց, որ ժողովին հրավիրված են Գերագույն հոգևոր խորհրդի բոլոր անդամները:
Արդյոք այս ժողովում քննարկվելո՞ւ է վարչապետի հետ հանդիպած եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների կարգալուծության հարցը, հոգևորականն ասաց՝ ինքը չի կարող ասել, քանի որ խորհրդի անդամ չէ:
Գերագույն հոգևոր խորհրդի անդամ են երեկ վարչապետի հետ հանդիպած ութ հոգևորականներից չորսը՝ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: