Նոր քրեական գործ Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ: Իրավապահները միջպետական հետախուզում են հայտարարել երկրից գործերով բացակայող Խաչատուրովի նկատմամբ: Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Խաչատուրովի նկատմամբ հանրային հետապնդում է հարուցվել օրերս՝ երկու հոդվածով: 48-ամյա գեներալ-մայորը մեղադրվում է կաշառք տալու և պատերազմի ժամանակ իշխանազանցության ու իշխանությունը չարաշահելու հոդվածներով: Թե կոնկրետ ինչ դրվագի մասին է խոսքը, իրավապահները չեն մանրամասնում:
Քննչականը գեներալին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը, սակայն, մերժվել է: Այսինքն՝ Հայաստան վերադառնալուց հետո նրան չեն ազատազրկի, բայց Գլխավոր դատախազությունը մտադիր է բողոքարկել այս որոշումը:
Աբսուրդ գործ է. փաստաբան
Գեներալ-մայորի փաստաբան Միհրան Պողոսյանն «Ազատությանը» միայն փոխանցեց՝ մեղադրանքն աբսուրդ է, բայց դեռևս փակագծեր չեն բացի, հետագա զարգացումներին ավելի ուշ կանդրադառնան:
Ուղիղ երկու տարի առաջ Խաչատուրովն ազատ էր արձակվել 9-ամսյա կալանքից մեկ այլ գործի շրջանակում:
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին մեղադրվում է նաև փողերի լվացման համար, մեղքը չի ընդունում: Նրա հետ մեղադրյալի աթոռին է նաև պաշտպանության նախկին նախարար, այժմ ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանը:
Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար գլխավոր դատախազը խորհրդարանում ներկայացրել էր այս քրեական գործի մանրամասները: Աննա Վարդապետյանը պնդել էր, թե ռազմական գերատեսչությունն 8 տարի ղեկավարած Օհանյանը իրավունք չուներ օտարել պետության գույքը, բայց դրանք փաստացի վաճառվել են զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովին շուկայականից մի քանի անգամ ցածր գնով՝ 4 միլիոն դրամով, իսկ վերջինս էլ դրանք բանկում գրավադրել է 18 միլիոնով։
«Չբացահայտելով իրական գնորդին՝ 2009 թվականի հունվարի 13-ին Արդարադատության նախարարության Կենտրոն նոտարական գրասենյակում Արմեն Հակոբյանի և Պաշտպանության նախարարության, թիվը չբացահայտեմ, զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ փոխկապակցված անձ Էդգար Արշակյանի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր», - հայտարարել էր Վարդապետյանը:
Գեներալ-մայորի փաստաբան Հակոբ Ենոքյանը, մինչդեռ, հակադարձել էր՝ Խաչատուրովը կապ չունի այս գործարքի հետ, նա պարզապես տեղեկացրել է այդ տարածքի բնակիչներին, թե «վաճառվող հողամաս կա, կարող եք գնել»։
«Հրամանատարին էդ տարածքի՝ Խաչատուրովին խնդրել են, ասել են՝ եթե էդ տարածաշրջանի բնակիչներից, գյուղից գնորդներ կլինեն էդ տարածքի, որովհետև ինքը սահմանամերձ է, մոտ է, ասենք, էդ համայնքին, մյուս հողերին, հողատարածքներին, տեղեկացնի՝ նաև ինքը իր միջոցներով տեղեկացնի, որ դա վաճառքի է, վաճառքի ենթակա է, «եկեք առեք», - ներկայացրել էր փաստաբանը:
Գեներալ-մայոր Խաչատուրովը 44-օրյա պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած մոտ չորս տասնյակ բարձրաստիճան զինվորականներից մեկն էր։ Այս պահանջից ամիսներ անց նրան ազատեցին Երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։
Մինչդեռ 2020 թվականի օգոստոսին՝ պատերազմից մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած տավուշյան մարտերի համար վարչապետի միջնորդությամբ Խաչատուրովը պարգևատրվել էր «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանով։
Մեղադրյալի աթոռին այլ գեներալներ էլ կան
Խաչատուրովը միակ բարձրաստիճան զինվորականը չէ, որ 44-օրյա պատերազմից հետո հայտնվել է իրավապահների թիրախում: Երկու ամիս առաջ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը չարդարացվեց նաև Վճռաբեկի կողմից և տեղափոխվեց բանտ:
Դատարանը 50-ամյա գեներալ-լեյտենանտին մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար և դատապարտել 5.5 տարվա ազատազրկման:
44-օրյա պատերազմի գործով մեղադրյալ է նաև Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը: Նա երեք տարի կալանքի տակ մնալուց հետո բանտից ազատվեց մեկ ամիս առաջ՝ տնային կալանքի տակ է: Արզումանյանն էլ մեղադրվում է Շուշիի պաշտպանության ընթացքում անփույթ վերաբերմունքի համար:
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը ևս մեղադրյալի աթոռին է: Ավելի քան երկու տարի դատարանում քննվող գործով 59-ամյա գեներալ-լեյտենանտն ու ևս երկու զինվորականներ մեղադրվում են անգործության համար, ինչի հետևանքով 40 զինվորականներ են սպանվել, 23-ն էլ մինչև հիմա անհետ կորած են:
Հաջորդ բարձրաստիճան մեղադրյալ զինվորականը Տիրան Խաչատրյանն է: Իրավապահները պնդում են, թե Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը 44-օրյա պատերազմի ընթացքում ձախողել է իրեն վստահված բնագծի պաշտպանությունը, ինչի հետևանքով ռազմավարական բարձունք է անցել հակառակորդին: Ըստ Քննչականի՝ գեներալն առաջադրանքը տապալել է հոկտեմբերի 7-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, բայց դրանից հետո՝ հոկտեմբերի 20-ին, գեներալը վարչապետի առաջարկությամբ արժանացել էր Ազգային հերոսի կոչման:
Մեղադրյալ գեներալներից ոչ մեկը մեղադրանքը չի ընդունում: Ու մինչ նրանց գործերն ավելանում են կամ շարունակում տարիներով քննվել, փակի տակ է մնում պատերազմի հանգամանքներն ուսումնասիրած խորհրդարանական հանձնաժողովի ծավալուն զեկույցը: Այն ուղարկվել է Ազգային ժողովի գաղտնի բաժին, դրան ծանոթանալու իրավունք շատ քչերն ունեն: