Մատչելիության հղումներ

Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ամերիկյան նոր ծրագրի նոր մանրամասներ են հրապարակվել


ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփ, Վլադիմիր Պուտին և Վլադիմիր Զելենսկի, կոլաժ
ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփ, Վլադիմիր Պուտին և Վլադիմիր Զելենսկի, կոլաժ

Արևմտյան լրատվամիջոցները նոր մանրամասներ են հայտնում Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ամերիկյան նոր ծրագրի մասին՝ պնդելով, որ դրանում հիմնականում շարադրված են Ռուսաստանի նախկին պահանջները:

Axios-ը գրում է, թե նոր ծրագրով ԱՄՆ-ն առաջարկում է, որ Ուկրաինան Դոնեցկը և Լուգանսկը հանձնի Ռուսաստանին, որոնք կդառնան ապառազմականացված գոտի: Վաշինգտոնը խոստանում է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան ռուսական տարածք կճանաչեն Ղրիմը, Դոնեցկն ու Լուգանսկը, սակայն Ուկրաինային չեն ստիպի անել նույնը: Զապորոժիեում և Խերսոնում առաջնագիծը կսառեցվի՝ Ռուսաստանի կողմից որոշ տարածքներ զիջելու հեռանկարով: Թե ինչ տարածքներ, չի նշվում: Ուկրաինան նաև պետք է կիսով չափ կրճատի բանակը:

Բոլոր զիջումների դիմաց Վաշինգտոնն անվտանգության երաշխիքներ է առաջարկում Ուկրաինային և Եվրոպային, թե կոնկրետ ինչ, հասկանալի չէ։ Սակայն Կիևը, ըստ Axios-ի, որևէ գրավոր առաջարկ չի ստացել և բազմաթիվ առարկություններ ունի:

Financial Times-ն էլ նշում է, որ ծրագրով պետք է արգելվի օտարերկրյա զորքերի տեղակայումն Ուկրաինայում, կրճատվի ԱՄՆ ռազմական օգնությունը, ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տրվի Ուկրաինայում և օրինական ճանաչվի Ռուս ուղղափառ եկեղեցու գործունեությունը:

Ըստ պարբերականի՝ ծրագրին ծանոթացած ուկրաինացի պաշտոնյաներն ասել են, որ ամերիկյան այս պլանը հիմնականում շարադրում է Մոսկվայի առավելապաշտական պահանջները և առանց էական փոփոխությունների անընդունելի է Կիևի համար։

«Ուկրաինացիների և եվրոպացիների մասնակցությունը պարտադիր է»

Պատերազմը դադարեցնելու ցանկացած ծրագրի դեպքում պարտադիր է ուկրաինացիների և եվրոպացիների մասնակցությունը, Բրյուսելում Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ այսօր հայտարարել է ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասը:

«Մենք՝ եվրոպացիներս, միշտ աջակցել ենք երկարատև և արդար խաղաղությանը և ողջունում ենք դրան հասնելու ցանկացած ջանք։ Ցանկացած ծրագրի իրականացման համար, իհարկե, անհրաժեշտ է ուկրաինացիների և եվրոպացիների մասնակցությունը։ Այնպես որ, սա շատ հստակ է», - ասել է Կալլասը:

Ֆրանսիայի արտգործնախարարն էլ անընդունելի է համարել որևէ լուծում, որով Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի: Առաջին քայլը, Ժան-Նոել Բարոյի խոսքով, պետք է լինի հրադադարը, որին Ուկրաինան պատրաստ է, Ռուսաստանը՝ ոչ:

«Մենք արդար խաղաղություն ենք ուզում, որը հարգում է բոլորի ինքնիշխանությունը, և երկարատև խաղաղություն, որին ապագայում որևէ ագրեսիա չի սպառնա: Սակայն խաղաղությունը չի կարող նշանակել կապիտուլյացիա», - պնդել է Բարոն:

Գերմանիայի արտգործնախարարն, իր հերթին, հայտարարել է, որ Ուկրաինային վերաբերող հարցերը կարող են քննարկվել և իրականացվել միայն Ուկրաինայի հետ բանակցությությունների միջոցով: Եվրոպան նույնպես պետք է մասնակից լինի, քանզի Եվրոպայի անվտանգության հարցը ևս սեղանին է:

«Եվ պետք է հստակ լինի, որ Ուկրաինան կարող է պահպանել իր ինքնիշխանությունը՝ անկախ տարածքային շրջանակից։ Բանակցությունները պետք է վարվեն հավասար պայմաններով, և դա կարևոր է ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի համար», - ընդգծել է Յոհան Վադեֆուլը:

Wall Street Journal-ը գրում է, որ եվրոպացի պաշտոնյաները հիմա օգտագործելու են Վաշինգտոնում իրենց կապերը՝ փորձելով համոզել Թրամփի վարչակազմին, որպեսզի չանեն առաջարկներ, որոնք, ըստ նրանց, չափազանց բարենպաստ են Ռուսաստանի համար:

Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ հիմա շփումներ կան, սակայն քննարկվող ծրագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում։ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ցանկացած ծրագիր պետք է վերացնի հակամարտության ծագման գլխավոր պատճառները:

«Ռուսաստանը բաց է մնում խաղաղ կարգավորման համար։ Կարգավորումը պետք է հանգեցնի այս հակամարտության արմատական պատճառների վերացմանը։ Ահա թե ինչ ենք միշտ ասում», - նշել է Պեսկովը:

Ուկրաինան և Ռուսաստանը պետք է համաձայնեն դժվար, բայց անհրաժեշտ զիջումների. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղարը սոցցանցում գրել է, որ երկարատև խաղաղության հասնելու համար Ուկրաինան և Ռուսաստանը պետք է համաձայնեն «դժվար, բայց անհրաժեշտ» զիջումների: Մարկո Ռուբիոյի խոսքով՝ դրա համար ԱՄՆ-ը մշակում է և կշարունակի մշակել պատերազմը ավարտելու հնարավոր գաղափարների ցանկ՝ հիմնվելով երկու կողմերի կարծիքների վրա:

Կիևում է գտնվում ԱՄՆ բանակի նախարար Դենիել Դրիսկոլի գլխավորած պատվիրակությունը, որի հետ նախագահ Զելենսկիի հանդիպումը նախատեսված է այսօր ավելի ուշ: "РБК-Украина"-ի աղբյուրն ասել է, որ ամերիկյան պատվիրակությունը փորձելու է ճնշում գործադրել Զելենսկիի վրա, որպեսզի նա համաձայնի խաղաղության այս ծրագրին: «Այնուհետև նրանք, հավանաբար, այս մասին կխոսեն ռուսների հետ», - նշել է աղբյուրը։

Այս ֆոնին Ռուսաստանն ու Ուկրաինան այսօր դիերի փոխանակում են արել: Ռուսական կողմը Ուկրաինային է փոխանցել է 1000, ուկրաինական կողմը՝ 30 զինծառայողի դի:

Հարվածները, սակայն, չեն դադարել: Ռուսական զինուժը հարվածել է Ուկրաինայի արևմտյան շրջանների էներգետիկ ենթակառուցվածքներին, ավելի քան 400 հազար մարդ առանց էլեկտրաէներգիայի է մնացել: Ուկրաինական զինուժն, իր հերթին, հարվածել է Ռյազանի և Իլսկիի նավթավերամշակման գործարաններին:

Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները վերսկսելու հարցը Անկարայում քննարկել են Զելենսկին և Էրդողանը

Ուկրաինայի և Թուրքիայի նախագահները երեկ Անկարայում քննարկել էին Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները վերսկսելու հարցը՝ վերջ դնելու արդեն չորրորդ տարին ընթացող արյունալի պատերազմին:

Ռեջեփ Էրդողանն ասել է՝ Ստամբուլի գործընթացը կարևոր է խնդրի խաղաղ կարգավորման համար, և պատրաստ են Մոսկվայի հետ քննարկել առաջարկներ, որոնք կարող են տանել խաղաղության։

«Կարծում ենք՝ օգտակար կլինի վերաակտիվացնել Ստամբուլի գործընթացը՝ ավելի համապարփակ մոտեցմամբ, որը կլուծի սրված խնդիրները», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ քննարկել են իրավիճակը դիվանագիտական ճակատում և ամեն ինչ անում են՝ հասնելու արժանապատիվ խաղաղության: Նաև ցանկանում են մինչև տարվա վերջ վերսկսել գերիների փոխանակման գործընթացը:

«Փորձում ենք ապահովել, որ բոլոր ջանքերն ուղղված լինեն կոնկրետ խաղաղությանը՝ արդար խաղաղությանը և երաշխավորված անվտանգությանը։ Պատերազմը պետք է ավարտվի, խաղաղությանն այլընտրանք չկա», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Նախագահները, սակայն, չեն անդրադարձել խաղաղության ամերիկյան նոր պլանին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG