Ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր են քննարկել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Եգիպտոսի ռազմարդյունաբերության պետնախարար Մուհամմադ Սալահ ալ-Դին Մուստաֆան այսօր Կահիրեում կայացած հանդիպման ժամանակ:
Պաշտպանության նախարարության լրատվականի փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել են նաև Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը:
Պապիկյանը կիրակի օրն է ժամանել Եգիպտոս, որտեղ երեկ մասնակցել է «EDEX 2025» միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, հանդիպել է Եգիպտոսի պաշտպանության նախարար, գեներալ Աբդել Մագիդ Սակրի հետ: Երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները, անդրադարձել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի: