Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե իր կառավարման օրոք Հայաստանի պետական պարտքը գրեթե կրկնապատկվել է, որովհետև զենք են գնել. - «Զենք ենք առել»: Իսկ վարկեր վերցրել են կորոնավիրուսի համավարակից պաշտպանվելու համար. - «Վարկ ենք վերցրել, որ երկիրը կովիդը հաղթահարի պատերազմի ժամանակ»:
Անցնող վեց տարիներին Հայաստանի պետական պարտքն աճել է հիմնականում ներքինի, ավելի կոնկրետ՝ գանձապետական պարտատոմսերի թողարկման հաշվին. եթե 2017 թվականի ավարտին Հայաստանի այս գծով պարտքը 606 միլիարդ դրամ էր կազմում, ապա այս տարվա հոկտեմբերի տվյալներով այն 2.7 տրիլիոն դրամի կամ մոտ 7.2 միլիարդ դոլարի է հասել, այսինքն՝ 2018-ից ի վեր միայն երկրի ներսում վերցված պարտքի ծավալը մեծացել է ավելի քան չորս անգամ: Չոր հաշվարկով՝ Հայաստանի բնակիչներից յուրաքանչյուրին պետությունը միջինը 2 հազար 400 դոլար է պարտք:
Ընդդիմադիրների գլխավոր հարցադրումներից է՝ ի՞նչ է արվել այս գումարով. - «Դուք գրեթե 8 միլիարդ պարտք ավելացնելով մեր ապագա սերունդների ուսերին՝ մի ռազմավարական նշանակության օբյեկտ չեք կառուցել, ատոմակայան չեք կառուցել, ռազմավարական, ստրատեգիական նշանակության ենթակառուցվածք չեք կառուցել, երկաթգիծ»:
Զենք գնելու ու կորոնավիրուսի դեմ պայքարելու մասին պնդումները վարչապետն արեց պետական բյուջեի խորհրդարանական քննարկումների ընթացքում: Այլ պարզաբանումներ չեղան, Նիկոլ Փաշինյանը ոչ հստակեցրեց, թե կոնկրետ որքան պարտք են վերցրել այս նպատակների համար, ոչ էլ պարզաբանեց, թե կոնկրետ երբ:
«Պարտքով ե՞նք զենք առել, այո, պարտքով ենք զենք առել, ինչի՞՝ որովհետև շատ ա պետք էղել ու միանգամից: Չեք հավատո՞ւմ, իրավունք ունեք: Ասում եմ՝ էկեք տանենք ցույց տանք, էկեք տանենք ցույց տանք, կարանք գնապիտակներն էլ վրից կպցնենք», - հայտարարեց վարչապետը:
Պետական պարտքի մասին պաշտոնական զեկույցները, Կառավարության որոշումներն ու պետական տարբեր կառույցների հաշվետվությունները, մինչդեռ, վկայում են՝ վարչապետի պնդումները այնքան էլ ճիշտ չեն, քանի որ անցնող տարիներին Հայաստանը ֆինանսական նոր պարտավորություններ է ստանձնել նաև այլ նպատակների համար, օրինակ՝ ամիսներ առաջ Հայաստանը միանգամից 750 միլիոն դոլար արտաքին պարտք վերցրեց, որը հիմնականում ուղղվեց նախորդի մարմանը:
2024-ի սեպտեմբերին գործադիրը հավանություն տվեց առողջության համապարփակ ապահովագրության ներդրման համար Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 102 միլիոն եվրո վարկ վերցնելու նախագծին, Ասիական զարգացման բանկից վերցրած 88.5 միլիոն դոլարով այժմ իրականացվում է սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը, նոր դպրոցներ են կառուցվում, 30 միլիոն դոլարի վարկային միջոցներով մեկ այլ սոցիալական ծրագիր է իրականացվում, ևս 70 միլիոնով ենթակառուցվածքներ պետք է զարգացնել, այս ցանկը շարունակելի է:
Եթե պարզ՝ Հայաստանը միայն զենք գնելու համար չէ, որ պարտք է վերցնում, հարյուր միլիոնավոր դոլարներ ուղղվում են տարբեր ծրագրերի:
Իսկ թե կոնկրետ ինչի վրա է ծախսվել հայաստանցի ռեզիդենտներից վերցված պարտքը, հաշվետվություններից պարզ չէ, թողարկված պարտատոմսերով ֆինանսավորում են պետական բյուջեի պակասուրդը, մարում նախկին պարտավորությունները:
Այս տարվա ընթացքում Կառավարությունն արդեն մոտ 700 միլիոն միլիոն դոլարի գանձապետական պարտատոմսեր է թողարկել, այսինքն՝ հայաստանցիներից այդքան պարտք վերցրել: Անցած տարի բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար ռեզիդենտներից շուրջ 1 միլիարդ դոլար են վերցրել, 2023-ին՝ ավելի քան 900 միլիոն դոլար, 22-ին՝ 650 մլն, 21-ին՝ 625 մլն, 20-ին՝ 780 մլն:
2020-ին նախորդող թվերը անհամեմատ ավելի փոքր են:
Վարչապետ Փաշինյանի հայտարարությունը ենթադրում է, որ անցնող այս տարիներին պետական բյուջեի ամբողջ պակասուրդը միայն ռազմական ծախսերով է պայմանավորվել, մինչդեռ Հայաստանում ևս 11 նախարարություն կա, սրան գումարվում են պետական մյուս բոլոր կառույցները, օրինակ՝ միայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսավորումը զգալիորեն է գերազանցում պաշտպանական ծախսերը: Սոցապահովության ոլորտի ֆինանսական բեռը ավելի մեծ է, քան մյուսներինը:
Հաջորդ տարի Կառավարությունը նախատեսում է ևս 1.4 միլիարդ դոլար պարտք վերցնել դեֆիցիտը ծածկելու համար: