Պետությունը «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հետագա կառավարման վերաբերյալ երկու տարբերակ ունի, այսօր ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ուղիղ եթերում հեռարձակված հանդիպմանը վարչապետը հիշեցրեց, որ առաջին տարբերակն է՝ սահմանված օրինական ընթացակարգերով ՀԷՑ-ն ամբողջությամբ դարձնել պետական սեփականություն, որից հետո հրավիրել ոլորտի պրոֆեսիոնալ կառավարիչ:
«Այսինքն՝ կոնցեսիոն սկզբունք, լինում է պետական սեփականությունը և կառավարվում է պրոֆեսիոնալ ընկերության կողմից, իհարկե կառավարության վերահսկողության ներքո», - նշեց Փաշինյանը:
Երկրորդ տարբերակը նոր ներդրող գտնելն է: Սա կկիրառվի այն դեպքում, եթե հնարավոր չլինի առաջինը: Վարչապետը նշեց, որ այնուամենայնիվ ընկերությունը վերցնելու համար պետք է վճարեն: Փաշինյանը, սակայն, հավելեց՝ ինքն առաջին տարբերակին է կողմնակից:
Հանդիպման առաջին հատվածում Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրեց, իր պնդմամբ, խախտումներ, որոնք կատարվել են ՀԷՑ-ում նախկին ղեկավարների ժամանակ, այդ թվում՝ հավելագրումներ, արևային կայաններից ինքնավար էլեկտրաարտադրողների արտադրած էներգիայի թերգրանցում և այլն, որոնք Փաշինյանը, ըստ էության, որակեց «փողերի լվացում»:
Պետրոսյանը նաև պնդեց, թե ջնջվել է ՀԷՑ-ի 2018-24թթ. նոյեմբեր ամիսն ընկած ամբողջ տվյալների բազան:
ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը, մինչդեռ, ավելի վաղ հակադարձելով ՀԾԿՀ նախագահին, ասել էր, որ իր՝ ընկերությունում աշխատանքի անցնելուց հետո այս տվյալները վերականգնվել են: Փաշինյան-Պետրոսյան քննարկմանն էլ այսօր անդրադառնալով՝ նշել է, որ Փաշինյանը «փորձում էր ներկայացնել ՀԷՑ-ը խլելու համար հիմնավորումներ»։ Կարապետյանը նաև շեշտել է, որ Փաշինյանը «մարդկանց վարկաբեկելու լավ մասնագետ է», բայց դրույթների մեջ չի խորանում՝ խոստանալով ներկայացված կետերին անդրադառնալ ավելի ուշ:
ՀԷՑ-ը լիցենզիայից զրկվեց նոյեմբերի 17-ին: Ընկերության սեփականատեր «Տաշիր կապիտալի» ղեկավար Կարապետյաններն ու Կառավարությունն օրենքով երեք ամիս ժամանակ ունեն բանակցությունների համար: Այս ընթացքում կողմերը կարող են պայմանավորվել ընկերության վաճառքի շուրջ, եթե համաձայնության չգան, գործադիրը կարող է գնալ հանրային գերակա շահ ճանաչելու ճանապարհով, որն էլ առանց համապատասխան փոխհատուցման չի կարող իրականացվել: Այն կարող է մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնել. անկախ աուդիտորական եզրակացությամբ անցած տարեվերջին ՀԷՑ-ի սեփական կապիտալը մոտ 360 միլիոն դոլար է գնահատվել՝ չհաշված մի քանի հարյուր միլիոնի հասնող պարտավորությունները:
«Տաշիր կապիտալից» դեռ չեն արձագանքել ՀԷՑ-ի վերաբերյալ այսօր արված հայտարարություններին: Ավելի վաղ, սակայն, ՀԷՑ-ի տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը տեղի ունեցողն անվանել էր քաղաքական քինախնդրություն:
Վարչապետը միլիարդատեր Սամվել Կարապետյանի ձերբակալությանը զուգահեռ հայտարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցերն» ազգայնացնելու մասին:
Նարեկ Կարապետյանը նախօրեին ասել է, որ ՀԷՑ-ն իշխանություններին պետք է, որպեսզի դառնա Քաջարանի պղնձամոլիբդենայինի պես «ՔՊ-ն ֆինանսավորող ևս մեկ կառույց», որը ընտրությունների ժամանակ որպես գործիք կօգտագործվի։